«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ղողանջ սթափության-2

Ղողանջ սթափության-2
13.07.2023 | 20:54

Արցախում սով է:

Վիճակը տագնապալի է ու ճակատագրական:

Աղետի շեմին ենք:

ՈՒմ համար սա ղողանջ է սթափության,

պատճառ՝ ելքերի որոնման, գործելու,

ում համար՝ անտարբերություն «թքած ունեմ»,

ում համար էլ՝ արդարացում ու անճարություն «ես ի՞նչ անեմ կամ ի՞նչ կարող եմ անել»:

Իսկ աշխա՞րհը...

Աշխարհը լուռ է, աշխարհը՝ սուտ...

Պարզապես հնչում են կոչեր, հորդորներ, ցանկություններ, ափսոսանքներ:

ՈՒրիշ ոչինչ:

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն է հերթական անգամ հեռախոսազրույց ունեցել Ալիևի հետ։

Ընդգծել՝ Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր նպատակով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը։ Շեշտել, որ կողմերը պետք է պահպանեն բանակցությունների դրական մթնոլորտը` հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության։

Զախարովան է նույնատիպ հորդորներով հանդես գալիս:

Էրդողանն է հույս հայտնում, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ժամկետը Լեռնային Ղարաբաղում ավարտվելուն պես՝ նրանք հավատարիմ են մնալու այդ պայմանագրին և 2025 թվականին հեռանալու են Լեռնային Ղարաբաղից։

Իսկ Ալիևը թքած ունի...

Այն աստիճան թքած ունի, որ բացահայտ կրակում է Նախիջևանից ու ուլտիմատում դնում, որ Հայաստանը պետք է իր հետ համաձայնեցնի Երասխում գործարանի կառուցումը։

Իսկ «մերոնք» ի՞նչ են ասում կամ անում:

Ասեմ...

Ոմն չկայացած, անհասկանալի գեներալ-լեյտենանտ ու քաղգործիչ, մեկ՝ նախկինների մաս, մեկ՝ ակտիվ գործող ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը տալիս է դրա անկեղծ պատասխանը.

«Ինչ ձևի խաղաղության պայմանագիր էլ կնքենք, մեկ է՝ Ադրբեջանը կրակելու է»:

Դե արի ու մի ասա, բա ա՛յ «խելոք», ու քեզ պես «խելոքներ», բա նման ձևական ու ոչինչ չտվող, ոչինչ չապահովող, ոչ մի երաշխիք չներառող փաստաթղթի ու այն ստորագրելու իմաստը ո՞րն է:

Կամ ասում էիք՝ «խնդիրն Արցախն է, Արցախը տանք պրծնենք, խաղաղություն է գալու:

Խաղաղության պայմանագիրն էլ կկնքենք ու դրանով թշնամին կսահմանափակվի, Հայաստանի հանդեպ ծավալապաշտական նկրտումներն ու առավելապաշտական ծրագրերը կվերանան, հօդս կցնդեն, նոր պատերազմն էլ՝ կբացառվի»:

Համոզվու՞մ եք, որ հաշվարկներդ սխալ են, դուք էլ ո՛չ հեռատեսություն ու ռացիոնալ դատողություն ունեք, ո՛չ էլ քթի ծակ:

Կամ էլ այդ ամենն ունեք, ուղղակի կամակատար եք, ուրիշի շահեր սպասարկող կամ դրանց հետ հարմարվող:

Դուք ո՛չ միամիտ եք, ո՛չ էլ ապիկար:

Դուք լավ էլ գիտեք, թե ինչ եք անում ու արածն ինչպես մատուցում, որ արդյունքում էլ պարզվի՝ դուք չեք մեղավորը:

Այնպես որ՝ «Ամբողջ աշխարհն ընդունում է Արցախն Ադրբեջանի կազմում, մենք էլ պետք է համակերպվենք այդ մտքի հետ» արտահայտությունը դրոշակ սարքած՝ Արցախը հանձնելով մարդկանց հրամցնում եք, թե «Արցախն այն գլխից էլ մերը չէր ու չէր էլ կարող լինել»:

ՈՒ հիմա ե՞ս ձեզ պետք է հիշեցնեմ, որ 30 տարի Արցախը պահում էինք ու այդ նույն աշխարհը, հենց Ալիևի խոսքերով՝ փակ դռների հետևում ստիպում էր Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը։

Կամ` երբ Իսրայելն Արաբական աշխարհը մեջտեղից ճեղքելով, փաստացի Պաղեստինի մեծ մասը զավթելով՝ Իսրայել պետություն ստեղծեց, նույն այդ աշխարհը Իսրայելին մեղադրե՞ց զավթողականության ու օկուպացիայի մեջ, Իսրայելից ինչ-որ բան պահանջե՞ց, ստիպե՞ց հողեր հանձնել Լիբանանին, Սիրիային, Հորդանանին ու Եգիպտոսին:

Այնպես որ, ակամա սկսում եմ երկորդ տարբերակը մտածել, երբ հատկապես տեսնում եմ «Հ1»-յան Հայաստանը:

Երբ տպավորություն է, թե ամեն ինչ լավ է, կարծես ոչինչ չի պատահել, ինչ էլ պատահել է՝ հոգ չէ, լուծելի է:

Երբ Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը միանշանակ տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։

ՈՒ սա այն դեպքում, երբ ադրբեջանական լրատվականները՝ եղանակի տեսության ժամանակ ողջ Հայաստանի տարածքն են թուրքական անվանումներով ներկայացնում որպես Ադրբեջան:

ՈՒ հանկարծ չփորձե՛ք պատճառ մեջբերել, թե խնդիրը միջազգային դերակատարներին ավելի հասկանալի լինելու մեջ է, որ դա Արցախի միջազգային ընդունված ու կիրառելի անվանումն է:

Աշխարհը լավ էլ գիտի Արցախ անվանումը, անգամ Լեռնային Ղարաբաղին զուգահեռ օգտագործում է այն:

Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, ապա կարծում եմ, որ շատերը համաձայն չեն «Հ1»-ի քաղաքականությանը, բայց համակերպվում են, քանի որ տուն պահելու խնդիր ունեն:

Ամեն դեպքում՝ ինչ-որ տեղ սա մարսելի է, քանի որ նախ մենք՝ ինքներս, չենք հրաժարվում Լեռնային Ղարաբաղ տերմինից, և հետո՝ ԱՀ սահմանադրության համաձայն՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:

Ցավն այն է, որ անկեղծ թշնամի Ադրբեջանը համաշխարհային պատմությունից ու աշխարհի քարտեզից է ուզում ջնջել Արցախը, վրադիր էլ՝ Հայաստանը, իսկ դու՛ք՝ պատահական քայլելով իշխանության եկածներդ, որ ձեր կյանքում երկրի համար ոչինչ չունեք արած, այսօր բացահայտ՝ պատմագրությունից, պատմությունից, անգամ առօրյա խոսույթից ջնջում, հանում եք Արցախ բառը:

Հասկացանք, որ Արցախը բացահայտ նվիրում եք Ադրբեջանին, չհասկանալով իհարկե այն, որ Արցախը ձերը չէ, որ մի հատ էլ նվիրեք:

Վաղվա օրից վախեցեք:

Գալու է ժամանակը, երբ ժողովուրդն Արցախի փոխարեն ձեզ կփաթեթավորի ու կնվիրի Ալիևին:

Այդժամ, դուք ինքներդ մեկդ մյուսին չեք ճանաչելու:

Այնպես որ՝ սթափվե՛ք, խելքի եկե՛ք, ժողովրդի ցասումից ու գալիք դատաստանից վախեցե՛ք:

Հիշեցնե՛մ՝ ՀՀ-ն համարվում է Արցախի անվտանգության երաշխավորը և

ՀՀ-ն ստանձնել է պարտավորություններ:

Այնտեղ քո ժողովրդին են սովամահ անում:

Կոչերով սահմանափակվելով կամ ժողովրդիդ Ռուսաստանի ողորմածությանը հանձնելով, ձեռքերը լվանալով, ձեր վրայից խնդիրը հանելով ու նրանց վզին փաթաթելով՝ հարցը չի լուծվի:

Եթե դուք թքած ունեք, նրանք՝ առավել ևս:

Դուք կարող եք փոխել իրավիճակը, քանի դեռ ուշ չէ:

Վստահեցնում եմ՝ կարող եք:

Ելք միշտ էլ կա:

Պինդ կա՛ց, արցախահայ:

Դու քո հայրենիքում ես:

Առայժմ Տեր Ատտված ու քո լեռները քեզ զորավիգ ու օգնական:

Սրանցից հույս չկա:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2782

Մեկնաբանություններ