Հուլիսի 21-ին Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը մեկնեց Ռոտերդամ՝ մասնակցելու համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին։ Պատվիրակության կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տղաների ֆուտզալի թիմը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների սեղանի թենիսի հավաքականը։
Նշենք, որ համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերը կազմակերպում է Համաեվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիան, որին 2012 թվականից անդամակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Համաեվրոպական ուսանողական մարզական խաղերն անցկացվում են երկու տարին մեկ պարբերականությամբ։
Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին այս տարի մասնակցում է 45 եվրոպական երկրի մոտ 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ։ Մրցույթներն անցկացվելու են 10 մարզաձևից, հիմնականում՝ խաղային։
Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 24-ին։ Խաղերը կեզրափակվեն օգոստոսի 8-ին։
Հովհաննես Գաբրիելյանը շեշտեց, որ իրենց թիմերի մասնակցության ծախսերը միջազգային ուսանողական այս խաղերին հոգացել են հենց բուհերը, ինչը վկայում է, որ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները մեծ ուշադրություն են դարձնում ուսանողական սպորտի զարգացմանը։
Խոսելով ուսանողական սպորտի մասին՝ Հովհաննես Գաբրիելյանը նկատեց, որ վերջին տարիներին այն բավականին ակտիվացել է։ 1993-ից Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան Համաշխարհային համալսարանական սպորտի ֆեդերացիայի լիիրավ անդամ է և 1993-ից մասնակցում է ուսանողական ամառային խաղերին (ունիվերսիադաներին)։ Մեր մարզիկները հանդես են եկել նաև աշխարհի համալսարանական առաջնությունների տարբեր մարզաձևերում։ Նման փորձ ունեցել ենք ծանրամարտում։ Հայ ծանրորդները ցույց են տվել լավ արդյունքներ՝ նվաճելով մեդալներ։ Ունեցել ենք նաև մասնակցություն եվրոպական համալսարանական առաջնություններին ձյուդո, թեքվանդո մարզաձևերում, վերջինից նվաճել ենք մեդալներ։
Այս տարի նույնպես Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, մարզաձևերի ֆեդերացիաները և ակտիվ սպորտային գործունեություն ծավալող բուհերը մասնակցություններ են ունեցել ուսանողական խաղերին։ Մասնավորապես, հուլիսին Լեհաստանում տեղի ունեցավ հեծանվային սպորտի աշխարհի ուսանողական առաջնությունը, որին մեր հեծանվորդները բավականին հաջող հանդես եկան։
Իսկ օգոստոսի 18-24-ը Լեհաստանում կայանալու է համաշխարհային ուսանողական շախմատի առաջնություն, որին Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է պատկառելի կազմով։ Թիմի կազմում է նաև գրոսմայստեր, աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն Զավեն Անդրեասյանը։ Հայաստանյան կողմը մեծ հույսեր է կապում մեր ուսանող շախմատիստների այս մրցելույթի հետ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ