Փաշինյան Նիկոլն ասում է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ-ում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է»:
Ճիշտ է ասում, և դրա ապացուցման կարիքը չկա:
Միաժամանակ` Սիմոնյան Ալենն ասում է, որ Տեր-Պետրոսյան Լևոնը «բոլոր պարտությունների սիմվոլն է»:
Սուտ է ասում և դրա ապացուցման կարիքը չկա:
Համոզված եմ, որ շատ շուտով տարատեսակ ՔՊ-ականներ, միմյանց հերթ չտալով, Տեր-Պետրոսյան Լևոնի մասին կասեն սուտն ու ճիշտը: Ինչու՞:
Փաշինյան Նիկոլը գիտեր, չէ՞, որ Տեր-Պետրոսյան Լևոնն «ընտրակեղծարար է»: Այդ դեպքում, ինչու՞ է նոր բարձրաձայնում դրա մասին: Ինչու՞ է ճանապարհ անցել «ընտրակեղծարարի» հետ, պատգամավոր դարձել «ընտրակեղծարարի» քվոտայով:
Սիմոնյան Ալենը գիտի, չէ՞, որ Արցախը Հայաստանի հետ դե յուրե կամ դե ֆակտո վերամիավորվել է Տեր-Պետրոսյան Լևոնի օրոք: Ավելին` Սիմոնյան Ալենը գիտի, չէ՞, որ այդ նույն Արցախն ու էլի որոշ տարածքներ Հայաստանը կորցրել է իր և Փաշինյան Նիկոլի օրոք: Հիմա, ո՞վ է «պարտության սիմվոլ»-ը:
Օրվա իշխանավորների նպատակը պարզ է` խառնակչություն իրականացնել հասարակության մեջ և միմյանց դեմ հանել վերջինիս տարբեր սեգմենտներին: Մյուս կողմից` սրանք հասարակությանը ներքաշում են Տեր-Պետրոսյան Լևոնի ճիշտ և սխալ լինելու անիմաստ քննարկումների մեջ, որպեսզի մարդիկ մոռանան օրվա իշխանության համատարած ձախողումները: Սա կոչվում է քաղաքական ձեռնածություն (մանիպուլյացիա):
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ