Թիվ մեկ պատրաստություն
Հրապարակային ու մասնավոր արձագանքներից նկատելի է, թե որոշ հոգևորականների ծուռ պահվածքը որքան ցավագին են տանում հազարավոր հավատացյալներ, եւ ոչ միայն: Հավատքի դաշտում ուրանալը հաճախ շատ ավելի ծանր է ընկալվում, քան նույնիսկ հայրենիքի դավաճանությունը: Իր Եկեղեցուն, հետևաբար և՝ իր Աստծուն ուրացողը Հայրենիքը կուրանա առաջնահերթ: Մեր քրիստոնեական հավատքը Հայրենիքը փայփայել է Աստծո հանդեպ տածած սիրո մեջ:
Ահա ինչու ուղղակի դողում ենք, որ մեր հավաքական ու անսասան Եկեղեցուն ոչինչ չպատահի, հակառակ դեպքում պիտի բախվենք անխուսափելի հայկական արմագեդոնին, սրա ուրվականը սկսել է նշմարվել մեր ներքին կյանքում:
ՀԱԵ-ն համազգային այն հաստատությունն է, որ կարող է կանխել ազգային, պետական ու հանրային ճգնաժամերն ու աղետները, հաղթել ներսում բնավորված չարին և իր զավակներին ուղղորդել դեպի երկրի ազնվացում ու զորացում: ՈՒստի չի կարելի հանդուրժել, որ շարունակեն սպասավորել հուդայության ուղին բռնած եկեղեցականները. նրանց շատ արագ հարկ է պաշտոնանկ անել և սրբավայրերը պաշտպանել հոգևոր, քաղաքական թե այլ կարգի ոտնձգություններից: Հավատավոր հսկա հոտը կպաշտպանի Եկեղեցու վճռական քայլերը: Հուդաները պիտի ստանան արժանին:
Չեմ կարծում, թե Վեհափառ Հայրապետը և նվիրյալ արքեպիսկոպոսներն ու մնացյալ հոգևորականները թերագնահատում են, թե ինչ վտանգ է ներկայացնում մատնության սկիզբ առած ալիքը: Այնուհանդերձ, չէր խանգարի, որ նրանք անսան սթափ ձայները և «մարտական թիվ մեկ» պատրաստության բերեն եկեղեցական ողջ զորակազմը, նրան լիովին նախապատրաստելով քրիստոնեահարգ պայքարի՝ սանձարձակ դարձած իշխանության ու նրա գործակից-ձայնակիցների դեմ:
Մեր Եկեղեցին այս պայքարից պիտի դուրս գա առավել զորեղ ու միաբանված: Եվ դա կլինի Հայաստանի հաղթանակը:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ