Վերջերս լուրեր էին տարածվել, որ «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներ պատրաստվում են ճամբարափոխվել` ամդամագրվել Կարապետյան Սամվելի հետ նույնականացվող, նոր ստեղծվող կուսակցությանը: Քոչարյան Ռոբերտի որդին` Քոչարյան Լևոնը, շտապեց հերքել այդ տեղեկատվությունը: Այլ հերքումներ չեղան:
Կարծում եմ` Քոչարյան Լևոնը կամ շատ միամիտ է, կամ չի տիրապետում իրավիճակին: Հակառակ դեպքում, վերջինս պարտավոր էր տեղեկացված լինել նորանկախ Հայաստանի քաղաքական անցուդարձից: Ամենասկզբից` Քոչարյան Լևոնը պետք է կարդար «Հայաստան» դաշինքի պատգամավորների (բացառությամբ ՀՅԴ անդամների) կենսագրությունները: Այնուհետև, լավ կլիներ, որ Քոչարյան Լևոնն ուսումնասիրեր նորանկախ Հայաստանի քաղաքական էլիտայում ներգրավված անձանց կենսագրությունները, սկսած 1988 թվականից: Ենթադրաբար` Քոչարյան Լևոնին շատ հետաքրքիր կլինի: Վերջինս կպարզի, որ 37 տարի շարունակ նույն անձինք գործում են տարբեր դիմակների ներքո: Կոմունիստ էին, հետո` ՀՀՇ-ական, այնուհետև` ՀՀԿ, ԲՀԿ ... Այժմ այդ նույն անձինք կամ նրանց զավակները ՔՊ-ական են կամ ՔՊ-ամերձ:
Հայաստանն այն պետությունն է, որի ԱԺ-ի պատգամավորների մեծամասնությունը մեկ գիշերում «Երկրապահ» դարձավ:
Հայաստանն այն պետությունն է, որտեղ նորաստեղծ ԲՀԿ-ն միանգամից, եթե հիշողությունս չի դավաճանում, 324 000 անդամ ունեցավ: ՀՀԿ, «Օրինաց երկիր» ... Ո՞րն ասեմ: Ականատեսների վկայությամբ ներկա պահին բարձրաստիճան ՔՊ-ական պաշտոնյաներից ոմանք ժամանակին ՀՀԿ-ի նվիրյալներ են եղել, Սարգսյան Սերժի վստահված անձինք: Պատմում են, որ կարկառուն և բարձրաստիճան ՔՊ-ականներից մեկը մինչև 2008 թվականի մարտի 1-ը մասնակցում էր Տեր-Պետրոսյան Լևոնի առանձնատան դիմաց իրականացվող ակցիաներին:
Քոչարյան Լևոնը պետք է իմանա այս ամենը: Նա պետք է տեղեկացված լինի նաև, որ Հայաստանի պետական կառույցներում, օրինակ` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, աշխատողների մեծ մասն աշխատանքի է ընդունվել ծանոթ-բարեկամների և քավոր-սանիկների միջոցով: Եվ պետք չէ զարմանալ, եթե հայտնաբերվի, որ Փաշինյան Նիկոլի մոտ աշխատող ՔՊ-ականի հայրը հայտնի ՀՀԿ-ական է եղել:
Այսպիսով, արձանագրեմ, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը միշտ հանդես է գալիս քաղաքական հաճախորդի դերում: Ընդ որում, քաղաքական հաճախորդի դերը փոխանցվում է ժառանգաբար` սերնդեսերունդ: Այդպես է նաև, օրինակ` Ալբանիայում:
Գիտի՞ այս մասին Քոչարյան Լևոնը: Կարծում եմ `գիտի: Այդ դեպքում, ինչու՞ է հերքում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներից ոմանք պատրաստվում են ճամբարափոխ լինել: Միամի՞տ է, թե՞ չի հավատում Հայաստանի «ալբանացման» հեռանկարին: Չգիտեմ, միայն հիշեցնեմ, որ Հայաստանի «ալբանացման» մասին արդեն խոսում է նույնիսկ Դոնալդ Թրամփը: Ավելին` եթե հիշում եք, Հայաստանի «ալբանացման» ջատագով էր նաև Քոչարյան Լևոնի հայրը:
Նկարում Ալբանիայի երկարամյա առաջնորդ Էնվեր Խոջան է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ