ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Բոլոր նրանց, ովքեր ունեն մտածելու ունակություն. Վահե Հովհաննիսյան

Բոլոր նրանց, ովքեր ունեն մտածելու ունակություն. Վահե Հովհաննիսյան
06.12.2022 | 07:27

Իշխանությունն ապրում է իշխանական գործունեության իլյուզիայով, ընդդիմությունը՝ ընդդիմադիր գործունեության, իսկ ժողովուրդը՝ խաղաղ, հանգիստ կյանքի իլյուզիայով։
Հավաքական ու անհատական մակարդակում մենք կառուցել ենք մեր իլյուզիաների աշխարհը ու չենք տեսնում, որ թուրքը մեր երկրում է՝ Ջերմուկի մատույցներում, Սևանի մատույցներում, փակում է Արցախի ճանապարհը, չենք լսում, որ թուրքը մեզ ասում է՝ էլի եմ առաջ գալու։
Ասում է բաց տեքստով ու ասում է անընդհատ։ Մենք, աղետը կանխելու փոխարեն, մտել ենք մեր հորինած «ապաստարանները» ու սպասում ենք աղետին։ Երեխաների պես։
Մենք ապրում ենք ծայրահեղ ատոմիզացված պայմաններում. ոչ մի ընդհանրական պատկերացում, ոչ մի ընդհանրական տեսլական։


Երկրի գլխավոր իլյուզիոնիստը տարանջատվել է բոլորից՝ երկրից, պետական համակարգից, թիմակիցներից։ Միայն պարբերաբար հայտարարում է, որ վտանգը մեծ է, էլի է աղետ լինելու։ Բայց իլյուզիան այլևս այնքան մասշտաբային է, որ դրա´ն էլ լսող չկա։
Մենք տվեցինք շուրջ 5000 զոհ ու «չնկատելու տվեցինք», մենք սեպտեմբերին տվեցինք 200–ից ավելի զոհ՝ Երևանից երեք ժամվա հեռավորության վրա, ու ավելի խորությամբ փակվեցինք մեր իլյուզիաներում, հիմա էլ փողոցներն ենք տոնական զարդարում։
Մեզ հին իներցիայով շարունակում է թվալ, թե կա 7 շրջանից կազմված անվտանգության գոտի, թե կան անվտանգության մյուս երաշխիքները։


Մենք իլյուզիայի մեջ ենք, թե բանակցում ենք, արտաքին քաղաքականություն ենք վարում, թե գործոն ենք։ Մենք իլյուզիայի մեջ ենք, թե մեր փոխարեն մեր հարցերը ինչ-որ մեկը կլուծի։ Եվ վերջապես, ամենավտանգավոր իլյուզիայի մեջ ենք, թե մեզնից այլևս ոչ մի բան կախված չէ։
Սրանք արյունոտ, դեպի աղետ տանող իլյուզիաներ են, որից ամեն գնով պետք է դուրս գալ։
Երբ մի ողջ պետություն, ամբողջական ժողովուրդ կտրվում է իրականությունից, ուրեմն աղետ է լինելու։


Սուր, կենսական խնդիր է՝ ազգին կամ գոնե նրա գիտակից հատվածին իլյուզիաներից հանելը, իրական կյանք վերադարձնելը։ Սա է նոր լիդերության ճիշտ բովանդակությունը։
Այլևս «մեր, ձեր» օրակարգ չկա։ Պետք է դուրս գանք իլյուզիաներից, որ ճիշտ որոշումներ կայացնենք։ Բոլոր նրանք, ովքեր ունեն մտածելու ունակություն, թիմակիցներ են։ Ուրեմն, ինչո՞ւ չստեղծել այդ թիմը։

Դիտվել է՝ 10185

Մեկնաբանություններ