Վերջերս լրացավ նորանկախական շրջափուլի ամենակայուն և ճանաչում ունեցող կազմակերպություններից մեկի՝ «Սփյուռ» տեղեկատուի հիմնադրման 25-ամյակը: Այս տոնական առիթով զրուցեցի նրա հիմնադիր ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
«ԱՌԱՋԱՑԵԼ ԷՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂՑ, ԵՎ ԱՅՆ ՊԵՏՔ ԷՐ ՀԱԳԵՑՆԵԼ»
-Ինչպե՞ս մտաք գործարար աշխարհ, որը լի էր բազում հրապուրանքներով, չէ՞ որ ազատությունը շատերիս գլուխն էր մոլորեցրել:
-Սովորում էի ասպիրանտուրայում, մասնագիտանում ատոմային էներգետիկայի բնագավառում: Նաև զբաղվում էի մեղվաբուծությամբ, օգնելով հորս: Աշխատում էի ատոմային էլեկտրակայանների գիտահետազոտական ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող: Իննսունականների սկիզբն էր, փլուզվում էր խորհրդային պետական համակարգը, բայց այլ համակարգ չէր գալիս նրան փոխարինելու: Ինքս իմ առջև խնդիր դրեցի նոր ժամանակների ոգուն հարիր գործունեություն ծավալելու: Չմոռանանք, որ այն տարիներին հասարակության առջև ծառացել էր գոյատևման խնդիրը: ՈՒ քանի որ զբաղվում էի նոր ատոմակայանի գործընթացների ծրագրավորմամբ (որը գտնվում էր Նովովորոնեժ քաղաքում), կռահեցի, որ հաշվիչ մեքենան, գիտական աշխատանքներում հաշվարկ կատարելուց զատ, կարող է օգնել տեղեկությունների մշակման, դասակարգման և արագ որոնման հարցում: Շուկայում առաջացել էր տեղեկատվության քաղց, և այն պետք էր հագեցնել: Առաջացել էին բազում մասնավոր ընկերություններ, որոնք բուռն գործունեություն էին ծավալել, սակայն շուկայում նրանց մասին որևէ տեղեկություն չկար: Հայտնի «09» տեղեկատու ծառայությունը տեղեկություններ էր տարածում միայն պետական ձեռնարկությունների մասին: Տեղեկատվական այս բացը լրացնելու նպատակով ցանկանում էի գործարար տեղեկատու հիմնել, սակայն ընկերներիս խորհրդով փորձեցի զբաղվել միջնորդությամբ: Մի քանի ամիս հետո հասկացա, որ դա հայկական իրականությունում չունի ապագա:
-Այո, Դուք արագ ճշտեցիք իրավիճակը, գնահատեցիք այն և կարողացաք թացն ու չորը զատել իրարից: Դա կարևոր էր, քանի որ շատերն էին հրապուրվում շուկայի որոգայթներով և տանուլ էին տալիս: Տեղեկատուի սկզբնական գործունեությունը ներկայացրեք, դրանք հետաքրքիր են, թեկուզ տարիների հեռվից գնահատելու համար:
-Համակուրսեցիս և ընկերս՝ Օլեգ Բաբաջանյանը, աջակցեց ինձ մեկնարկային ֆինանսական ներդրմամբ: Նա այժմ «Նոր գինդ» ընկերության նախագահն է: Տարածքը, համակարգիչ, հեռախոս վարձակալեցինք Երևանի կառավարման համակարգերի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ռաֆիկ Բեջանյանի աջակցությամբ: Գործն սկսեցինք մայրաքաղաքի պատմամշակութային նշանավոր շենքերից մեկում, Հանրապետության հրապարակին կից, Ամիրյան փողոցում: Նախնական փուլում գրասենյակային տարածքն ու ֆինանսները մեզ անվճար տրամադրվեցին, այն բարդ ու հակասական օրերին բարեբախտաբար, գտնվեցին մարդիկ, որոնք ունեին միմյանց աջակցելու շնորհք:
-Կարողացա՞ք լուծել հանապազօր հացի խնդիրը:
-Դժվարությամբ, բայց նաև առանց սկզբունքներս խախտելու: Մի քանի գործակալ ունեինք, երկու-երեք գրասենյակային աշխատակից, կնքել էինք առաջին պայմանագրերը և գումարներ էինք վաստակում, որոնք անմիջապես բաշխվում էին մարդկանց միջև: Ի դեպ, մեր միջոցներով ձեռք բերված առաջին սեփական իրը... նավթավառն էր:
-Այն տարիներին գործում էիք «Գինդ» փոքր ձեռնարկության կազմում: Հետո ինչպե՞ս ընթացան գործերը:
-Այո, քաղաքում օր օրի ճանաչելի և հասանելի էր դառնում «Գինդ» տեղեկատուն: Գաղափարը արդարացրեց իրեն: «Գինդը» ուներ տպարան, տպագրում էր հանրածանոթ «Գինդ» շաբաթաթերթը: Հետո առանձնացանք, քանի որ մեր տեղեկատվական համակարգը այլ դրսևորումներ պետք է հանդես բերեր: Առանձնացանք հաշտ ու խաղաղ և մինչ օրս Օլեգի հետ մտերիմ ընկերներ ենք:
-Օլեգ Բաբաջանյանը օգտվու՞մ է «Սփյուռի» ծառայություններից:
-Իհարկե, նա մեր հավատարիմ պատվիրատուներից է:
-«Սփյուռ» անվանումը երազու՞մ էիք տեսել, թե՞ դա այլ ենթատեքստ ունի:
-Եղբայրս` մեր տեղեկատուի գլխավոր խմբագիրը և հիմնադիրներից մեկը, առաջարկեց այդ անունը, որը համապատասխանում է մեր գործառույթին, չէ՞ որ մենք ի լուր ամենեցուն սփռում ենք անհրաժեշտ տեղեկություններ: 1993-ին հանրությանը ներկայացրինք մեր անդրանիկ տեղեկագիրքը, որը կոչվում էր «Գրանցված կազմակերպությունների ցանկ»: Այն տպագրում էինք պատճենահանման սարքով և հանձնում էինք մեր բաժանորդ կազմակերպություններին: Տեղեկատուի օգնությամբ տվյալ կազմակերպությունը ծանոթանում էր շուկայում գործող շատ այլ կազմակերպությունների հետ: Այդ ընթացքում փոփոխվում էր մեր գործակալական ցանցը, ոմանք այլ աշխատանքի էին տեղափոխվում, մյուսները հաստատվում էին տեղեկատուի համակարգում: Այսինքն՝ ձևավորվում էր «Սփյուռի» մասնագիտական ընտրախավը: Այսօր էլ, ի դեպ, կան աշխատակիցներ, որոնք հիմնադրման օրվանից մեզ հետ են:
Շուկայի զարգացմանը զուգընթաց ընդլայնվում էր տեղեկատուի տվյալների բազան: 1994-ին դեռևս «Գինդ» անվանման ներքո, սակայն արդեն տպագրական եղանակով հրատարակվեց անդրանիկ գործարար տեղեկատուն: Իսկ 1995-ից տեղեկատուն սկսեց հրատարակվել «Սփյուռ» տեղեկատու անվամբ: Այն աստիճանաբար դարձավ սեղանի գիրք Հայաստանի և Արցախի, ինչպես գործարար, այնպես էլ հասարակական և քաղաքական շրջանակների համար:
«ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՃԱԽ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԵՆՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ»
-1997-ից «Սփյուռ» տեղեկատուն տեղեկատվական նորարարության առջև կանգնեց:
-Այո, շնորհակալ եմ, որ հիշում եք: Համացանցը մտավ հայկական իրականություն, և մենք արագ արձագանքեցինք դրան, որպես նոր տեղեկատվական աղբյուրների որոնման, հայտնաբերման և կիրառման ջատագովներ: Այսպիսով, 1997-ից սկսած «Սփյուռը» համացանցում է: Եկավ նաև մագնիսական և լազերային սկավառակներով հանրության հետ շփվելու ժամանակը: Այլ կերպ ասած, քայլել ենք ժամանակի պահանջներին համընթաց: Կյանքը տեղում չէր դոփում, եկավ նաև բջջային հեռախոսակապի փուլը: Մեր ծառայությունը հասանելի դարձավ արդեն բջջային հեռախոսների օգնությամբ, ստեղծեցինք բջջային հեռախոսի առաջին հավելվածը: Հետո կապի այդ միջոցը շատ զարգացավ և տարածվեց: Այսօր ունենք «Spyur» տեղեկատու-հավելվածներ Android և iOS բջջային հեռախոսների համար:
-Շուկայական նորարարությունները ամենուր են և գործարար աշխարհին երբեմն ստիպում են շնչակտուր հետևել իրենց: Նաև հանրային, ժողովրդագրական, սոցիալական և այլ տարուբերումներն են, ցավոք, անպակաս մեր կյանքում: Այսօր, տեղեկատուի հիմնադրման 25-ամյակի օրը ինչպե՞ս եք դիմակայում այս ամենին:
-Երկրի վիճակը այսօր, ինչ խոսք, բարդ է: Փորձում ենք համընթաց քայլել դրա մարտահրավերների հետ: Այսօր մենք մարդկանց առաջարկում ենք տեղեկատվական աղբյուրների ընտրության նոր հնարավորություններ: Օրինակ, այսօր «Սփյուռ» զանգահարողը կարող է իր համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը ստանալ իր էլեկտրոնային փոստի հասցեով:
-Իսկ ի՞նչ նոր առաջարկ ունեք կազմակերպությունների համար:
-Եթե նախկինում նրանց առաջարկում էինք տեղադրել իրենց մասին տեղեկությունները «Սփյուռի» շտեմարանում, ապա այսօր առաջարկում ենք նախ շուկայի ուսումնասիրություն, այնուհետև հաճախորդների ավելացման, առաջխաղացման և մարկետինգային ծառայություններ:
-Ավանդական այս հարցով եզրափակենք մեր զրույցը: Ինքներդ Ձեզ տվեք «ամենա-ամենա» հարցը և պատասխանեք դրան:
-Ինչպե՞ս պահպանել առաջատարի դիրքը շուկայում:
Պետք է կյանքից չկտրվել, մշտապես հետևել շուկայի զարգացմանը և լավատեսորեն շարժվել առաջ:
Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ