Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Երկրի նախագահը կատարել է իր 1-ին պարտավորությունը՝ երկրի անվտանգության ապահովումը»

«Երկրի նախագահը կատարել է  իր 1-ին պարտավորությունը՝ երկրի  անվտանգության ապահովումը»
19.09.2013 | 23:39

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

-Պարոն Գրիգորյան, Հայաստանը տարիներ շարունակ պատրաստվում էր Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելուն, սակայն կտրուկ շրջադարձ կատարվեց, և հայտարարվեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը: Տարօրինակ չէ՞ արտաքին քաղաքական վեկտորի այս կտրուկ շրջադարձը:
-Ցավոք, որոշ կայացած և չկայացած քաղաքական գործիչների, հասարակական ներկայացուցիչների և լրատվամիջոցների մոտ այնպիսի պատկեր էր ձևավորվել, թե մենք պատրաստվում ենք ԵՄ-ի հետ ստորագրելու ասոցացման պայմանագիրը և ինչ-որ տեղ խաչ ենք քաշում մեր բոլոր այն պարտավորությունների, այն համաձայնագրերի վրա, որ ունենք Ռուսաստանի հետ: Դա թյուր պատկերացում էր և մեր արտաքին քաղաքականության ոչ ճիշտ ըմբռնում: Հանրապետության նախագահի կողմից վարվող արտաքին քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է երկրի անվտանգությունն ապահովելուն և դրանից բխող քաղաքական, տնտեսական հարցերը լուծելուն: Առանց անվտանգության ոչ ոք և ոչ մի երկիր ապագա չունի: Մեր վերջին 150 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մեր անվտանգությունը մենք կապում ենք ռուսական պետության հետ: Այսօր էլ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, և մենք երկրի անվտանգությունը, ռազմական ուժերի զարգացումը, զինված ուժերի համալրումը նոր զինատեսակներով տեսնում ենք Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում: Իսկ Մաքսային միության սկզբունքները հիմնականում բխում են Ռուսաստանից: Աշխարհը հիմնականում միաբևեռ է, ինչը խիստ վտանգավոր է: ՌԴ-ն այսօր խնդիր ունի ստեղծելու մի նոր բևեռ՝ երկրորդ բևեռը: Այսօր կարող ենք ասել, որ երկրորդ բևեռի առանցքը կա, այն արդեն գործում է, և դրա վկայությունն է սիրիական հարցի խաղաղ լուծումը: Այդ բևեռի վերջնական ձևավորման համար Ռուսաստանը պետք է ունենա դաշնակիցներ, իսկ այդ դաշնակիցների առաջին շարքերում կլինեն նախկին ԽՍՀՄ այն հանրապետությունները, որոնք իրենց ռազմական, տնտեսական, մշակութային կապերով, մենթալիտետով կապված են իրար հետ: Ռուսաստանի համար ապագա անվտանգության տեսակետից գերխնդիր է այդ նոր բևեռի ձևավորումը: Այդ բևեռը կհանդիսանան Մաքսային և Եվրասիական միությունները: Մեր շահերից չի բխում հակադրվել այդ ուղղությանը: Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ մեր համագործակցությանը, ապա ես երբեք չեմ լսել երկրի առաջին դեմքերից, հատկապես ՀՀ նախագահից, որ, ստորագրելով ասոցացման պայմանագիրը, պատրաստվում ենք դառնալու ԵՄ կամ ՆԱՏՕ-ի անդամ: Այդպիսի հայտարարություն երբեք չի եղել: Մենք ասում ենք՝ ուզում ենք ամրապնդել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, ԵՄ որոշ սկզբունքներ, դրույթներ ընդունելի են մեր երկիրը զարգացնելու համար: Իսկ ո՞վ ասաց, որ եթե անդամակցում ենք մի միության, անպայման պետք է հակադրվենք մեկ այլ կառույցի: Որոշ լրատվամիջոցների և անձանց հակառուսական մեկնաբանությունները խիստ վտանգավոր են մեզ համար: Մենք Ռուսաստանի հետ կապված ենք շատ ամուր կապերով: Թող հիշեն 1993 թվականը. երբ մեր զինված ջոկատներն ազատագրեցին Քարվաճառը, Թուրքիայի այն ժամանակվա նախագահն անասելի հիստերիա բարձրացրեց՝ սպառնալով անցնել սահմանն ու օգնել իրենց ադրբեջանցի եղբայրներին: Միայն Ռուսաստանի պաշտպանության նախարարի կոշտ հայտարարությունը, որ դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, հետ պահեց Թուրքիային այդ մտադրությունից: Ո՞Ւր էին այդ ժամանակ Եվրամիության անդամները, ինչո՞ւ ձայն չբարձրացրին: Ահա այն հիմնական երաշխիքը, որ ուղղորդում է մեզ, և ճիշտ է վարվում երկրի նախագահը, որովհետև երկրի համար առաջնայինն անվտանգությունն է:
-Ասում են նաև, որ Ռուսաստանը, ի վերջո, տարբեր ճնշումների միջոցով է հասել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշման ընդունմանը: Մասնավորապես, գազի թանկացումը, զենքի վաճառքն Ադրբեջանին ճնշման ձևերից են:
-Թյուր մեկնաբանություններ եղան ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի շուրջ: Դրան ես ունեմ իմ մեկնաբանությունը, ինչը գուցե ոմանք չընդունեն: Դա մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությունն է, որ վարեց ՌԴ-ն Ադրբեջանի նկատմամբ: Հայաստանի նկատմամբ նման քաղաքականությունն անիմաստ է, որովհետև մենք ՌԴ ռազմավարական գործընկերն ենք: Գազի թանկացումը, զենքի վաճառքը ոչ մի կապ չունեն Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հարցի հետ: Մենք առանց այն էլ խոր կապերով կապված ենք Ռուսաստանի հետ, կապված ենք պայմանագրերով, ռուսական զորքը պաշտպանում է մեր սահմանները, ի՞նչ ճնշումների մասին կարող է խոսք լինել: Մաքսային միությանն անդամակցելը բխում է մեր շահերից: Մենք Ռուսաստանի համար տնտեսական հետաքրքրություն չենք ներկայացնում. փոքր տարածք ենք, չկա համապատասխան շուկա: Մենք ՌԴ-ի համար հետաքրքրություն ներկայացնում ենք ռազմավարական և քաղաքական տեսակետից: Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա այն նախ և առաջ կոմերցիա էր: Բացի այդ, կար նաև քաղաքական ենթատեքստ: Դրանով գուցե Ռուսաստանն Ադրբեջանին ուզեց հասկացնել, որ, ճիշտ է, Հայաստանի հետ իր հարաբերությունները ռազմավարական են, սակայն այդ սերտ կապերն Ադրբեջանի դեմ ուղղված չեն: Ռուսաստանը շատ լավ գիտի, որ այդ զենքը երբեք իր դեմ չի կիրառվի: Եթե օգտագործվի ՀՀ-ի դեմ, նշանակում է՝ կօգտագործվի նաև իր դեմ: Հակառակ դեպքում մի քանի օրում այդ զենքը կվերածվի մետաղի ջարդոնի: Մյուս կողմից, վերջին 2 տարում ՌԴ-ն 1,5 միլիարդ դոլարի ժամանակակից զենք է տվել Հայաստանի բանակին: Ո՞Ւմ հաշվին, ինչպե՞ս, մեր բյուջեն թույլ կտա՞ր նման ծախսեր կատարել: Մենք ձեռք ենք բերել այդ զենքը բավականին հարմար գներով, և եթե այսօր ասում ենք, որ մեր բանակը զինված է գերժամանակակից տեխնիկայով, ու պատրաստ ենք դիմակայելու հակառակորդին ու հակահարված տալու, ապա պարզ չէ՞, թե ով է դրա թիկունքում կանգնած. մեր ռազմավարական գործընկերը: Եկեք մակերեսային մեկնաբանությունները թողնենք մի կողմ և խոր նայենք երևույթներին: Շատ չկայացած քաղաքական գործիչներ կամ նախկին իշխանավորներ բոլոր մեկնաբանությունները տանում են մեկ ուղղությամբ՝ բոլոր հարցադրումները կապելով «իշխանությունները պետք է հեռանան» ձևակերպման հետ: Եթե իշխանությունները կատարել են այդ քայլը և երկրի անվտանգության ապահովման տեսակետից միանում են Մաքսային միությանը, ապա ես սատարում եմ նման իշխանություններին արտաքին քաղաքականության հարցերում: Մաքսային միությանը միանալը մեզ ձեռնտու է թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական առումով: Իհարկե, ներկայումս դժվար է խոսել տնտեսական շահավետության չափերի մասին, քանի որ չունենք այդ պայմանագրերը, բայց որ այն շահավետ կլինի, չեմ կասկածում, դրա համար բոլոր հիմքերը կան:
-Պարոն Գրիգորյան, չե՞ք կարծում, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունությունն ավելի շատ Ռուսաստանի, ոչ թե Հայաստանի ձեռքում է: Մեր բոլոր ենթակառուցվածքները, լծակները գտնվում են ՌԴ-ի ձեռքում, և ցանկացած պահի ՌԴ-ն կարող է կաթվածահար անել մեր տնտեսությունը:
-Շատ երկրներ կան, որտեղ տնտեսության մեջ որևէ պետության դերակատարումն առաջնային է: Բայց դա չի նշանակում է, թե այդպիսով ստանձնում են այդ երկրների կառավարչի դերը: Մենք ունենք մեր ինքնուրույնությունը, անկախությունը: Ոմանք մեղադրում են ՀՀ նախագահին, թե միանալով Մաքսային միությանը՝ կորցնում ենք մեր անկախությունը, խախտում ենք սահմանադրությունը: Ընդհակառակը, երկրի նախագահը կատարել է իր առաջին պարտավորությունը՝ երկրի անվտանգության ապահովումը, և դա գովելի է: Մենք ԵՄ-ի հետ պետք է համագործակցենք, բայց ԵՄ-ում ոչ ոք մեզ չի սպասում, և ոչ էլ մենք այնտեղ տեղ ունենք: Անընդհատ կրկնում ենք՝ եվրոպական արժեքներ: Որո՞նք են այդ արժեքները: Ամենամեծ արժեքները քրիստոնեական սկզբունքներն են: Նույն Եվրոպան այսօր հեռացել է քրիստոնեական արժեքներից: Որոշ վայ-քաղաքական գործիչներ հայտարարում են, թե Ռուսաստանը կոռումպացված երկիր է, այդպես չէ, չի կարելի նման հայտարարություններ անել: Իսկ ով ասաց, որ Եվրոպան կոռումպացված չէ: Բերեմ տասնյակ օրինակներ. Հունգարիան կասկածելի գործարքներ կատարեց Ադրբեջանի հետ՝ արտահանձնելով մարդասպանին: Ի՞նչ է, դա կոռուպցիայի արդյունք չէ՞ր: Նույն եվրոպաներում Ադրբեջանը չի՞ կիրառում իր խավիարային քաղաքականությունը: Ինչ վերաբերում է մեր ներքին խնդիրներին, ապա մեր երկրում մեր ներքին հարցերը լուծողը մենք պետք է լինենք, ոչ ոք չի կարող դրսից ինչ-որ բան թելադրել և լուծել մեր ներքին խնդիրները:


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ