Տան տանիքը ես ծածկել եմ տաք բառերով,
առաստաղից ես կախել եմ մի գոյական,
պատուհանին ածականի խումբ եմ շարել,
շեմին՝ բայեր, իսկ այգու մեջ՝ մի թվական:
Ամեն գիշեր առաստաղից բառեր թափվեց,
հագուստներս բառ-հեղեղի նախշեր ունեն,
բառը հագած այգաբացը լուռ նվագեց,
իսկ այգու մեջ ճոխ շարվեցին տարբեր գույներ:
Ինչքան ասես ես դեռ կապրեմ բառերի մեջ,
նախշերի մեջ ես կորել եմ, ասես չկամ,
մի գոյական ասաց՝ ես էլ գույն եմ հագել,
ինձ ուղեկցեց զարմանալի մի թվական:
Հիմա ո՞վ է ապրում այսպես արքայաբար,
դռներից դուրս, դռներից ներս հեքիաթային,
ո՞վ է կրում այսքան գույներ ու շարական,
ո՞վ ունի տուն՝ այսքան նուրբ ու դրախտային:
Տան տանիքը ես ծածկել եմ տաք բառերով,
առաստաղից ես կախել եմ մի գոյական,
պատուհանին ածականի խումբ եմ շարել,
շեմին՝ բայեր, իսկ այգու մեջ՝ մի թվական:
Նորայր Գրիգորյան