Մի փոքր ոչ հաճելի, բայց հանրահայտ ճշմարտություն՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ ծավալված դիսկուրսի հետ կապված: Եթե դիտարկենք տարբեր տարածաշրջաններում ներքին էթնոքաղաքական կամ փոքր և միջին քաշային կարգի պետությունների միջև եղած հակամարտությունների պատմությունը, ապա պարզ կերևա, որ դրանց լուծումը կամ չլուծումն ու շարունակումը, մեծամասամբ, կախված է տվյալ տարածաշրջանի ուժային կենտրոնների դիրքորոշումներից և նրանց շահերից: Իհարկե, եթե այդ լուծումները որոշակի մարտահրավերներ են պարունակում գլոբալ կշիռ ունեցող գերտերությունների համար, նրանք ևս միջամտում են՝ իրենց շահն ապահովելու նպատակով: Այլ կերպ չի էլ կարող լինել, սա աքսիոմա է, հաստատված իրողություն:
Հիմա, այս անքննելի ճշմարտությունից ելնելով, դիտարկենք «խաղաղության պայմանագրի» շուրջ դիսկուրսը:
Ելնելով ԵՄ-ի և նրա առաջատար պետությունների մայրաքաղաքներից հնչող «շնորհավորանքներից»՝ կարելի է կռահել, որ նրանք մի կողմ են քաշվում, նվազեցնում են ակտիվությունը ուկրաինական ճակատում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակի պայմաններում: Ամեն ինչ հասկանալի է, շուտով իրենց դիտորդներին հետ կկանչեն և կրկին կշնորհավորեն՝ նշելով իրենց «վճռորոշ և հաղթական» խաղաղարար առաքելությունը: ԱՄՆ-ը ևս ուկրաինական բեռի տակ է, գումարած Իրանի և Գազայի հատվածի խնդիրները, առանձնակի շահագրգռվածություն Վաշինգտոնից չի զգացվում, իսկ ՀՀ հետ կնքված «ռազմավարական հզոր» փասթաթուղթը, կարծես, դարակում փոշոտվում է: Չինաստանի արտաքին քաղաքական քայլերը լրիվ տեղավորվում են տնտեսական ծավալման տրամաբանության մեջ, և նույնը նաև մյուս կենտրոններին է վերաբերվում:
Բոլորովին այլ է ռեգիոնալ դերակատարների պարագայում: Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի գոտում է ՀՀ-Ադրբեջան «խաղաղոըթյան պայմանագրի» խնդիրը: Այդ պայմանագիրը դեռ չի կնքվել, ե՞րբ կկնքվի, ի՞նչ տեքստային փոփոխություններով, ինչպե՞ս կընթանան վավերացման գործընթացները Երևանում և Բաքվում, արդյո՞ք ՌԴ-Արևմուտք կոշտ հակամարտության ընթացքը և Ուկրաինա-Թուրքիա նոր մերձեցման նախանշանները (նայեք Զելենսկու լուսանկարը Անկարայում՝ Էրդողանի անձրևանոցի տակ) չեն ազդի այս «խաղաղության պայմանագրի» ճակատագրի վրա:
Հարցերի շարանը կարելի է շարունակել՝ հատկապես նկատի ունենալով կոմունիկացիաների, Սահմանադրության, հավանական իշխանափոխության խնդիրները և Բաքվից հնչող նոր պահանջները: Հավանաբար, բուն պայմանագրի կնքումը կձգձգվի, կքննարկվեն տեղը, ժամանակը, պայմանները և այլն: Իմ համոզմամբ՝ կկնքվի, երբ Ադրբեջանը «կանաչ լույս» ստանա Անկարայից, Հայաստանն էլ՝ Մոսկվայից ու Թեհրանից: Այլ կերպ չի կարող լինել, տրամաբանական չէ:
Գարիկ Քեռյան