ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Համաշխարհային կարևորության էկոլոգիական խնդիրները պետք է լուծվեն այսօր և հիմա

Համաշխարհային  կարևորության էկոլոգիական խնդիրները պետք է լուծվեն այսօր և հիմա
02.10.2015 | 00:06

Վաշինգտոնում կայացած իր անդրանիկ ելույթում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բարձրաձայնեց հետևյալ կարևոր գաղափարը. «Մենք իրավունք չունենք աշխարհի էկոլոգիական խնդիրների լուծումը թողնել մեր հաջորդ սերունդներին»: Դա այդպես է: Համաշխարհային կարևորության էկոլոգիական խնդիրները պետք է լուծվեն այսօր և հիմա: Այդ կարևոր խնդիրների լուծումը չի կարելի թողնել հաջորդ սերունդներին: Համաշխարհային տնտեսության զարգացման ներկայիս տեմպերի ու բնության նկատմամբ կիրառվող այսօրվա գիշատչային վերաբերմունքի, վնասակար տեխնոլոգիաների տեմպային զարգացման պարագայում գուցե և այդ հաջորդ սերունդները նույնիսկ չլինեն: Ո՞րն է այդ հույժ կարևոր էկոլոգիական խնդիրների լուծման բանալին: Առաջին հերթին, դա շատ քննարկվող ու սպասվող անցումն է էներգետիկայի ոլորտում: Պետք է սահմանափակել բնական էներգառեսուրսների օգտագործումն ու անցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառմանը արդյունաբերության մեջ և մարդկանց կյանքում: Այստեղ, անշուշտ, առաջնությունը տրվում է արևի անսպառ էներգիայի մասսայական օգտագործման կամ, ինչպես մենք ենք այն անվանել, երկրի հելիոֆիկացիայի գաղափարին: Հիշենք աշխարհի հելիոֆիկացիայի օրհներգի (այո, հելիոֆիկացիայի համար հայերս նույնիսկ օրհներգ ունենք) համար գրված բանաստեղծ Ժիրայր Մշեցու հետևյալ խոսքերը.


Աստծո արարյալ արեգակն արդար՝
Լույսի, ջերմության աղբյուր կենարար,
Թող որ մարդկային քանքարը բարի,
Քեզ դաշնակից ու գործընկեր լինի։

Բանական մարդը կամքով իր ազատ,
Լույս, ուժ, ջերմություն քեզանից առնի,
Ավերակում է տունն իր հարազատ...
Էկոլոգիական աղետը կանխի:
Ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր ղեկավայր այրերը վերջապես հասկանան, որ արևի էներգիայի օգտագործումը Հայաստանի համար այլընտրանք չունի: Մենք ստիպված ենք աշխարհում առաջինը սկսել հելիոֆիկացիայի գործընթացն ու մշտապես գտնվել այդ պրոցեսի ավանգարդում: Պիոներ ու ավանգարդ միաժամանակ: Այս իրողության չհասկանալն է պատճառը, որ Հայաստանի իշխանություններն ամեն տարի իրենց ոտքերը նույն փոցխի վրա են դնում: Այս տարի էլ խաղողի ընդունման հարց է առաջացել: Բերք ու բարիքը կա, ընդունողը չկա, չեն շտապում այն ընդունել: Խաղողի բերքի հիմնական սպառողները մեզ մոտ գինու գործարաններն են, որոնք այս տարվա բերքը դժվարանում են ընդունել, պատրաստ չեն, փող չունեն: Այսօր, այս ժամերին մենք ականատես ենք, թե ինչ հիմար դրության մեջ են հայտնվել Հայաստանի խաղողագործները: Անցյալ տարվա արտադրության գինի-կոնյակը չիրացրած, արդեն նոր բերքն է գալիս: Արտադրել գինու-կոնյակի նոր խմբաքանակ, բայց ո՞ւմ համար: Կատարյալ փակուղի է: Խաղողի ընդունման կետերի մոտ առաջացած կիլոմետրանոց հերթերը ձեզ վառ ապացույց: Հնարավո՞ր էր արդյոք, որ նման տհաճ իրավիճակ առաջանար հելիոֆիկացված Հայաստանում, իհարկե` ոչ: Հիշեցնեմ, որ հելիոֆիկացիայի խնդիրը միայն էժան էներգիա ստանալը չէ: Ես բազմիցս եմ բարձրաձայնել, որ հելիոֆիկացիան իր հետ Հայաստան կբերի գյուղմթերքների վերամշակման բարձր, արդյունավետ ու գյուղացիների համար հասանելի և աշխարհին դեռևս անհայտ նոր արևային տեխնոլոգիաներ, մասնավորապես խաղողը մշակելու և արտաքին էլիտային շուկաների համար շահավետ արտադրանքներ ստեղծելու համար: Այդ որտե՞ղ է գրված, որ խաղողը միայն ոգելից խմիչքներ պատրաստելու համար է: Խաղողագործության բազմադարյա պատմություն ունեցող Հայաստան երկրում հայերը խաղողից ավելի օգտակար ու քաղցր բաներ են պատրաստել: Առավել հայտնի են չամիչն ու շարոցքը: Շարոցքը պատրաստվում էր աշնանը և օգտագործվում էր մինչև ամառ, մինչև մրգի նոր սեզոնը: Այդ խիստ օգտակար սննդատեսակը այսօր էլ լայն տարածում ունի մեր մոտ, այն պարտադիր է հայերիս ամանորյա սեղանների համար: Պատմություն կա, որ Ալեքսանդր Մակեդոնացին շատ բարձր է գնահատել շարոցքը՝ որպես սննդատեսակ: Գրոհներից առաջ նա իր զինվորներին կերակրում էր հայկական շարոցքով: Ավելին, այն մտցրել էր այրուձիու պարտադիր մթերաբաժնի մեջ՝ կոզինախի փոխարեն: Բարձր կալորիականություն ունեցող, չփչացող, հեշտ պահեստավորվող ու օգտագործվող, երկրորդային էֆեկտներ ու ծարավ չառաջացնող հայկական այդ հիանալի սննդատեսակը այսօր դարձել է Ռուսաստանի և ՈՒկրաինայի ուղղությամբ արտահանվող թուրքական չրեղենի կարևոր բաղադրիչ մասը՝ տարեկան 1,5 միլիարդ դոլարի հասնող վաճառքի ծավալներով: Ինչո՞ւ մեր գյուղատնտեսության նախարարությունը ժամանակին չի կողմնորոշվել ու չի մտածել խաղողի օգտագործման հին-նոր ձևի ու ԵԱՏՄ երկրների շուկաները մտնելու շարոցքային քաղցր տարբերակի մասին: Ի՞նչ բարոյական իրավունք ունենք մենք թուրքերին զիջելու ԵԱՏՄ մեր շարոցքային շուկան: Մի քանի տարի առաջ ես եմ անձամբ հուշել նախարար Սերգո Կարապետյանին, որ Հայաստանում պետք է կազմակերպել արևով պատրաստված շարոցքի-արևային քաղցրավենիքի զանգվածային արտադրությունը: Դա խաղողի օգտագործման լավագույն տարբերակը կլիներ այսօր: Որքա՞ն կարելի է հույսը դնել միայն ռուսական ալկոհոլային շուկայի վրա: Գինու-կոնյակի սպառումը Ռուսաստանում նվազել է, դեռևս շարունակելու է նվազել և ոչ միայն ռուսական ռուբլու կուրսի անկման պատճառով: Այսօր Ռուսաստանի և ՈՒկրաինայի էժան ալկոհոլի սիրահարները հայկական, վրացական կամ մոլդովական գինիների փոխարեն օգտագործում են սեփական արտադրության սամագոններ: Սամագոն պատրաստելը այդ երկրներում դարձել է համատարած երևույթ, խանութներում վաճառվում են չինական կամ գերմանական արտադրության սամագոնի հետաքրքիր սարքեր՝ մատչելի գներով ու թորման ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր նրբությունները հաշվի առած: Այս ամենը պետք է որ լավ իմանային մեր գինեգործները, բայց չգիտեն ու շարունակում են իրենց էշը քշել ու աշխատել իրենց պապական մեթոդներով: Մեր գինեգործների ու կոնյակագործների գործերը կարելի է շտկել... դարձյալ արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների օգնությամբ: Կարելի է անցնել արևային կոնյակագործության՝ նպատակ հետապնդելով աշխատելու ռուսական ու այլ երկրների ալկոհոլային շուկաների էլիտային հատվածի վրա: Այս առաջարկությունը ես արել եմ ս/թ հունիսի 30-ին կառավարության կազմակերպած տնտեսական ֆորումի ժամանակ: Բայց ինչպես միշտ` ձայն բարբառո անապատի, լսող չկա: Կարմիր կովն իր կաշին չի փոխի, խաղողագործների հրատապ խնդիրները մեր գինեգործներին ու կոնյակագործներին չեն հուզում:
Խաղողի օգտագործման լավագույն հեռանկարը ես տեսնում եմ արևային քաղցրավենիքի արտադրության մեջ: Բերեմ մի քանի ուշագրավ հաշվարկներ: Եթե այս տարվա 300 հազար տոննա խաղողի բերքը դառնար ոչ թե գինի-կոնյակ, այլ արևային քաղցրավենիք, որի մեկ կիլոգրամի դիմաց եվրոպացիները պատրաստ են վճարելու 40 եվրո (դա ավստրիական փորձագետների գնահատականն է՝ արված 2006 թվականին), ապա 300 հազար տոննա խաղողից կարելի կլիներ պատրաստել առնվազն 60 հազար տոննա արևային քաղցրավենիք, որի իրացման ծավալները ռուսական, եվրոպական, չինական ու այլ շուկաների էլիտար հատվածում կարող էր կազմել 2,4 միլիարդ եվրո: Քի՞չ է... Հայաստանի արտաքին պետական պարտքի կարգի գումար է: Հայաստանի ինտերնետային գործարաններում (սա ևս գյուղմթերքների վերամշակող արևային արտադրության համար մեր կողմից առաջարկվող կազմակերպչական նոր ձև է՝ հիմնված տնայնագործության վրա) նման ծավալների արևային քաղցրավենիք արտադրելու համար կպահանջվեր ծախսել այնքան արևային ձրի էներգիա, որքան կարող է տալ հայկական ատոմակայանը 40 օր ու 40 գիշեր շարունակ աշխատելով: Էներգիայի խնայողության նման ծավալներ Հայաստանի էներգետիկայի նախարարը անգամ իր վարդագույն երազներում չի կարող տեսնել: Խնդրեմ, մեր երկրի տնտեսական գործերը կարգավորելու համար ևս մեկ անտեսված հնարավորություն: Գյուղնախարար Սերգո Կարապետյանին ուզում եմ հիշեցնել, որ իմ գիտական խումբը մշակել է գյուղմթերքների վերամշակման 200-ից ավելի արևային նոր տեխնոլոգիաներ, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի տեղավորել ոչ միայն հայկական, այլ նաև պարսկական արտադրության գյուղմթերքները՝ վարունգից սկսած, սմբուկով վերջացրած: Արևային տեխնոլոգիաների համար հասանելի է հատկապես մանկական սննդի արտադրությունը: Իսկ մանկական սննդի բիզնեսը բիզնեսների բիզնեսն է: Արևային տեխնոլոգիաներով վերամշակված գյուղմթերքները ունեն անհամեմատ բարձր որակ ու լավագույն սպառողական հատկանիշներ՝ բարձր տեխնոլոգիաների ու արևի անհամեմատ էժան էներգիայի օգտագործման հաշվին: Հիշենք ու մեր գործարարներին հիշեցնենք, որ համաշխարհային շուկայում հաջողության հասնելու համար պետք է ստեղծել ու կիրառել նոր տեխնոլոգիաներ: Պետք է լուրջ ներդրումներ կատարել այդ ուղղությամբ: Շուկաներին տիրում են նրանք, ովքեր տիրապետում են տեխնոլոգիաներին: Դա աքսիոմ է: Հայաստանին մեծ հեռանկարներ կարող է խոստանալ անցումը դեպի արևային կանաչ տեխնոլոգիաների զանգվածային ներդրումը՝ էներգետիկ հասանելիության ու որակական բարձր հատկանիշների շնորհիվ: Բայց այս ամենը իրատեսական կլինի միայն Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայից հետո: Ի՞նչ արած, որ հարցը բարձրացնում ես, տակը հելիոֆիկացիայի խնդիրն է հայտնվում: Քանի որ մեր իշխանությունները պատրաստ չեն լրջորեն զբաղվելու երկրի հելիոֆիկացիայի խնդիրներով, ես առաջարկում եմ արձագանքել գործարար Գագիկ Ծառուկյանի կոչին ու Հայաստանի հելիոֆիկացիայի գործընթացը սկսել մանկապատանեկան արևային խաղերով, իսկ ապագա սերունդների շահերը սահմանադրական ճանապարհով պաշտպանելու համար առաջարկում եմ ՀՀ նոր Սահմանադրության 11 հոդվածը ձևակերպել հետևյալ կերպ:
Հոդված 11. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը
1. Հանրային իշխանությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, երկրի հելիոֆիկացիայի ճանապարհով արևի էներգիայի համատարած օգտագործումն ու կանաչ տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության մեջ՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների հանդեպ:
Կարևորելով Հայաստանում մշակութային նոր միջոցառումներ անցկացնելու ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը, առաջարկում եմ հասարակական քննարկմանը դնել նաև Հայաստանում դպրոցականների և ուսանողական թիմերի մասնակցությամբ միջազգային երիտասարդական էկոլոգիական խաղեր կազմակերպելու հարցը: Խաղերի հիմնական նպատակն է լինելու կազմակերպել արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների լայն պրոպագանդան հետևյալ նշանաբանով` ամենալավ բաները մատաղ սերնդի համար, նրանց մասնակցությամբ, նկատի ունենալով, որ ապագա սերունդների փրկությունը ապագա սերունդների ձեռքի գործն է լինելու: Աշխարհի հելիոֆիկացիայի անխուսափելի գործընթացը ու նրա պրոպագանդան պետք է սկսել մեր նաիրյան երկրից, Արարատի ստորոտից: Խաղերի համառոտ նկարագիրը հետևյալն է.
. Միջազգային երիտասարդական էկոլոգիական խաղերը առաջարկվում է անցկացնել օլիմպիական սկզբունքով. պարտվող թիմերը դուրս են մնում հետագա պայքարից: Յուրաքանչյուր թիմ ունենում է 5 մասնակից և մեկ ղեկավար-մարզիչ: Խաղերն անցկացվում են բաց արևային ստադիոններում, որտեղ տեղադրվում են հատուկ կոնստրուկցիաների արևային համակարգեր. 2-3 համակարգ յուրաքանչյուր թիմի հաշվարկով: Թիմերը կարող են հանդես գալ հայկական արտադրության կամ ուրիշ երկրներում արտադրված կամ մասնակիցների կողմից նախագծված արևային համակարգերով: Արևային ստադիոնը պետք է ունենա բաց տրիբունա՝ հավասար քանակի նստատեղեր պարունակող երկու սեկտորով, որոնք նախատեսված են լինելու թիմերի երկրպագուների համար: Վերջիններս որոշակի ծրագրերով կարող են մասնակցել մրցումներին ու հաշվարկային միավորներ բերել իրենց թիմերին: Թիմերի անդամների մարզահագուստները, բացի մասնակից երկրների սիմվոլիկայից, պետք է կրեն արևային խաղերի հայկական «ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ» լոգոն:
. Որակավորման փուլերն անցած 16 թիմերը մասնակցում են եզրափակիչ խաղին, որը կարող է անցկացվել Հայաստանի անկախության օրը՝ յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 21-ին կամ նույն օրը չորս տարին մեկ անգամ:
. Եզրափակչում հաղթած թիմը կպարգևատրվի Աշխարհի հելիոֆիկացիայի գավաթով (համապատասխան համաձայնություններից հետո այն կարող է կրել այլ անուններ, օրինակ, Հռոմի պապի գավաթ անունը՝ նպատակ ունենալով ընդգծել խաղերի կարևորությունը համաշխարհային հանրության համար) ու ոսկուց պատրաստված 6 ճաշի գդալով: Երկրորդ տեղը գրաված թիմը կպարգևատրվի թեյի 6 ոսկե գդալով, երրորդ տեղը գրաված թիմը կպարգևատրվի ճաշի 6 արծաթե գդալով: Կարող են նախատեսվել նաև խրախուսական ու հատուկ մրցանակներ՝ լավագույն մասնակցի կամ այլ անվանակարգերում: Գդալի ընտրությունը, որպես մրցանակ, նպատակ ունի ընդարձակելու մասնակից երկրների աշխարհագրությունը՝ ուշադրություն չդարձնելով մասնակիցների կրոնական պատկանելության վրա: Գդալը ամենատարածված ու առաջին անհրաժեշտության գործիքն է բոլոր ազգերի մոտ, և այն բացակայում է կրոնական ատրիբուտներում: Այստեղից գալիս է Արևային խաղերի երկրորդ` «Ոսկե գդալ» մրցաշար, անվանումը։
l Արևային մրցաշարի փիլիսոփայությունը ձևականորեն հիմնված է արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաներ օգտագործմամբ տարբեր ճաշատեսակներ պատրաստելու, նոր արևային բաղադրամասեր առաջարկելու և խոհարարական արվեստի բնագավառում թիմերի հմտությունները ցուցաբերելու վրա: Ժյուրին մշտապես խրախուսելու է նոր արևային սարքերի օգտագործման հմտությունները, կերակուրների պատրաստման արագությունը, որակը, մատուցման կուլտուրան, դիզայնը, տեղեկատվական տեխնոլոգիաների ու կապի միջոցներից օգտվելու իմացությունը, ազգային խոհանոցների վերծանումը, նորարարությունները կանաչ տեխնոլոգիաների բնագավառում, առաջարկվող կերակուրների տնտեսագիտական հիմնավորումները և այլն: Մեր կազմակերպած արևային խաղերի փորձը ցույց է տվել, որ իրենց դիտարժանությամբ ու ազարտով նրանք չեն զիջում ամենամասսայական սպորտային խաղերին:
Ի՞նչ կտան «Արևային խաղերը» տնտեսական ճգնաժամի տակ ճռռացող Հայաստան երկրին: Համոզված եմ` շատ բան: Հայաստանը ևս մեկ լավ առիթ կունենա հայտնվելու համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, ներկայանալու որպես երկիր, որը մտահոգ է աշխարհի ճակատագրով, երկիր, որը շատ օրիգինալ ձևերով ու միջոցներով աշխատում է նպաստել աշխարհի կարևորագույն էկոլոգիական ու էներգետիկ խնդիրների հանգուցալուծման աստվածահաճո գործին: Ստանձնելով արևային խաղերի կազմակերպչի դերը, Հայաստանը հավակնում է դառնալու աշխարհի հելիոֆիկացիայի աշխարհափրկիչ գործընթացի նախաձեռնողներից ու ջատագովներից մեկը: Իր նշանակությամբ այն չի զիջելու առաջին քրիստոնեական երկիր կոչվելու մեր համբավին: «Արևային խաղերը», անշուշտ, միայն կբարձրացնեն Հայաստանի միջազգային հեղինակությունն ու հայերի ճանաչելիությունը աշխարհում: Սա, ինչպես ասում են, Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում: Լուրջ ակնկալիքներ կան նաև Հայաստանի ներքին կյանքում, մենք պարտավոր ենք մշտապես ուշադրության կենտրոնում պահել երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտագաղթի կանխման թեմաները: Այս հարցերում այլընտրանքները քիչ են: Տուրիզմի զարգացում, հելիոտեխնիկական արդյունաբերության հիմնում ու զարգացում, կանաչ տեխնոլոգիաների ներդրում Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի խնդրի առաջնահերթ լուծում, արևային տեխնիկայի ու արևային տեխնոլոգիաների բնագավառում միջազգային գիտական համագործակցության ու արտադրական կապերի հաստատում, երիտասարդ սերնդի էկոլոգիական դաստիարակության կազմակերպում, գիտական ու ինժեներական ժամանակակից խնդիրների լուծման մեջ դպրոցականների, ուսանողների ու ասպիրանտների ընդգրկում, արտաքին ինվեստիցիաների ակտիվացում: Սրանք ընդամենը մի մասն են բոլոր դրական միտումների այն երկար ցանկի, որոնք իրենց հետ բերելու են Հայաստանում ծնված «Արևային խաղերը»: Դե ինչ, եթե իշխանական թիկնոցներ հագած մեր մեծահասակները չեն ցանկանում թաթախվել իրենց համար անհեռանկար ու խրթին թվացող հելիոֆիկացիայի գործընթացի մեջ, ապա դա նրանց փոխարեն կանեն մեր երեխաները՝ աշխարհի բոլոր երեխաների հետ միասին, կանեն իրենց խաղով, երգ ու պարով, կանեն իրենց համար, իրենց սերունդների համար:


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ,
տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի մտավորականների խորհրդի անդամ

Դիտվել է՝ 4511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ