Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայաստանում աղբը ոչ թե խնդիր է, այլ՝ պետական գաղափարախոսություն

Հայաստանում աղբը ոչ թե խնդիր է, այլ՝ պետական գաղափարախոսություն
20.08.2025 | 12:23

Մենք նավթ չունենք, գազ չունենք, բայց ունենք մեկ ուրիշ ազգային հարստություն՝ անսպառ աղբ։ Եթե երբևէ բորսաներում սկսեն առևտուր անել պլաստիկ տոպրակներով, Հայաստանը, անշուշտ, կընդգրկվի «Մեծ յոթնյակում»։

Մեզ մոտ կոնֆետի թուղթը գետնին նետելը ոչ թե անպատասխանատվություն է համարվում, այլ ստեղծագործական մոտեցում, իսկ միգուցե՝ հայրենասիրության վառ դրսևորում։ Հազարավոր տարիներ անց հնագետները կգտնեն այդ թղթերն ու կարձանագրեն. «Այս կիսավայրենի ցեղն իր ամեն կծած շաքարը կարծես զոհաբերում էր սեփական հողին»։ Պոմպեյը կորավ մոխրի մեջ, իսկ մենք՝ պլաստիկի։

Գետափին քեֆ անելը վերածվում է, կներեք արտահայտությանս համար, բնության հանդեպ կոլեկտիվ բռնաբարության։ Տպավորություն է, թե միջուկային աղետի գոտում ես հայտնվել. սեղանին՝ պլաստիկե բաժակներ, գետերում՝ շշեր, աջուձախ՝ իրենց զխտկվածի մնացորդներ։ Մի կուշտ փոր հաց կերած մարդիկ այնպես են հեռանում, կարծես իրենց հետքն անտեսանելի է, բայց բնությունը, ավա՜ղ, աչքեր ունի։

Մի անգամ մի գյուղապետ տրամաբանության բարձրագույն դրսևորում ցուցաբերեց, որից պարզապես շանթահարվեցինք:

Ասում էր. «Մեր գյուղում աղբ չեք տեսնի, մարդիկ աղբը գետնին չեն թափում։ Գցում ենք գետը, գետը տանում է»։ Պարզապես հանճար, ինչպե՜ս չէինք մտածել։ Հետո այդ նույն գյուղապետի թոռը գետից ձուկ է բռնում՝ պլաստիկե ստամոքսով, և հուսանք, որ ձուկը հայտնվում է գյուղապետի սեղանին։ Իսկ շատերն էլ չոր խոտն այրելիս դրա մեջ խառնում են՝ ինչ պատահի, հետո շնչում են այդ թունավոր ամպը, հետո՝ բողոքում առողջական խնդիրներից։

Տանը մաքրասեր ենք, դրսում՝ խոզանոցի դիզայներ։

Մեքենայից աղբը շպրտում ենք այնպիսի հանդիսավորությամբ, ինչպես մեծահարուստ բարեկամը դոլարները՝ հարսի պարի ժամանակ։

Նույնիսկ հեռավոր, բարձրադիր գոտիներում, երբ մտածում ես՝ ո՞վ պիտի այստեղով անցնի, անցնողն էլ լեռների պես պետք է բարձր մակարդակ ունենա, էլի հանդիպում ես տարատեսակ աղբի։ Տպավորություն է, թե աղբը մեզնից առաջ է հաղթահարել լեռները։

Մենք, երևի, միակ ժողովուրդն ենք, որ աղբից մշակույթ ենք ստեղծում, իսկ մշակույթից՝ աղբ։

Դե իսկ ծխախոտի մնացուկների մասին կարելի է հատորներով խոսել։

Միգուցե մեր քաղաքներում պետք է ոչ թե աղբամաններ ավելացնել, այլ ուղեղներ։ Ասենք՝ անվճար բաժանել դպրոցներում, համալսարաններում, նույնիսկ մանկապարտեզներում, որ երեխաները փոքր տարիքից հասկանան՝ ծխախոտի մնացուկը ասֆալտի դեկոր չէ, ոչ էլ պլաստիկ շիշն է փողոցի ինտերիերի մաս։ Բայց ո՞ւմ եմ ասում․ կրթական համակարգը տարիներ շարունակ մի այնպիսի քաղաքացի է դաստիարակել, ով ի վիճակի է երեք օտար լեզվով անգիր ասել «Ես սիրում եմ իմ հայրենիքը», բայց մտքով չի էլ անցնում, որ աղբը գետնին նետելը հայրենասիրության հետ որևէ առնչություն չունի։

Էդգար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ