ՈՒսանողների միջազգային օրվա կապակցությամբ օրեր առաջ շնորհավորական ուղերձով հանդես գալով՝ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, կոչ է արել ուսանողներին լինել պահանջատեր կրթության որակի նկատմամբ, չհանդուրժել միջակությունն ու ժամավաճառությունը, լինել հարցասեր, ունենալ կասկածներ, չվախենալ իրենց մտահոգությունները բարձրաձայնելուց։
Կասկածից վեր է, որ Ժաննա Անդրեասյանը, մեղմ ասած, քաջատեղյակ է հատկապես վերջին շրջանում ԵՊՀ-ում և Բրյուսովում տեղի ունեցած կադրային ջարդից։ Նա անկասկած տեղյակ է (կրկին` մեղմ ասած), որ կադրային այդ ջարդը առնվազn որոշ դեպքերում էապես ազդել է կրթության որակի վրա․․․ բացասաբար է ազդել (հանգամանք, որի վրա հրավիրում է ուսանողների պահանջատիրությունը)։
Նա շատ լավ գիտի, թե ո՛ր դասախոսներից ազատվելու համար ի՛նչ շինծու հիմքեր են կիրառվել, թե ի՛նչ արձագանքներ է տվել ուսանողությունը որոշ դասախոսներից ազատվելու դեպքերի վերաբերյալ։
Անդրեասյանը, ամենայն հավանականությամբ, քաջատեղյակ է նաև, որ կադրային այդ ջարդը չի վերաբերել բազմաթիվ ժամավաճառ, դասախոսություն թելադրող, արխայիկ մեթոդներով դասավանդող, սուբյեկտիվ գնահատող, ուսանողների հետ կոպիտ վարվող դասախոսների․․․
Անդրեասյանը ի պաշտոնե ունի՞ լծակներ վերոնշյալ իրողություններին համարժեք արձագանքելու համար։ Հաստատապես` այո։ Ունի՞ հնարավորություն դիրքորոշում հայտնելու։ Հաստատապես` այո։ Կիրառե՞ց որևէ լծակ։ Ո՛չ։ Հայտնե՞ց որևէ դիրքորոշում։ Ո՛չ։
Այսքանից հետո քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ այս հորդորը ուսանողներին, երբ ինքն իր վարքագծով հակառակն է անում։
Սա նման է այն դեպքին, երբ հայրը երեխային խրատում է լինել ազնիվ, չստել, հետո, երբ հնչում է դռան զանգը, պատվիրում է դուռը բացել ու ասել, որ «պապան հոգնած-քնած է»։
Մենուա Սողոմոնյան