Եկեք մեկ անգամ ևս ասենք, որ ինչ-որ բան հասկանալն ու այդ հասկացածի հիման վրա որևէ բան կառավարելը սկզբունքորեն տարբեր բաներ են։
Քննելով ու դիտարկելով հաջողված պետականություն ու բարձրորակ կյանք ունեցող տարբեր երկրների օրինակները՝ կարելի է հանգել մի եզրակացության. իդեալական դեպքում մարդկանց բնույթն ու հարաբերությունները ինչպիսին պետք է լինեն, պետական կարգն ինպիսին պետք է լինի և այլն։
Բայց դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե գործը դրանով ավարտվեց, քանի որ մենք արդեն հասկացել ենք, թե լավը որն է, և վատը որն է։
Բանն այն է, որ որևէ բան հասկանալը դրա կիրառման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։
Դրան խանգարում է մարդկանց հատկությունների դժվար կառավարելիությունն ու պետական կառուցվածքի և իշխանությունների դժվար փոխվելը, ըստ այդմ էլ, ամբողջ գործի իրականացվող չլինելը։
Մասնավորապես, տեղից վեր կացողը խոսում է մեր մարդկանց փոխելու ու ավելի լավացնելու անհրաժեշտության մասին, որն իրական ժամանակում բացարձակապես անիրագործելի բան է։
Նախանձելի համառությամբ բռնել ենք անկառավարելի բանի պոչն ու ուզում ենք այն կառավարել, այնինչ, պետք է լուծումներ փնտրել, հաշվի նստելով այն հանգամանքի հետ, որ մեր մարդիկ կարճ ժամանակում փոփոխության ենթակա չեն, եթե ընդհանրապես ենթակա են վերափոխման։
Այսինքն, եթե նպատակը ամուր պետականությունն է ու լավ ապրելը կամ էլ, առնվազն, գոյություն քարշ տալը, ապա դրան հասնելու համար պետք է ուրիշ, ավելի կառավարելի ճանապարհներ փնտրել։
Եվ ինչպես մյուս բոլոր խնդիրները, այս մեր խնդիրն էլ կարող է որևէ ընդունելի լուծում չունենալ, ինչպես եղել է մի քանի հազար տարի։
Նման բաների մասին հետևողականորեն և տրամաբանորեն խոսելուն խանգարում է մեր բացարձակ անհասկանալի անլրջությունը։
Կեղծ իմաստուն խաղալով ու՞ր ենք հասնելու։
Պավել Բարսեղյան