ՀՀ-ում նոր քաղաքական ուղղություն է ծնվում՝ ազգային լիբերալներ. սա, իհարկե, զավեշտ է առաջին հայացքից՝ հաշվի առնելով այս ճամբարի մարդկանց ճկունությունը՝ քաղաքական քարոզով գումար աշխատելու հարցում: Բայց հեռանանք այս անձերից և մի քիչ մտորենք գաղափարի շուրջ:
Իր հիմքում հենց ազգայինն է մարդուն իրապես ազատ դարձնում, քանի որ, ըստ իս, ազատ է այն մարդը, ով չի նեղվում իր ինքնությունը, իր որակները, իր տեսակետները մյուսների առաջ արծարծելուց, հակադրելուց, համադրելուց և ամուր կանգնած է մնում իր գաղափարների հետ:
Ազգային գաղափարախոսությունը մի ամբողջ ազգի է ընձեռում այս իրավունքը, այն է՝ ունենալով քոնը, քո մտքի արգասիքը, քո ստեղծած արժեքն ու մշակույթը՝ գլուխը բարձր ապրել աշխարհի բազմազանության մեջ: Լիբերալիզմի մյուս մոդելները տեսանք և տեսանք նաև, թե ինչ տեսակի ստրկացումների են դրանք տանում մարդկանց, ովքեր զուրկ են սեփական գաղափարական հիմքերից:
Ազատությունը բնությունից մեզ ընձեռնված ամենավտանգավոր և ամենամարտահրավերային երևույթն է: Բավական է մի հայացք նետել բնությանը, կենդանական աշխարհին, և տեսնում ենք, թե որքան վտանգներ է այն իր մեջ պարունակում. ազատ թռչկոտող նապաստակն ու ազատ վազվզող եղնիկը նույն ազատությունը չունեն, ինչն ունի ազատ գայլը կամ ազատ առյուծը: Ազատ անխելքը նույնն է, ազատ չկայացածը, ազատ չինքնորոշվածը նույնն է մարդկանց աշխարհում. նա ամեն քայլափոխի կարող է հոշոտվել ուժեղների կողմից:
Մեր հանրային և քաղաքական կյանքի վերջին տարիները մեզ դա ապացուցեցին, սա որքան ցավալի է, այնքան՝ ուրախալի: Միայն մաշկի վրա զգալով կարող ենք ուղղել մեր սխալներն ու թերությունները և իսկապես ազատականացնել մեր կյանքը հենց ազգային հիմքի վրա հենվելով:
Ծառը կանգուն է մնում արմատների հաշվին: Ազգային գաղափարախոսությունը հենց այն արմատն է, որը մեզ կպահի մեր հողի վրա:
Էլիզա Առաքելյան