Թուրքիայում սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, և երկիրը, փաստորեն, խորհրդարանականից անցավ նախագահական կառավարման համակարգի։ Փորձագետները նշում են, թե նախագահ Էրդողանը մեծացրեց իր լիազորությունները, սակայն այն նաև վտանգներ է պարունակում, քանի որ Թուրքիայում է՛լ ավելի խորացան ավտորիտարիզմն ու անձի իշխանության վրա հիմնված կառավարումը:
Թուրքագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ սահմանադրական փոփոխություններն այս երկրում տանում են բռնատիրական ռեժիմի հաստատման, քանզի ավելի շատ լիազորություններ են տրվում երկրի նախագահին, և սահմանադրական բարեփոխումներն արվում են այնպես, որ բխում են միայն երկրի նախագահի շահերից։ Մասնավորապես նախագահին է վերապահվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց, փոխնախագահների նշանակումը։ Կա գործողության մեջ մտնող կարևոր հոդված. եթե նախկինում երկրի նախագահը չէր կարող լինել կուսակցական, ապա այժմ այդ հնարավորությունը տրված է, հետևաբար Էրդողանն արդեն կարող է լինել թե՛ «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ղեկավար, թե՛ երկրի առաջնորդ։ Ընդունված փաստաթղթով սահմանափակվում է Սահմանադրական դատարանում զինվորական պաշտոնյաների թիվը, մասնավորապես եթե նախկինում նրանք 17-ն էին, ապա այժմ այդ թիվն իջեցվել է մինչև 15-ի։ Բացի այդ, դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդն այսուհետև կվերանվանվի դատավորների և դատախազների խորհրդի, խորհրդի անդամների թիվը 23-ից կիջեցվի մինչև 13-ի, և խորհրդի նոր անդամների ընտրությունը կկայանա առաջիկա 30 օրվա ընթացքում։ Խորհրդի 4 անդամի կընտրի երկրի նախագահը, մյուսներին՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը։
Թուրքագետը նկատում է, որ սահմանադրական փոփոխությունները մեգապոլիսներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, պարտվել են, «ոչ»-ն այստեղ հաղթել է։ «Այո»-ն հաղթել է գյուղաբնակ շրջաններում։ Քրդաբնակ շրջանները նույնպես դեմ են արտահայտվել սահմանադրական հանրաքվեին։ Այս իրավիճակը Մուշեղ Խուդավերդյանը կապում է թուրքական մենթալիտետի հետ. գյուղաբնակ, ոչ այնքան զարգացած տարածքներում գերադասում են ունենալ ավտորիտար ռեժիմով առաջնորդ։
Սահմանադրական փոփոխություններով Էրդողանը ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը այնքան, որքան հնարավոր է, և փորձել գրեթե միանձնյա կառավարել Թուրքիան։ Մահմեդական երկրներում, հատկապես թուրքական ժողովուրդներին դա շատ բնորոշ է։ Այստեղ ժողովուրդը ավելի շատ միտված է առաջնորդ տեսնելու մեծ լիազորություններով մարդու, քան կոլեկտիվի։
Թուրքիայի վերջին իրադարձությունները Արևմուտքը բացասաբար ընդունեց։ Բավականին լարված են Էրդողանի և Արևմուտքի միջև հարաբերությունները։ Սակայն չնայած այդ լարվածությանը՝ Սիրիայում Էրդողանը սպասարկում է ՆԱՏՕ-ի շահերը։
Որևէ կերպ կանդրադառնա՞ն այս փոփոխությունները Հայաստանի վրա։ Մուշեղ Խուդավերդյանը նկատում է, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է բարելավվեն նախապայմաններով։ Այսինքն՝ երբ լուծվի արցախյան հարցը, երբ Հայոց ցեղասպանության հարցում ինչ-ինչ նախապայմաններ դրվեն։ Եվ քանի դեռ Էրդողանը նախապայմանների լեզվով է խոսում հայկական կողմի հետ, հայ-թուրքական հարաբերություններում առաջիկայում ջերմացում ակնկալել պետք չէ։ Բացի այդ, նշենք, որ դեպի բռնապետություն ընթացող Թուրքիան կդառնա ավելի վտանգավոր, ավելի անկանխատեսելի։ Մինչդեռ Հայաստանին ավելի ձեռնտու է ունենալ ժողովրդավարական գործընթացների մեջ գտնվող, կանխատեսելի հարևան և ոչ հակառակը։
Վերջին տարիներին ներքաղաքական լարված վիճակ է Թուրքիայում, և մեր զրուցակիցը նշում է, որ սահմանադրական փոփոխությունները փորձելու են բռնի ուժով խեղդել այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում։ «Պատահական չէ, որ Էրդողանը նշել էր, որ սահմանադրական հանրաքվեին «այո» ասելու դեպքում ինքը կփորձի բարձրաձայնել նաև մահապատժի վերականգնման հարցը, ինչը խոսում է այն մասին, որ Էրդողանը փորձում է Թուրքիայում առկա խնդիրները միանգամայն բռնի կերպով խեղդել։ Կհաջողվի՞ նրան, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը»,- ասում է թուրքագետը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ