Գրիգորի Ամբարյանն օրերս ընտրվել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականի գլխավոր մարզիչ: Վերջինս նշում է, որ լողափնյա վոլեյբոլի ավանդույթներ Հայաստանը չունի և առաջին անգամ Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարին մասնակցել է 2007-ին։ Հավաքական թիմ նոր է կազմավորվել, և առաջին քայլերն են արվում այն զարգացնելու ուղղությամբ: Լողափնյա վոլեյբոլում հիմնականում ընդգրկված են երիտասարդ խաղացողներ՝ մինչև 18 տարեկան: Հուլիսի 2-րդ կեսին Ռուսաստանի Դաշնության վոլեյբոլի ֆեդերացիայի հետ համատեղ Անապայում անցկացվելու է ուսումնամարզական հավաք: Օգոստոսի 8-12-ին արդեն մեր մարզիկները Վիլնյուսում մասնակցելու են մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: «Իմ առաջ, որպես մարզչի, հաղթելու առաջադրանք չի դրվել: Պարզապես պետք է լավ մասնակցենք, փորձ ձեռք բերենք և եթե կարողանանք գոնե մեկ խաղում հաղթել, ինձ համար դա հավասարազոր է մրցաշարում առաջին տեղ գրավելուն: Սա նախապատրաստական փուլ է, քանի որ 2015 թ. Եվրոպայի լողաափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների առաջնությունն անցկացվելու է Երևանում: Իմ գլխավոր նպատակն այն է, որ մեր երիտասարդները, իրենց հայրենիքում մասնակցելով միջազգային մրցաշարի, լավ արդյունքներ ցույց տան, գոնե մրցանակային տեղեր գրավեն»,- ասում է մարզիչը:
Խոսելով լողափնյա և դասական վոլեյբոլի մասին՝ Գրիգորի Ամբարյանը նկատում է, որ դրանք բավականին տարբերություններ ունեն: «Օգտագործվող տեխնիկական հնարքները նույնն են, բայց լողափնյա վոլեյբոլը բոլորովին այլ մարզաձև է: Կատարման առումով տարբեր են: Լողափնյա վոլեյբոլ խաղում են երկու մարզիկով, բաց երկնքի տակ, ավազի վրա, բոկոտն, հնարավոր է՝ անձրևի, քամու տակ: Լողափնյայում փոխարինումներ գոյություն չունեն, մարզիկներից մեկի վնասվածքի դեպքում, մնում է մեկ խաղացող: Դինամիկ, բարդ ու ծանր մարզաձև է: Երկու մարզիկով միշտ խաղի մեջ են»:
Գրիգորի Ամբարյան-Հովհաննես Ասմարյան զույգը վերջին 9 տարիների Հայաստանի չեմպիոնն է: Օրերս ավարտված լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունում վերջիններիս ներկայացրած «ՖԻՄԱ-1» թիմն առաջին մրցանակին արժանացավ: Երկրորդ տեղում էր «ՖԻՄԱ-2»-ը (Սմբատ Գևորգյան և Հովհաննես Մոսոյան), երրորդ տեղը գրավեց երիտասարդական հավաքականի զույգը (Անդրե Սիմոնի և Աշոտ Բալաբեկյան):
Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան լողափնյա վոլեյբոլի խաղահրապարակ կա, և Հայաստանը պատրաստ է 2015-ին ընդունելու Եվրոպայի առաջնությունը: Խնդիր կա հանդիսականների համար նստատեղեր պատրաստելու առումով, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Գրիգորի Ամբարյանը նշում է, որ լողափնյա վոլեյբոլի խաղահրապարակ կառուցելը ծախսատար ու բարդ գործընթաց չէ, 5-10 օրվա ընթացքում կառուցում են խաղահրապարակը, անցկացնում մրցումները, հետո հավաքում: Մարզիչն ընդգծում է, որ Հայաստանում լողափնյա ու դասական վոլեյբոլների տարանջատում չկա, չկան այն պայմանները, որոնք թույլ կտային ամբողջ տարին անցկացնել լողափնյա վոլեյբոլի մարզումներ, միայն ամռանն է հնարավոր զբաղվել այս մարզաձևով:
Գրիգորի Ամբարյանը նշում է նաև, որ անելիքներ կան մրցավարության առումով, քանի որ մենք շատ հետ ենք մնացել աշխարհում վոլեյբոլի զարգացումներից: Աստիճանաբար պետք է մոտենանք միջազգային չափանիշներին:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ