ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Պատմական էքսկուրս. Քյուրուկ-Չայ, 1805

Պատմական էքսկուրս. Քյուրուկ-Չայ, 1805
19.04.2026 | 13:12

(պատմության այն էջը, որ ոմանք կամենում են հավիտյան փակել)

Օվերչուկի «անզգույշ» հիշատակումը

Երբ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վերջերս հիշատակեց Թուրքմենչայի պայմանագիրը, շատերը դա ընկալեցին որպես դիվանագիտական ճնշման սովորական գործիք։ Սակայն այն, ինչ մակերեսորեն թվում է պատմական հղում, իրականում ունի շատ ավելի խոր ենթաշերտ։ Հարցն այն չէ, թե ինչու հիշատակվեց Թուրքմենչայը, հարցն այն է, թե ինչ է թաղված Թուրքմենչայի «տակ», և ում համար է այն անհարմար։

Պատասխանը թաքնված է 1805 թ. մայիսի 14-ին Քյուրուկ-Չայ գետի ափին կնքված մի պայմանագրում, որը պատմության դասագրքերում կա՛մ բացակայում է, կա՛մ ներկայացվում է ընդամենը մեկ տողով։

Պայմանագիրը՝ պայմանագրի մեջ. իրավական թակարդը

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրն ավարտեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը և տասնամյակներով կանխորոշեց Հարավային Կովկասի ճակատագիրը։ Այն վավերացրեց Արևելյան Հայաստանի, Ղարաբաղի և Նախիջևանի անցումը Ռուսաստանին։ Սա բոլորին հայտնի է։ Սակայն Թուրքմենչայն իր մեջ ամբողջությամբ ներառեց ավելի վաղ կնքված Քյուրուկ-Չայի պայմանագիրը, և հենց դրա 1-ին հոդվածն է կրում ճակատագրական ձևակերպումը. Ղարաբաղը «մշտնջենապես» անցնում է Ռուսաստանին։

«Մշտնջենապես» բառը սովորական դիվանագիտական եզրույթ չէ. այն ունի կոնկրետ իրավական կշիռ։ Ի տարբերություն բազմաթիվ հետագա ձևակերպումների, այն երբեք պաշտոնապես և վավերական կարգով չի չեղարկվել կամ անվավեր ճանաչվել։ Ռուսական կայսրությունը փլուզվեց 1917-ին, Խորհրդային Միությունը՝ 1991-ին, սակայն ո՞ր ժամանակը, ո՞ր ատյանը կամ ո՞ր պայմանագիրն է պաշտոնապես ու ամբողջությամբ ուժը կորցրած հայտարարել Քյուրուկ-Չայի 1-ին հոդվածը։ Պատասխանը մեկն է` երբեք։

Ստորագրությունների դիվանագիտությունը. Ցիցիանովի հաշվարկը

1805 թ. մայիսի 14-ի արարողությունն ինքնին դիվանագիտական կատարյալ թատրոն էր, որտեղ յուրաքանչյուր դեմք ընտրված էր մաթեմատիկական ճշգրտությամբ։ Ռուս գեներալ Պավել Ցիցիանովը՝ Կովկասի նվաճման ճարտարապետը (ծագումով վրացի/հայ, բայց կայսերական մտածողության կրողը), բերեց երկու վկայի.

1. Հովհաննես արքեպիսկոպոս Գեղարդակիր — Թիֆլիսի և Գանձակի հոգևոր առաջնորդ, Էջմիածնի ուղղակի հպատակ։ Նրա ներկայությունը պատահական չէր. Ցիցիանովն ընտրեց հենց Մայր Աթոռի ներկայացուցչին, որպեսզի ստորագրությունը կրի ոչ թե մեկ անձի, այլ Հայ Եկեղեցու բարձրագույն ատյանի իրավական ուժը։

2. Մելիք Ջումշուդ Մելիք-Շահնազարյան — Ղարաբաղի հայ մելիքական տների ներկայացուցիչը։

Իբրահիմ խանն իր հերթին բերեց իր «հայ վկային»՝ Ամարասի Աղվանից կաթողիկոս Իսրայելին։ Վերջինս Իբրահիմ խանի կամակատարն էր և Գանձասարի եկեղեցական ավանդույթի դեմ ուղղված հարվածների գործիքը։ Հատկանշական է, որ Գանձասարի իրական կաթողիկոս Սարգիս Հասան-Ջալալյանը՝ Ղարաբաղի հայ ինքնագիտակցության կռվանը, այդ ժամանակ հեռացված էր Արցախից և գտնվում էր Հաղպատում։

Ցիցիանովը հստակ հասկանում էր ստորագրությունների կշիռը։ Նա կտրականապես հրաժարվեց թույլ տալ Իսրայել կաթողիկոսին ստորագրել պայմանագիրը։ Ինչո՞ւ։ Որովհետև Իսրայելի ստորագրությունը կլիներ խանի ձեռքը, ոչ թե հայ ժողովրդի ձայնը։ Ցիցիանովին պետք էր, որ պայմանագիրն ունենա Էջմիածնի կնիքը, որն օժտված էր միջազգային իրավական լեգիտիմությամբ։

Ի՞նչ է նշանակում Էջմիածնի ստորագրությունն այսօր

Անցել է ավելի քան երկու հարյուր տարի, սակայն ստորագրությունն իր ուժը չի կորցրել։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ որպես Հովհաննես արքեպիսկոպոս Գեղարդակրի իրավական ժառանգորդ, ունի մի բացառիկ կարգավիճակ, որը ոչ ոք չի կարողացել ջնջել։ Որպես 1805 թ. պայմանագրի ստորագրող կողմ՝ Մայր Աթոռը ցանկացած ժամանակ իրավասու է բարձրացնել Արցախի պատկանելության հարցը և այդ էջը «փակված» չհամարել։ Սա ոչ թե հուզական հայտարարություն է, այլ պատմաիրավական փաստ։

Ովքե՞ր են վախենում Էջմիածնից և ինչո՞ւ

Այս ֆոնին ամեն ինչ պարզ է դառնում։ Երբ Հայաստանի ներկայիս իշխանությունները Էջմիածինը դարձնում են «թիրախ», երբ փորձում են ճնշել կամ վարկաբեկել Եկեղեցու ղեկավարությանը, հարցն ուղղակիորեն կապված է Քյուրուկ-Չայի հետ։ Ոմանք այսօր ունեն «Իսրայել կաթողիկոսի» կարիքը՝ մի հոգևոր ղեկավարի, ով.

• անվերապահ կհնազանդվի օտար կամքին,

• լռությամբ կանցնի 1805 թ. ստորագրության կողքով,

• սեփական ձեռքով կհրաժարվի Էջմիածնի պատմաիրավական կարգավիճակից՝ Արցախի հարցը «վերջնականապես փակված» ճանաչելով։

Դա կլիներ ոչ թե սովորական կորուստ, այլ պատմաիրավական կապիտուլյացիա, որը հավիտյան կփակեր Արցախի հարցը՝ Էջմիածնի կամավոր հրաժարումով։

Ի՞նչ է անելու Էջմիածինը

Սա այն առանցքային հարցն է, որ պատմությունն այսօր դնում է Հայ Եկեղեցու առաջ։ Արդյո՞ք Մայր Աթոռը կտիրապետի այն պատմական հիշողությանը, որն անհրաժեշտ է Հովհաննես արքեպիսկոպոսի ստորագրության ժառանգությունը պաշտպանելու համար։ Գիտե՞ Էջմիածինը, որ 1805 թ. մայիսի 14-ի ստորագրությամբ ստանձնել է ոչ թե արտոնություն, այլ սերնդեսերունդ փոխանցվող պատասխանատվություն։

Թե՞ կգտնվի մի նոր «Իսրայել կաթողիկոս», որի ձեռքով փաստի մատյանում կգրվի. «Արցախն անցել է, ստորագրեցի»։

Եզրակացություն. «Շան գլուխը» և բանալին

Ռուսական ասացվածքն ասում է. «Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը»։ Քյուրուկ-Չայի պայմանագիրը Թուրքմենչայի հիմքում է, ինչպես բանալին՝ կողպեքի մեջ։ Եվ այդ բանալու անունն է Էջմիածին։

Բոլոր նրանք, ովքեր կամենում են Արցախի հարցը հավիտյան ամրակնքել, գիտեն՝ քանի դեռ Էջմիածինն անկախ է, ազատ և հիշող, Արցախի էջը փակված չէ։ Ահա թե ինչու է Մայր Աթոռը շատերի համար դարձել «աչքի գրող»։ Ոչ թե պարզապես ընդդիմություն լինելու, այլ այն ստորագրության համար, որը 1805 թ. մայիսի 14-ին դրվեց Քյուրուկ-Չայ գետի ափին։

Հ.Գ. Մնացած եզրակացությունը թողնում եմ ընթերցողին: Արցախը հայկական է, և վերջ:

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ