Իշխանության ձգտելը կամ, ընդհանրապես, ուրիշների նկատմամբ դոմինանտության և գերակա դիրքի ձգտելը, որը մարդու էության ու գոյության մրցակցային պայքարի առանցքն է, կարող է ունենալ ամենատարբեր նպատակներ, որոնք, նրա հոգեբանական պատկերից կախված, կարող են ընկած լինել բացարձակ էգոիզմի և բացարձակ այլասիրություն-ալտրուիզմի միջև ինչ-որ տեղ։
Քանի որ կյանքի տարբեր իրավիճակներում, կախված այն բանից, թե տվյալ կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելիս ինչպիսին է մարդու կենսաբանական ու սոցիալական մոտիվների հարաբերությունը, մոտավորապես նույնը կլինի նաև նրա վարքի ու պահվածքի մեջ նրա էգոիզմ-ալտրուիզմ հարաբերությունը, որն էլ, իր հերթին, որոշում է նրա հոգեբանության ծանրության կենտրոնը։
Միջմարդկային հարաբերությունների որակը որոշողը մարդու հոգեբանության ծանրության կենտրոնն էլ այն գործոնն է, որն էլ շատ մեծ ազդեցություն ունի հասարակության քաղաքակրթական մակարդակի վրա։
Մյուս կողմից էլ, քանի որ մարդկանց վարքի ու պահվածքի մեջ կենսաբանական մոտիվների դերը մոտավորապես նույնն է, ապա նրանց մոտ էգոիզմ-ալտրուիզմ հարաբերության չափը կառավարելու հիմնական միջոցը մնում են սոցիալական մոտիվները։
Վերջիններիս արմատներն էլ մարդու մանկության մեջ են և որոշվում են, առաջին հերթին, ընտանիքի ու միջավայրի քաղաքակրթական մակարդակով, որն ինքն էլ անմիջականորեն կապված է կյանքի որակի և դրա աղքատության հետ։
Աղքատ ու քաղաքակրթական ցածր մակարդակ ունեցող միջավայրում, որտեղ մանուկը զրկված է տարրական հաճույքներից ու ջերմ վերաբերմունքից, նրա մեջ ձևավորվում է ամեն ինչից զրկվածի դաժան ու էգոիստական հոգեբանություն, իր բազմաթիվ բացասական հակահասարակական հետևանքներով, որոնց առանցքը վրեժի զգացումն է բոլորի ու ամեն ինչի նկատմամբ։
Կախված միջավայրի հատկություններից, ընթացիկ հանգամանքներից ու անձի ունակություններից՝ դաժան ու զրկվածի հոգեբանության տեր մարդը կարող է հասնել հասարակական կարևոր դիրքի, որը կարող է ունենալ լուրջ բացասական հետևանքներ։
Այն դեպքում, երբ նման անձը հասարակության մեջ հասնում է բարձրագույն դիրքի, ապա նա, բնական ընտրությամբ, իր նմաններով լցնում է իշխանական հիերարխիան, որն էլ բերում է հասարակական կյանքի անկման և պետականության ազդեցիկության զրոյացման։
Մյուս կողմից էլ, հասարակական կյանքում մարդկանց հոգեբանության հետ կապված հարցերի քննարկման ժամանակ, նրանց բաժանումը պազունակ էգոիստ կամ ալտրուիստ տեսակների, կարող է բերել թյուրիմացությունների, քանի որ էգոիզմ ասածը կարող է ունենալ ամենատարբեր դրսևորումներ ու նույնը՝ նաև ալտրուիզմի համար։
Օրինակ, մարդը ալտրուիստական միջոցներով կարող է հետապնդել զուտ էգոիստական նպատակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել նյութական կամ էլ ոչ նյութական։
Այսինքն, 1․ Մարդը կարող է ալտրուիստական միջոցներով խուսափել հարկեր վճարելուց, որով հետապնդել նյութական շահ, կամ էլ 2․ Միջավայի համակրանքը վայելելու և հաճույք ստանալու համար նա կարող է հանդես գալ որպես բոլորին «անշահախնդիր» լավություն անող, այսինքն, հետապնդել ոչ նյութական շահ՝ հաճախ էլ ունենալով նյութական կորուստ։
Պավել Բարսեղյան