ՌԴ կառավարությունը արգելել է Ռուսաստանից բենզինի արտահանումը մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ (http://government.ru/news/55781/)
Հատկանշական է, որ եթե ս.թ. փետրվարին կառավարությունը արգելել էր արտահանում իրականացնել թրեյդերներին և նավթաբազաներին (http://government.ru/news/54358/), ապա այս վերջին որոշմամբ արգելքը տարածվում է նաև արտադրող ընկերությունների վրա :
Այսպիսով, խոսքն ամբողջական էմբարգոյի մասին է:
Որոշումը կայացվել է ներքին վառելիքային շուկայում կայուն իրավիճակ ապահովելու նպատակով՝ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում պահանջարկի աճի պայմաններում:
Հաշվի առնելով, որ Հայաստանում սպառվող բենզինի «առյուծի բաժինը» ներկրվում է Ռուսաստանից, կարող ենք կանխատեսել գնի որոշակի բարձրացում արդեն առաջիկա օրերին՝ միտում, որը կշարունակվի նաև օգոստոսից հետո:
Այս սցենարից հնարավոր կլինի խուսափել այն դեպքում, եթե Ռուսաստանը, ինչպես 2023 թ.-ին, մեղմացնի նավթամթերքների արտահանման էմբարգոն Հայաստանի համար:
Ճիշտ է, Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների համար Ռուսաստանը սահմանել էր քվոտաներ, սակայն բենզինը ներկրվում էր սահմանափակ քանակությամբ:
Հայաստանը ստիպած էր դիմել Մոսկվային՝ հավելյալ մատակարարումներ իրականացնելու համար: Արդյունքում Ռուսաստանից Հայաստան մատակարարվեց հավելյալ 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզելային վառելիք:
Վահե ԴԱՎԹՅԱՆ