Դե ի՞նչ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 28 կետից բաղկացած ծրագիր է կազմել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադար և խաղաղության գործընթաց սկսելու համար։
Զելենսկին, որ ուղղակի խայտառակության էպիկենտրոնում է հայտնվել կոռուպցիոն սկանդալի պատճառով, նախնական համաձայնություն է տվել բանակցելու։
Ի դեպ, կարծում եմ, որ հենց այդ պահին կոռուպցիոն սկանդալ երևան բերելը ձեռնտու էր Թրամփին, որովհետև Զելենսկու ինքնավստահությունը արդեն մոտենում է 0-ի։
Այլ հարց է, որ այսպիսի խաղաղությունը շատ ավելի վատն էր, քան նախկինում առաջարկվողները։
Խոսվում է, որ պայմաններից մեկն այն է, որ ՈՒկրաինան զիջում է Դոնբասը, այդ թվում այն տարածքները, որոնք դեռևս գտնվում են ՈՒկրաինայի հսկողության տակ։
Զելենսկու համար սա առնվազն քաղաքական ինքնասպանություն է, բայց այլընտրանքն էլ մեծ չէ` առավելագույնը, ռազմական գործողությունները ձգել մինչև 2026 թվականի կեսեր, որից հետո ՈՒկրաինան ամբողջովին հյուծված կլինի, նոր մոբիլիզացիան քիչ բան կփոխի, բանակի վերակազմակերպումը երկար ժամանակ կպահանջի, իսկ տեխնոլոգիական ճեղքում ապահովել իրատեսական չէ։
Ռուսաստանը թեպետ իր պլան մինիմումը ապահովում է, սակայն դեռ երկար ժամանակ չի կարողանա շահել ուկրաինացիների համակրանքը, ինչը շատ ավելի մեծ կորուստ է, քան տարածքային կորուստները։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ