Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Եթե 1991-94 թթ. պայքարում էինք, որ ազատագրենք, հիմա արդեն ատամներով պահում ենք ազատագրվածը»

«Եթե 1991-94 թթ. պայքարում էինք, որ ազատագրենք, հիմա արդեն ատամներով պահում ենք ազատագրվածը»
11.04.2017 | 00:38

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց «Հայոց հզոր բանակ» ծրագրի նախաձեռնող ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ զրուցում ենք ապրիլյան դասերի մասին։


-Պարոն Հովհաննիսյան, ապրիլյան պատերազմից մեկ տարի է անցել։ Ի՞նչ դասեր քաղեցինք, ի՞նչ ցույց տվեց մեզ այդ պատերազմը։
-Ապրիլյան պատերազմը նախ ցույց տվեց, որ անհնար է նման նյութատեխնիկական բազայով կարևորագույն նշանակություն ունեցող մարտական դիրք պահելը, որ, այսպես ասած, «կանսերվի բանկաներով» դիրքը չես դարձնի անխոցելի: Սակայն, մյուս կողմից, այդ պատերազմը, ի զարմանս անգամ 1991-94 թթ. Արցախյան պատերազմի մասնակիցների, ինչպես նաև բոլորիս, ցույց տվեց, թե 18-20 տարեկան զինվորն ինչ մարտական ոգի ունի, սահմանային հրամկազմն ինչպիսի տակտիկական պատրաստություն ունի: Չնայած մենք ունեցանք մարդկային կորուստներ, ունեցանք տարածքային կորուստներ, սակայն Ադրբեջանն այս պատերազմում ևս պարտվեց, քանի որ չկարողացավ իրագործել իր առջև դրված առաջադրանքի անգամ 0.1 տոկոսը, այն է՝ գրավել ամբողջ Արցախը:
-Ապրիլից հետո մեր աշխատանքները պաշտպանության կազմակերպման հարցում ի՞նչ ուղղությամբ պետք է տանենք։
-Ապրիլից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց սահմանագծում, բոլորովին այլ նորմատիվներով սկսեց առաջ տարվել պաշտպանական համակարգը: Երկար տարիներ մասնագետները մատնանշում էին հենց այն համակարգը, որը ներդրվեց ապրիլյան պատերազմից հետո: Ժամանակակից դարաշրջանում հույսը դնել միայն սահմանապահ շների, պահածոների դատարկ տարաների և զինվորի աչալրջության ու լսողության վրա, մեղմ ասած, բանականությունից դուրս է: Այժմ մեր դիրքերը կահավորված են այնպիսի ժամանակակից նյութատեխնիկական սարքավորումներով, որ հակառակորդի կողմից ցանկացած շարժ եղանակային ցանկացած պայմաններում, օրվա ցանկացած ժամին արձանագրվում և հաղորդվում է համապատասխան մարմիններին: Այն ուղղությունը, որը հիմա տարվում է, թերևս ամենաճիշտն ու նպատակայինն է: Եթե մենք այս մեկ տարվա կտրվածքով կարողացել ենք ժամանակին հայտնաբերել և հետ շպրտել հակառակորդի բազմաթիվ դիվերսիոն խմբեր, եթե չենք թողել, որ նրանք անցնեն անգամ չեզոք գոտին, դա բացառապես եղել է նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք ներդրվեցին ապրիլյան պատերազմից հետո: Այս մեկ տարում արվել է այնքան գործ, որ պետք է արվեր անցած 20 տարիներին:
-Ապրիլը հոգեբանություն փոխեց։ Այն, որքան էլ անդառնալի կորուստներ բերեց, կարող է դառնալ մտածողության փոփոխության հիմք։ Չե՞ք կարծում, որ հերոսի կերպարը նահատակվողից վերածվեց պայքարող, հաղթող հերոսի կերպարի։
-Իսկապես ապրիլը մտածողություն փոխեց, եթե 1991-94 թվականներին պայքարում էինք, որ ազատագրենք, հիմա արդեն ատամներով պահում ենք ազատագրվածը: 18-20 տարեկան զինվորն իր հրամանատարի հետ գնում էր գիտակցված մահի՝ իմանալով, որ իր մահով կփրկի դիրք կամ բնակավայր: Ապրիլյան պատերազմը եղավ համախմբման առիթ, մինչ այդ թվում էր, թե մենք անվերադարձ կորցրել ենք միավորվելու մեր կամքը, սակայն 2016 թ. ապրիլը ցույց տվեց, որ բոլորն էլ պատրաստ են կանգնելու 18-20 տարեկան զինվորի կողքին, ինչպես նաև նվիրվելու հայրենիքը պաշտպանելու գործին:
-Պաշտպանության նախարարը առաջ է քաշել «ազգ-բանակ» գաղափարախոսությունը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ բովանդակություն պետք է ունենա այդ գաղափարախոսությունը։
-Նախարարի այս հիանալի գաղափարը պետք է վաղուց առաջ քաշվեր: Բանակը չպետք է քողարկել շինծու գաղտնիության քողի տակ և դրանով ստեղծել պարարտ հող բանակի հաշվին հարստացողների համար: Նախարարի առաջ քաշած «ազգ-բանակ» գաղափարախոսությունը հասարակություն-բանակ վստահության համար հիանալի միջոց է: Սակայն գաղափարախոսությունը չպետք է սահմանափակվի միայն հասարակության կողմից բանակին հոգեբանական և ֆինանսական աջակցությամբ, այստեղ պետք է լինի այն կապը, որը, առանց վնասելու ռազմական գաղտնիությանը, թույլ կտա հասարակությանը մտնել բանակ և վեր հանել բանակային որոշ խնդիրներ, որոնց մասին չեն կարող բարձրաձայնել զինվորը, կրտսեր հրամկազմը:
-Դուք «Հայոց հզոր բանակ» ծրագրի նախաձեռնողն եք։ Ծրագիրը կյանքի է կոչվում հանրության հանգանակությունների շնորհիվ։ Ի՞նչ փուլում է ծրագիրը, մարդիկ ինչպե՞ս են արձագանքում բանակին օգնելու Ձեր նախաձեռնությանը։
-«Հայոց հզոր բանակ» ծրագիրը ևս շուտով կդառնա մեկ տարեկան, այն ծնվեց ապրիլյան պատերազմից հետո: Երբ ինքս ականատես եղա, թե դիրքերում ինչ վիճակ է, փորձեցի ընկերներիս հետ ինչ-որ բանով օգտակար լինել բանակին: Այս ծրագիրը բացառապես սահմանային զորամասերի և դիրքերի համար է: Այժմ ընթացքի մեջ է ծրագրի վեցերորդ փուլը: Ծրագրին մասնակցում են ամենատարբեր մարդիկ ամենատարբեր երկրներից՝ բերելով իրենց նպաստը, սկսած 1000 դրամից, 20 դոլարից, 20 եվրոյից, 1000 ռուբլուց, վերջացրած 70000 դրամով, 500 դոլարով, 20000 ռուբլով և այլն: Մարդկանց մեջ դեռ կա այն վախը, որ գումարը տեղ չի հասնի, կկորչի ճանապարհի կեսին, սակայն, երբ ծանոթանում են իմ նախաձեռնությամբ ստեղծված ծրագրի աշխատանքներին, հաշվետվություններին, առանց վարանելու սկսում են մասնակցել ծրագրին: Պետք է նշեմ, որ մարդիկ չեն բավարարվում մեկ անգամ մասնակցելով: Համարյա բոլոր մասնակիցները մշտապես, ամեն ամիս գումար են փոխանցում ծրագրի համար բացված հաշվեհամարներին:

Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ