Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ընդգծել է Լավրովը:               
 

Կդառնա՞նք արդյոք այն ուժը, որն իր վերադարձը կկարողանա պարտադրել

Կդառնա՞նք արդյոք այն ուժը, որն իր վերադարձը կկարողանա պարտադրել
30.01.2026 | 14:22

Մեր ցավը իրական է, մեր իրավունքները՝ անվիճելի։ Բայց ոչ ոք մեր փոխարեն վերադարձ չի պարտադրելու, եթե նույնիսկ անընդհատ կրկնենք՝ արցախահայությունը Արցախի բնիկ ժողովուրդն է, վերադարձի իրավունքը միջազգային իրավունք է, տեղահանությունը՝ հանցագործություն։ Սրանք բոլորը ճիշտ են։ Բայց ճիշտը դեռ ճանապարհ չէ։

Եթե մենք ներկայանանք միայն որպես զոհ, մեզ կխղճան։ Այսօր արցախահայությունը Հայաստանում գոյություն ունի որպես տասնյակ հազարավոր առանձին ընտանիքներ։ Քանի դեռ մենք չենք ձևավորվել որպես պահանջատեր ուժ, մեզ դիտարկում են որպես սոցիալական խնդիր, ոչ թե քաղաքական գործոն։ Սոցիալական խնդիրները կարևոր են, բայց դրանք չեն վերադարձնում հայրենիքը։ Եթե մենք միայն օգնություն ենք խնդրում, մեզ կօգնեն։ Իսկ եթե մենք պահանջենք իրավունք, ստիպված կլինեն հաշվի նստել մեզ հետ։Եթե ներկայանանք որպես սուբյեկտ, մեզ հետ հաշվի կնստեն։ Ոչ ոք չի ապահովի մեր վերադարձը Արցախ, եթե մենք ինքներս չդառնանք այն ուժը, որի հետ հաշվի չնստելն անհնար կլինի։ Վերադարձը չի տրվում՝ վերադարձը պետք է ձեռք բերել։ Իսկ Վերադարձը կսկսվի մեր կազմակերպվածությունից՝ միասնական օրակարգից, պատասխանատու խոսնակներից, հստակ պահանջներից, ոչ թե՝ ընդհանուր լոզունգներից։

Իրականում «Վերադարձ Արցախ» կարգախոսը հուզական է, բայց ոչ գործնական։ Գործնական դարձնելու համար անհրաժեշտ են ներկայացնել հստակ պահանջներ՝ վերադարձի պայմաններ, անվտանգության մեխանիզմներ, միջազգային ներկայություն, սեփականության իրավունքի ճանաչում։ Քաղաքական աշխարհը աշխատում է կետերով, ոչ զգացմունքներով։ Իսկ պատեհ ժամանակները չեն գալիս՝ դրանք ստեղծվում են։ Յուրաքանչյուր ամիս, երբ մենք չենք գործում, մեր դիրքերը թուլանում են։

Իսկ վերջում՝ այս փուլում հարցը սա չէ՝ կվերադառնա՞նք, թե ոչ։ Հարցը սա է՝ կդառնա՞նք արդյոք այն ուժը, որն իր վերադարձը կկարողանա պարտադրել։ Վերադարձը չի սկսվում և ավարտվում հայտարարություններով։ Այն սկսվում է մեր ինքնագիտակցությունից, մեր կազմակերպվածությունից և մեր համատեղ կամքից։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 5655

Մեկնաբանություններ