Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Այս սոցիալական շարժումը մեր իմունային համակարգին արված վերջին սրսկումն է

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Այս սոցիալական շարժումը մեր իմունային համակարգին արված վերջին սրսկումն է
25.07.2013 | 22:34

Հասարակությունը Հայաստանում տարավ, թերևս, իր առաջին իրական հաղթանակներից մեկը` քաղաքապետը կասեցրեց իր ապօրինի որոշումը: Առայժմ տրանսպորտի ուղեվարձը կմնա նույնը: Ի վերջո, ո՞րն էր այս անգամ հասարակության հաջողության գաղտնիքը: Իշխանություններն ըմբռնեցի՞ն արդյոք իրավիճակի ամբողջ լրջությունը: Անգամ այսքան տարիներ իրենց ապօրինի որոշումների դեմ ձայն-ծպտուն չհանած մարդկանց միացումը սոցիալական ակցիաներին նրանց ոչինչ չի՞ հուշում: Իշխանություններն ըմբռնո՞ւմ են արդյոք, որ այն հանրային դեմքերը, որոնք մինչև այժմ խուսափում էին իրենց հետ խնդիրներ ունենալուց, դուրս են եկել հրապարակային բաց պայքարի, որովհետև ՈՉ ՈՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ: Նրանք ամեն ինչ կորցրել են` հավատը երկրի ապագայի նկատմամբ, երկրի վերակառուցման հնարավորությունը, չեն ցանկանում, որ իրենց երեխաները ապրեն այսպիսի երկրում, որը այսպիսին դարձավ նաև տարիներ շարունակ այս ամենի դեմ աչք փակելու հետևանքով: Եվ, ցավոք, այդ մարդկանցից շատ շատերը այժմ կապել են ճամպրուկները և առաջին իսկ լուրջ հարվածից հետո պատրաստ են ընդմիշտ հեռանալ Հայաստանից: Այս սոցիալական շարժումը մեր իմունային համակարգին արված վերջին սրսկումն է, և եթե քաղաքացիները գոնե բարոյական հաղթանակներ այս շարժումներից չստանան` սա կլինի հասարակության կենսագործունեությանն ուղղված վերջին մահացու հարվածը: Իսկապես վերջինը: Անարդարության զգացողությունը հասարակության մեջ շաքարային դիաբետի ամենաբարձր դոզային է հասել: Հասարակությունը ցնցված է Հայաստանում իր անհեռանկար գոյության տեսլականից: Եվ այս ակցիաները կուտակված լիցքերի առայժմ ոչ ամբողջական դրսևորումներն են: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի հայտարարությանը: Մի կողմ թողնենք այն, որ նա ևս երթուղային գծերի սեփականատեր է և որոշումներ կայացնելիս շահագրգիռ է որպես տնտեսվարող: Դա դեռ ոչինչ: Միգուցե ինքը որոշումն ընդունելիս իսկապես ճնշման տատանումներ է ունեցել, ինչպես մոտավորապես նշել է իր հայտարարության տեքստում, բայց բավականին ուշ է նկատել, որ իր որոշման մեջ սոցիալապես խոցելի խավերի շահերը հաշվի չեն առնվել: Իսկ ո՞վ է մեղավոր, որ նրանք դա չեն ըմբռնել` իհարկե բիզնես շահը, որը օր առաջ դրդել է վերանայել սակագները: Չեն ուզեցել հապաղել մի քանի օր` լայն ճակատով քննարկումներ անելու և խնդրին համապարփակ լուծումներ տալու համար: Ի վերջո, հասարակության առողջ հատվածի պայքարը ստիպեց կասեցնել ապօրինի որոշումը: Թե չէ 50 դրամի զգլխիչ բույրը փակել էր տրամաբանության բոլոր ընկալուչները: Իսկ հիմա ինչո՞վ վճարեցիք այդ 50 դրամների դիմաց: Ինքներդ դատեք: Առջևում նորանոր հաղթնակներն են: Հասարակությունն արդեն գիտի իր հաղթանակների արժեքը և դրան հասնելու ճանապարհը:

Դիտվել է՝ 4171

Մեկնաբանություններ