Երևանի հասարակական տրանսպորտի վարորդները գործադուլ են անում, մայրաքաղաքի բնականոն կյանքը խաթարվել է: Մարդիկ պահանջներ են առաջադրում, ընդ որում, և՛ ուղևորները, և՛ վարորդները: Բայց քաղաքային իշխանությունների համար միայն ձևական մասն է կարևոր, իբր պետք է 14 օր առաջ հայտնեին գործադուլի մասին, իբր կա աշխատանքային օրենսգիրք, իբր կա պետություն ու քաղաքային իշխանություն:
Իրականում ոչինչ էլ չկա, չի մնացել այս երկրում: Ոստիկանական «բեսպրեդելը», դատական համակարգի, տեղական իշխանությունների և պետական կառավարման մարմինների մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, կողմից մանուալ (SMS-ով) կառավարումը պետք է հենց սրան բերեր: Մի քանի տոկոս քվեով քաղաքի կառավարումը զավթած իշխանական թիմը ո՛չ քաղաքացիների մասին է մտածում, ո՛չ իր կողմից մատուցվող ծառայությունների որակի, ո՛չ էլ քաղաքի՝ ընդհանրապես: Իրենց բացառապես փողն է հետաքրքրում՝ չաշխատած, այլ քաղաքացիներից «քերած» փողը:
Կարմիր գծերը թանկացրին, բայց կենտրոնը չբեռնաթափվեց, գումարները մսխվում են, բայց ամեն անձրևից հետո Երևանին ոչ թե ավտոբուս, այլ նավատորմ է պետք, փողոցների գծանշումի վրա քաղաքացիներն արդեն տոտալիզատոր են միացնում, թե քանի օրից կջնջվի, փողոցների ձյունը չեն մաքրում, բայց վարորդներին ստիպում են ձմեռային անվադողեր գնել, մայթերի սառույցը չեն մաքրում, բայց աստղաբաշխական գույքահարկ վճարող քաղաքացուն ստիպում են հարակից մայթերը մաքրել և այլն:
Բայց այս ամբողջ պատմության մեջ Փաշինյանի համար մի բանն է կարևոր՝ պատժելը, որպեսզի ոչ ոք նույնիսկ մտքի ծայրով չանցկացնի, թե կարող է բան փոխել իրենց բակում, համայնքում, քաղաքում կամ երկրում:
Հիմա էլ տրանսպորտի վարորդներին են քրեաիրավական հաշվեհարդարով սպառնում:
«...Վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- քաղաքապետարանի մամուլի խոսնակը՝ ավտոբուսի վարորդների գործադուլի մասին:
Էդուարդ Սարիբեկյան