Անցած տարվա վերջերից մի խումբ երիտասարդներ՝ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ անդամներ և կամավորներ, սկսեցին «Ո՛չ Թուրքիայում հանգստին» ակցիան՝ կոչ անելով հանրությանը իրենց գումարները չծախսել մի երկրում, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, որքան էլ այդ երկրի առաջարկած պայմանները գայթակղիչ լինեն հանգստի համար։ Երիտասարդներն ամիսներ շարունակ շրջել են տուրիստական գործակալություններով, Երևանի և մարզերի մարդաշատ վայրերում փակցրել համապատասխան պաստառներ, քարոզչություն իրականացրել համացանցում։
Այսօր՝ ամիսներ անց, տեսնում ենք, որ ակցիան արդյունքներ է տվել, և նվազել է Հայաստանից Թուրքիա հանգստի մեկնողների թիվը։
Ակցիային միացել են մի շարք տուրիստական գործակալություններ, մասնավորապես, Hopa travel, Sunny tour և Sac voyage travel ընկերությունները հրաժարվել են վաճառել Թուրքիայում հանգստի ուղեգրեր։
Sac voyage travel-ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Անթալիայի նկարը՝ հետևյալ մակագրությամբ. «Անվճար հանգիստ՝ դժոխքում։ Մեր պապերի արյան և ոսկորների վրա։ Մեկնողները որպես բոնուս կստանան թուքումուր։ Չվերթը՝ Բաքվից։ Ամո՛թ Թուրքիայում հանգստացողներին»։
Sunny Tour-ը դարձյալ սոցցանցերում դեռևս տարվա սկզբից հայտարարել է, որ չի վաճառելու ուղեգրեր դեպի Թուրքիա։
Hopa travel տուրիստական ընկերությունն էլ Թուրքիայում հանգիստը համարում է անցյալի սխալների կրկնություն. «Hopa Travel-ը չի ողջունում և չի կատարում ուղևորություններ դեպի Թուրքիա` բացառությամբ ուղևորություններ դեպի պատմական Հայաստան»:
Զբոսաշրջային կազմակերպություններում նշում են, որ կան այլընտրանքային հանգստավայրեր Թուրքիային՝ Հունաստան, Վրաստան, Եգիպտոս, Բուլղարիա։
Շատ զբոսաշրջային գործակալություններ, սակայն, շարունակում են վաճառել Թուրքիայի ուղեգրեր։ «Ո՛չ Թուրքիայում հանգստին» արշավի նախաձեռնողները նշում են, որ ոչ բոլոր տուրիստական կազմակերպություններում են իրենց ներկայացուցիչների նկատմամբ բարեհամբույր եղել։ Կան կազմակերպություններ, որ դռները փակել են ակցիայի մասնակիցների առջև։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ