Մենք կդադարեցնենք բոլոր պատերազմները, նույնիսկ նրանք, որոնք չեն սկսվել՝ այս մասին երդմնակալությունից հետո իր ելույթում ասել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Իհարկե, այս խոսքերը նորություն չեն, դրանք անընդհատ կրկնվել են անցած տարի՝ նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում, և համոզված եմ, որ այս նարատիվը էական նշանակություն ունեցավ Թրամփի հաղթանակի գործում : Շատ ծիծաղելի էին հայաստանյան տնաբույծ, ուլտրաարևմտամետ և հակառուս «քաղաքագիտունների» հրապարակային բոցաշունչ եզրահանգումները, որոնց համաձայն, Թրամփի շանսերը հաղթանակի հասնելու գործում հավասար են զրոյի: Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, և ես խոսքի ազատության ու դրա իրավունքի կողմնակից եմ: Ցավալին այն է, որ նման պատասխանատու և քաղաքական-պետական կարևորության իրադարձությունների հրապարակային լուսաբանմանը նպատակուղղված հեռուստատեսության հաղորդումները անցած ամբողջ տարում գրավել էին վերը նշված «քաղաքագիտունները», որոնք հիմա էլ շարունակում են իրենց «փայլուն» մեդիա-շքերթը: Իրականում պարկեշտությունը պահանջում է, որ նրանք գոնե մի որոշ ժամանակ չերևան մեդիա-դաշտում: Վերադառնանք պատերազմները դադարեցնելու ԱՄՆ-ի նոր նախագահի ռազմավարությանը: Եթե նա հաջողի այս գործում, ապա դա կդառնա նոր միջազգային հարաբերությունների համակարգի ձևավորման լուրջ ազդակ: Առաջին հերթին կփոխվի Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռանկյունում ուժերի փոխհարաբերությունը: Ազատվելով պատերազմի բեռից՝ Մոսկվան ավելի կոշտ կսկսի գործել հետխորհրդային տարածքում, և կվերականգնվի մի փոքր խարխլված հավասարությունը Պեկինի հետ հարաբերություններում: Եթե պատերազմի դադարեցմանն ուղեկցի պատժամիջոցների վերացումն ու կրճատումը, կնվազի այն երկրների նշանակությունը, որոնք անհրաժեշտ էին ռուսներին պատժամիջոցները շրջանցելու և դրանց հետևանքները վերացնելու համար: Բացառված չէ «նոր Յալթան», որի մի կողմում կլինի Հավաքական Արևմուտքը, մյուս կողմում՝ ՌԴ-ՉԺՀ տանդեմը: Սա,, իհարկե, զգալիորեն կտարբերվի նախորդ՝ Յալթա-Պոտսդամյան դասական երկբևեռ աշխարհակարգից, որովհետև բևեռները, ինչպես տեսնում եք, բաղկացած կլինեն երկու համաշխարհային ուժային կենտրոնների միությունից: Կանխատեսելի են նաև նոր վերադասավորումներ Մերձավոր Արևելքում և ասիական տարածաշրջաններում: Անխուսափելի է նաև այստեղ նոր բաժանարար գծերով ազդեցության ոլորտների առաջացումը: Թերևս, այստեղ թարմ իրողություն է ՌԴ-Իրան առանցքի ձևավորումը, եթե այն կայանա այնպես, ինչպես նախատեսվում է հունվարի 17-ի ռազմավարական համաձայնագրով: Կոնկրետ հարավկովկասյան հանրապետությունների ապագա քաղաքական և տնտեսական զարգացումները կորոշվեն ազդեցության գոտիների նոր վերաբաժանումներով:
Գարիկ Քեռյան