1820 թ․ Թիֆլիսում Կովկասի կառավարչապետ Ա․ Երմոլովը ճաշի է հրավիրում Վրաստանի թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցուն, Վրաստանի էկզարխին, մի քանի անվանի գեներալների, որոնց թվում և՝ ծնունդով ղարաբաղցի, հայազգի գեներալ-լեյտենանտ Վ․ Մադաթովին (Ռոստոմ Մադաթյան)։
Հացկերույթի ժամանակ Երմոլովը դիմում է Աշտարակեցուն․
- Սրբազան, գիտե՞ք ինչն է այսօրվա մեր ճաշկերույթի պատճառը։
- Առանց պատճառի էլ մենք բազմիցս օգտվել ենք ձեր հյուրասիրությունից։
- Ոչ, ոչ,-ժպտում է Երմոլովը,- այսօր առանձնակի ուրախության պատճառ կա՝ Մադաթովն ուղղափառություն է ընդունել։
- Ուրախ եմ,-պատասխանում է Աշտարակեցին,-փառք Աստծո, մինչ օրս չգիտեի, թե նա ինչ կրոն է դավանում՝ հրեակա՞ն, մահմեդակա՞ն, կռապաշտակա՞ն, թե՞ որևէ այլ։
Բոլորը ծիծաղում են։
Խոսակցությունը, բնականաբար, ռուսերեն էր, և հենց այդ ժամանակ Մադաթովը հայերեն ասում է․
- Սրբազան, դրան մի հավատա․․․
- Դե, կործանվես դու,-արձագանքում է Ներսեսը։
Ճաշից հետո, երբ մյուս հյուրերը հեռանում են ու մնում Երմոլովը, Մադաթովն ու Ներսես սրբազանը, կառավարչապետը դիմում է Մադաթովին․
- Դու հիմարներից հիմարն ես։ Հայերի մեջ առաջին գեներալն էիր, այնինչ ռուսաց մեջ քո նման շատերը կան․․․
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ