Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանամերձ Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցը շրջապատված է Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անունները կրող կճուճներով։ Դպրոցի բակը մի իսկական երկրագիտական թանգարան է հիշեցնում, որտեղ կարելի է գտնել հնագույն իրեր։ Այստեղ թոնրի մեջ կարելի է հաց թխել, ջրհորից ջուր հանել։
Գետաշենի 278 աշակերտ ունեցող դպրոցը Հայաստանում բացառիկ է նաև իր մեծ տնտեսությամբ, ուսուցման այլընտրանքային մեթոդներով։ Դպրոցապատկան մոտ 2 հեկտար հողամասում աշակերտներն ու ուսուցիչներն իրենց ագրոտնտեսությունն են զարգացնում, պահում ընտանի կենդանիներ, իսկ ստացված բնամթերքը մուտք է գործում կրթօջախ՝ կերակրելով աշակերտներին։ Էլի շատ տպավորիչ բաներ կան Թուրքիային սահմանամերձ փոքրիկ գյուղի այս կրթօջախում, որոնց մասին մեզ պատմում է դպրոցի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄՈՒՔՈՅԱՆԸ։
«Տնօրենի պաշտոնը ստանձնել եմ 2010-ի նոյեմբերին։ Մասնագիտությամբ գյուղատնտես եմ։ Մինչև տնօրեն դառնալը նույն դպրոցում աշխատել եմ որպես զինղեկ, ռազմագիտության ուսուցիչ և բնական հյութերի գործարաններից մեկում՝ գլխավոր գյուղատնտես։ Այս դպրոցը հիմնադրել է հայրս 1967թ.՝ մինչև 1997-ն տնօրինելով այն։ Մտածեցի, որ ամեն մարդ իր հայրենի գյուղում պետք է աշխատի, հոր գործը շարունակի, և մշեցու թասիբն ինձ բերեց Գետաշենի միջնակարգ դպրոց։ Դպրոցը անմխիթար վիճակում էր։ Ես՝ որպես ծնող, իմ երեխային չէի թողնի՝ վթարային, ավերակ այս շինություններում սովորեր։ Մարզպետի օգնությամբ վերանորոգվեց դպրոցի տանիքը, պատուհաններն ու դռները փոխվեցին։ Մենք էլ պարապ չմնացինք. պետական ծրագրին զուգահեռ, որքան հնարավոր էր, թե՜ անձնական, թե՜ դպրոցի խնայած միջոցների հաշվին կարողացանք որոշակի աշխատանքներ կատարել»,- պատմում է տնօրենը։
Պարոն Մուքոյանը կարծում է, որ անհրաժեշտ է, որպեսզի հատկապես գյուղական դպրոցը լինի ոչ միայն երեխաներին կրթելու, դաստիարակելու, այլև զբաղվածության կենտրոն. «Երեխաների մոտ պետք է վեր հանել նրանց մտավոր ունակությունները, հակումները։ Մենք ունենք երգի, պարի, նկարչական, ձեռքի արվեստի, թատերական, մարզական խմբեր։ Մեծ դեր ունի ծնողական խորհուրդը։ Պարզ խոսեմ՝ նրանք վստահում են ինձ, և երբ տեսնում են՝ տնօրենն օրը 20 ժամ դպրոցում է և հանուն մեր երեխաների բավականին աշխատանքներ է կատարում, կենտրոնանում են դպրոցի շուրջ»։
Երեխաներն այստեղ ունեն նաև իրենց փոքրիկ բիզնեսը։ Ձեռքի արվեստի խմբակի սաներն իրենց աշխատանքները վաճառում են վերնիսաժում։ «Մենք սովոր ենք բողոքել՝ պայմաններ չկան, աշխատանք չկա։ Բայց երբ պրպտում ես, կրողանում ես ամեն ինչ էլ ձեռք բերել։ Ես ձեռքի աշխատանքի խմբակի ղեկավարին պարտքով 20 հազար դրամ եմ տալիս, «Փեթակից» մի կես պարկ ուլունք, աքսեսուարներ են գնում ու անցնում գործի։ Ամեն ամսվա վերջին կիրակի օրը երեխաների, ուսուցչի հետ ձեռքի աշխատանքները տանում ենք վերնիսաժ։ Սև-սպիտակ հագած, եռագույնները կրծքներիս ամրացրած մեր տաղավարում վաճառում ենք մեր գործերը։ Գնողները բավականին շատ են, մանավանդ երբ տեսնում են՝ երեխաներն են իրենց գործերը վաճառում։ Եղել է՝ մինչև 150-160 հազար դրամի վաճառք ենք կազմակերպել։ Իմ 20 հազարը վերադարձնում են, մնացած 140 հազար դրամով գնում ենք էքսկուրսիա, այցելում թանգարաններ»։
Տնօրենը նաև ընդգծում է, որ իրենց նպատակը երեխային հայրենի գյուղի, հայրենի հողի հետ կապելն է։ Դրա համար անհրաժեշտ է նրան սովորեցնել հող մշակելու կուլտուրան։ Այստեղ սովորեցնում են ֆերմերային գործ. «Երբ եկա դպրոց, հարակից ամբողջ տարածքը գրավված էր կրթօջախի հարևանների կողմից. մեկը գոմաղբ, մյուսը խոտ էր լցրել, ջերմոց կառուցել։ Կռիվ տալով՝ վերադարձրի դպրոցապատկան տարածքները։ 4 հա տարածքից 2 հա-ն այսօր այգի է, որի վրա տնկված է ծիրանի 400 և դեկորատիվ 150 ծառ։ Երեխաների ամեն խումբ ունի իր բանջարանոցը, որն իրենք էլ մշակում են ծնողների, դպրոցի աշխատողների օգնությամբ։ Միայն թե ջրելը ոչ մեկի չեմ վստահում. ինքս եմ ջրում։ Եթե աշակերտը տեսնում է, որ իր տնօրենը տրակտորով այգին վարում է, անպայման կգա նրա կողքին կկանգնի։ Հավաքված ամբողջ բերքը հոսում է ճաշարան, որտեղ ամեն օր երեխաները տաք սնունդ են ճաշակում։ Նախապատրաստել ենք ջերմատան և անասնագոմի տարածքները։ Դպրոցի ներքնահարկում սունկ արտադրելու հաջող փորձեր ենք արել։ Ուզում ենք կյանքի կոչել ագրոդպրոցի գաղափարը, տալ մասնագիտական կրթություն՝ պատրաստելով տրակտորիստներ, վարորդներ, այգեգործներ։ Կարևոր չէ, թե այդ հմտությունները ստանալով՝ երեխաները հետագայում որտեղ կաշխատեն։ Կարևորն այն է, որ ստացած գիտելիքներն իրենց համար կօգտագործեն»։
Դպրոցն ունի նաև նախակրթարան՝ 40 սանով։ Հաստատության դռները մինչև ժամը 19.00 չեն փակվում, քանի որ մինչ այդ ժամը գործում են արտադպրոցական, արտադասարանային խմբակները։ Կրթօջախի ամեն անկյունում հորդում է հայրենասիրությունը։ Յուրաքանչյուր դասարանում դրված է ՀՀ պետական դրոշը, աշակերտները դասի են գալիս եռագույն կրծքանշաններով։ Այսպիսին պետք է լինի սահմանամերձ գյուղի սահմանապահ դպրոցը. ասում են իրենք՝ գետաշենցիները։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ