Վերջին տարիներին արհեստական բանականության մասին խոսում են բոլորը։ Այն զարգանում է գլխապտույտ արագությամբ ու արդեն մտել է մեր առօրյա՝ դասարանից մինչև գործարան։ Բայց մի հարց կա, որ հաճախ մնում է լուսանցքում.
Ո՞ւմ է իրականում ծառայելու այս տեխնոլոգիան։ Ձեզ, ինձ, թե՞ միայն մի բուռ մարդու։
ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսը զգուշացնում է. եթե AI-ի զարգացումը թողնենք ինքնահոսի, միլիոնավոր մարդիկ կարող են մնալ առանց աշխատանքի։ Վարորդներից մինչև հաշվապահներ, դիզայներներից մինչև գործարանի բանվորներ՝ շատ մասնագիտություններում մարդուն արդեն փոխարինում է մեքենան։
Եվ այստեղ ծագում է երկրորդ հարցը. Ո՞վ է դրանից շահելու։
Այսօր պատասխանը պարզ է. հիմնականում մեծ ընկերություններն ու ամենահարուստները։ Նրանց համար AI-ը նշանակում է պարզ բանաձև. ավելի քիչ աշխատող + ավելի քիչ ծախս = ավելի շատ շահույթ։
Բայց մի պահ կանգ առնենք։ Եթե տեխնոլոգիան առաջ է գնում, մի՞թե դրա նպատակը չպետք է լինի բոլորի կյանքը լավացնելը, ոչ թե միայն մի քանիսինը։
Պատկերացրեք. եթե մեքենաները ավելի արագ ու արդյունավետ են աշխատում, ինչո՞ւ այդ օգուտը չպիտի զգա նաև հասարակ աշխատողը.
- Ինչո՞ւ չունենանք 4-օրյա աշխատանքային շաբաթ՝ նույն աշխատավարձով։
- Ինչո՞ւ վտանգավոր գործերը չթողնենք ռոբոտներին, իսկ մարդը զբաղվի ստեղծագործ աշխատանքով։
- Ինչո՞ւ AI-ի բերած շահույթը չուղղենք կրթությանը, առողջապահությանը, արժանապատիվ կյանքին։
Սա պայքար չէ տեխնոլոգիայի դեմ։ Տեխնոլոգիան գործիք է։ Սա պայքար է արդարության համար։ Պայքար այն բանի համար, թե ով է որոշելու՝ ինչպես կօգտագործվի այդ գործիքը։
Արհեստական բանականությունը պետք է ծառայի մարդուն։ Բոլոր մարդկանց։
Եվ եթե մենք դա չպահանջենք այսօր, վաղը ո՞վ է լսելու մեր ձայնը։ Ի՞նչ ապագա ենք ուզում թողնել մեր երեխաներին։
Ի՞նչ ես կարծում դու։
Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ