«Երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, քնանաք, քիչ մ՛ալ մտածեք ազգի մասին»։
Անդրանիկ Օզանյան
2000 թվական: Փետրվարի 18: Այս ամսաթիվը մեր ժողովրդի կյանքում կարևորագույն իրադարձություն է: 25 տարի առաջ այս օրը Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատնից հատուկ արարողակարգով Հայրենիք բերվեցին Անդրանիկ Օզանյանի մասունքները՝ Զորավար, որի բարձը Հայաստանի լեռներն էին, իսկ ամենաբաղձալի երազանքը՝ Հայրենիքի ազատագրումը: Նրա անունն ու ոգին դաստիարակեց սերունդներին, որոնք հետո պետք է կռվեին Սարդարապատում, Մեծ Հայրենականում և ազատագրեին Արցախը:
Զորավարի վերջին ցանկությունն էր հուղարկավորվել Հայրենիքում. կնոջը պատգամել էր.
-Մարմինս օտար հողի վրա չթողուս…
Անպայման Հայաստան փոխադրէք։ Եթէ զիս հայրենիք չընդունին, գոնե ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս եւ հոն կղրկես, տեղ մը թող թաղեն։ Այս մատս շատ աշխատած է հայրենիքի համար եւ շատ հոգնած է։ Թող հայենի հողին մէջ հանգստանայ։ Իսկ եթէ ատ ալ մերժուի եւ կարելի չըլլայ փափագս իրագործել, մարմինս Պուլկարիա՝ Վառնա տարեք եւ թաղէցէք քրոջս՝ Նազելիի գերեզմանին քով:
Եվ երբ զգացել էր, որ արդեն հոգին պետք է ավանդի, ասել էր.
-Նուարդ, մահուանս համար չեմ ցավիր, կը ցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը։ Ախ, եթէ անգամ մըն ալ պատեհութիւն ունենայի… Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց։
…Զորավարի գործը կիսատ չէր մնացել: Տասնամյակներ անց հայ ժողովրդի սերունդները նրանով ոգեշնչված՝ ոտքի կանգնեցին և վերականգնեցին պետականությունը:
20-րդ դարի ավարտին վեր էին հառնել անկախ Հայաստանն ու ազատագրված Արցախը: Եվ խիզախ հայ զինվորներն ապացուցում էին, որ անկատար է մնալու թշնամու երազանքը, որի մասին ժամանակին գրվել է թուրքական «Սոն Սաաթ» թերթում. «Այս հողերի վրա այլեւս ոչ մի Անդրանիկ չպիտի ծնվի, եթե ծնվի էլ՝ չպիտի մեծանա, եթե մեծանա՝ չպիտի լեռ բարձրանա, եթե լեռ էլ բարձրանա՝ չպիտի կարողանա սուրը քաշել, եթե քաշի՝ իր կուրծքը մխելով անձնասպան լինելու համար միայն պիտի քաշի»։
Իր պատմական Հողի վրա վերջ տալ հայ ազգի գոյությանը… որ էլ չծնվեն հերոսական սերունդներ. Սա է եղել թշնամու ծրագիրը: Բայց Արցախյան ազատամարտի բովերում ծնվե՛լ էր այդ սերունդը, և հայն իր պատմության վերջին երկու հազար տարիների ընթացքում առաջին անգամ Հող էր ազատագրել, չէր կորցրել:
Իսկ Հող մեզ համար նշանակում էր հայրենիք: Արցախը՝ Մեծ Հայքի 10-րդ նահանգն այդ հայրենիքի մի մասն էր, որով սկիզբ էր դրվել պատմական արդարության համար մեր պայքարին:
Զորավարը վերադարձավ և փարվեց անկախ Հայաստանի հողին: Նրա վերադարձով հզորանում էր հայոց Հողը:
-Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են:
-Մենք թշնամուն ոչ մի թիզ հող չունենք տալու:
-Այստեղ մեր եղբայրների արյունն է թափվել: Ես այս դիրքերը թշնամուն հանձնողի…
-Ես կմնամ այստեղ ու կկռվեմ Արցախում` Արցախը սրտումս:
-Իմ հետևում Արցախն է: Ոչ մի քայլ նահանջելու իրավունք չունենք:
Սրանք են եղել մերօրյա՝ Անդրանիկի ոգին իրենց մեջ կրող հայրենատեր, անմահացած հերոսների խոսքերը: Եվ հայ զինվորի տեսակն, իսկապես անպարտելի էր, նրանք թշնամուն նորից կհաղթեին, եթե…
Եթե իրենց թիկունքին ունենային ազգային իշխանություն, եթե պետությունը զավթած չլիներ հակահայ խունտան: Հետո էլ թշնամու հետ խաղաղության դարաշրջան հռչակելու ուղիներ էին փնտրելու ՝ մեզ պարտադրելով պարտվածի խարանը: Պատմությունն ամենամեծ դատավորն է, որ սա չի ներելու: Եվ հարյուրամյա հեռավորությունից նետի պես արժանապատիվ, գիտակից մարդկանց սիրտն են խոցում Զորավարի այս խոսքերը.
«Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնար հաշտվիլ մինչեւ իմ մահը։ Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել եւ կուզեմ որ լսեք։ Եթե այս հեղափոխական կոչված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ։ Օր պիտի գա, որ այս հեղափոխականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պես գազան մը եւ բոլորիդ ալ պիտի հոշոտեն…»:
Ես էլ եմ անհաշտ, Զորավար:
Անհաշտ եմ, որպես ազգային վրիժառուի սերունդ: Ու անհաշտ պիտի լինեն մեր ապագա սերունդները նույնպես, որովհետև թշնամին նույն թշնամին է մնալու միշտ, որ «խաղաղության դարաշրջան» ասելով՝ հասկանում է մեր պատմական բնօրրանի` Հայկական բարձրավանդակի լիակատար հայաթափում, հայ ազգի չգոյություն: Սա է խաղաղության մասին նրանց պատկերացումը: Իսկ մենք այս մտքի հետ հաշտվել չենք կարող ու շարունակելու ենք մեր դժվարին պայքարը: Ի զուր չէ, որ Սփյուռքից Հայրենիք եկած և իր կյանքը Արցախի համար տված մեր մյուս Ազգային հերոսն ասում էր՝ «Եթե խաղաղություն, ապա միայն մեր հաղթանակով»…
….2000 թվականի փետրվարի 18-ին Անդրանիկ զորավարի մասունքները Հայրենիքի հողին հանձնելու ամբողջ արարողությունը հեռարձակվեց ուղիղ եթերում՝ վաստակաշատ հաղորդավարուհի ՝ Աիդա Ներսիսյանի մեկնաբանությամբ: Այդ պատմական օրը վավերացրել է նաև հայրս՝ լուսանկարիչ Գագիկ Պողոսյանը:
Իսկ այս կադրերում երևում են նախկին նախագահները, ինչպես նաև այն բարձրաստիճան զինվորականները, ովքեր Արցախ էին ազատագրել և այս ժամանակ մտածել էին մեծ Զորավարի, ինչպես նաև երևելի հայորդիների մասունքները հայրենդարձելու մասին… որ զորանա Հայոց հողը և փառքը վերադառնա մեր երկիր:
Այս կադրերում է Հայոց բանակի գեներալ Բասենցի Ազոյանը, որ մեծ ավանդ է ունեցել հետախուզության համակարգում: Այս կադրերում է Անդրանիկ զորավարի զինվորը, որ այդ ժամանակ արդեն 102 տարեկան էր:
Այս իրադարձությունն ինձ համար Հայոց նորագույն պատմության ոսկե էջերից է, որ դպրոցական ժամանակից մնացել է հիշողությանս մեջ: Այնքան ոգեղեն, որ հաջորդ օրը դպրոցներում աշակերտներին հանձնարարվել էր գրել շարադրություն՝ նվիրված մեծ Զորավարին:
Եկեք նորից դիտենք այս կադրերը, հիշենք մեր Պատմությունն ու Դատը, որն այդպես ջանադրորեն փորձում են ուրանալ անհայրենիքները և Անդրանիկ ծնած ազգին էլ պարտադրել ջնջել իր հիշողությունը:
Նայենք այս կադրերը, վերապրենք այդ օրը և չմոռանանք Վահան Թեքեյանի խոսքերը.
-Անդրանիկը մեռած չէ եւ երբեք չի մեռնելու։ Նա մնալու է հավերժ՝ իբրեւ կեանքի ներշնչող ու ոգեւորող ներկայութիւն։
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ