ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

ՈՒ՞մ համար է երաժշտություն արարում մաեստրոն, երբ իր աչքի առաջ երկիր է վերանում

ՈՒ՞մ համար է երաժշտություն արարում մաեստրոն, երբ իր աչքի առաջ երկիր է վերանում
27.04.2025 | 16:10

Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանի անկախական կոչվող երեք տասնամյա խայտառակ, այլանդակ վիճակի ու այսօր հանգիստ, խաղաղ, ինչ-որ տեղ նաև ուրախ ու երջանիկ, թաթուլներով զմայլվելով դեպ կործանում գլորվող վիճակի համար մեղքի մեծ բաժին ունեն հայ լրագրողները։ Առնվազն 90 տոկոսը պրոֆեսիոնալիզմից հեռու, փողի, հոնորարի, «տուն պահելու համար» միկրոֆոնները ձեռքին, ամեն դուրսպրծուկի ու ոչնչության հետևից վազող և սրանց «վաժնի պերսոնաներ» ու քաղաքական լկտի դեմքեր սարքող, քաղաքացու նշույլից զուրկ հայ լրագրողները, կրկնում եմ, երկրի կործանման մասնակիցներից են։ Այդ մասին բազմիցս գրել եմ։

Բայց երբ հանկարծ արվեստագետ ու բարձր արվեստի ջատագով դարձած արարածների մի խումբ կողքից իրենց խրախուսող տգետների ոհմակով նշանառության տակ է առել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին հարց ուղղած լրագրողին, անկախ այդ լրագրողի պրոֆեսիոնալիզմի աստիճանից, ես այդ լրագրողի կողքին եմ ու համակրանքս նրա կողմն է։

Նա միանգամայն իրավացիորեն հարց է ուղղել մի արվեստագետի, որ վերջին երեք տասնամյա բոլոր իշխանությունների ու հատկապես առաջին դեմքերի սիրելին է եղել։

Ժամանակ առ ժամանակ հաճույքով ողջագուրվել է նրանց հետ ու նրա` որպես տվյալ երկրի քաղաքացու ձայնը երբեք չի լսվել, երբ երկիր էր թալանվում ու կործանվում, երբ անօրինությունը բարձրացել էր պետական մակարդակի, երբ հազարավոր երիտասարդների, ազգի սերուցքը նպատակաուղղված վերացրին իրենց պայմանավորված պատերազմում, որպեսզի արդարացնեն հայկական հողերը թշնամուն հանձնելու ստորագույն ճիվաղությունը։

Ձայն չհանեց ոչ միայն այդ տղաների կորստի համար, այլև մի քանի հազարամյա հայոց Արցախ աշխարհը թշնամուն ծախելու դաժան իրողությունից։

ՈՒ երբ լրագրողն այդ մարդուն հարց ուղղեց, որ բխում էր հայության մի ստվար մասի սրտից, ջրի երես թռան բազմաթիվ պղպջակներ ու վայնասուն բարձրացրին` դու ո՞վ ես, որ նման «լկտի պահվածքով» հարց ես ուղղում մեր «ազգային հանճարին», «ազգի պարծանք մաեստրոյին»։

Գրողը տանի, բայց ու՞մ համար է երաժշտություն արարում մաեստրոն, երբ իր աչքի առաջ երկիր է վերանում, իսկ նա կարծես վերևներում, մի այլ մոլորակում է ապրում։

Վաղը եթե իր երկրում այլևս մարդ չմնա, ինչպես եղավ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Նախիջևանում ու Արցախում, ո՞վ է լսելու մաեստրոյի երաժշտական գոհարները։

Միայն չասեք, թե մոլորակի երաժշտասեր մարդկությունը դեռ չի մեռել։

Մաեստրոն ոչ Բախ է, ոչ Մոցարտ, ոչ Բեթհովեն, ոչ Չայկովսյի ու Ռախմանինով, ոչ Արամ Խաչատրյան ու Առնո Բաբաջանյան։ Արտերկրում, մեղմ ասած, հերթ կանգնած չեն Մանսուրյան լսելու և նվագելու համար։

Երեկ էլ մի տականքի մասին մի քիչ կոշտ, բայց միանգամայն տեղին գրառում արած Լևոն Ջավախյանին փողկապավոր մեկն ասում էր` քեզ չի սազում այդպես գրել։ Իսկ քո այդ գերագույն ճիվաղանոցին սազու՞մ է, նրանց կարելի՞ է սեփական երկիրը թալանել, ծախծխել ու վերացնել, այ խղճուկ։

Ողջ գրական համքարությունից մի ձեռքի մատների վրա հաշված մարդիկ են գրում, իրենց հնարավորության սահմաններում պայքարում ազգի տականքի դեմ։ Այդ եզակիներից մեկը Լևոն Ջավախյանն է, որին ղեկավարապաշտ, կուռքապաշտ հատվածի մի ներկայացուցիչ փորձում է լռեցնել։

Մեծն Թումանյանի հանրային գործունեությունն ուսումնասիրեք, ողորմելիներ։1915 թվականին նա Թիֆլիսից եկել, հասել էր այստեղ, Էջմիածին, որպեսզի օգնի փրկել յաթաղանից մազապուրծ Արաքսի այս ափ հասած հայ որբերին։

Կարո՞ղ է ազգի իրական հանճարը Մանսուրյանից փոքր մարդ էր։ Գուցե աշխարհահռչակ Հովհաննես Այվազովսկին էր փոքր մարդ, որ թուրք սուլթանի հետ ողջագուրվելու փոխարեն, ծովը նետեց նրա տված մեդալներն ու պարգևները։

Չէի ուզում անդրադառնալ այս թեմային, բայց երբ մաեստրոյացավով տառապող մի խումբ փորձում է ապացուցել, որ տաղանդի, ազգի հանճարի համար ՔԱՂԱՔԱՑԻ լինելը նշանակություն չունի, նա վեր է ազգից, վերազգային արժեք է, ստիպված եղա կրկին անդրադառնալ ինձ համար ոչ հաճելի այս աղմուկին։

Վարդգես ՕՎՅԱՆ

Հ.Գ.

Ոչ մեկին քննարկման, բանավեճի չեմ հրավիրում։ Ովքեր ինձ համար կարևոր ու սկզբունքային այս հարցում այլ կարծիք ունեն, հանգիստ կարող են լքել ֆբ ընկերներիս ցուցակը։

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ