Տատիկս ասում էր.
«Ամուսնությունն ամենաբարդ բուհն է, որն ամեն մեկը չի կարող սովորել, կամ գերազանցությամբ ավարտել»։
Տե’ր, ընտանիք կազմելուց մենք մեծից եկած խրատները սկզբում լավ չենք հասկանում, բայց հետո փորձում ենք ընկալել ու ճիշտ ապրել, որն էլ թույլ է տալիս երկու մարդու ապրել տարիներ շարունակ կողք կողքի, իրարից չհոգնել, իրար հարգել ու չբաժանվել։
Հիշողությանս մեջ տատիկիս բազմաթիվ խորհուրդներն օգնում էին ընտանեկան ինստիտուտի փորձառության դասերը սովորել։
Եվ քանի մեծանում ենք, հասկանում ու գնահատում ենք մեծերի այդ դասերը, հետո ավելի շատ շնորհակալ լինում, որ ժամանակին ու տեղին էին մեզ սովորացնում, նախատում ու խրատում։
Այլապես ամուսնության մեջ դժվար է պահպանել հավատարմությունը, հանդուրժողականությունը, հետաքրքրությունը, հարգանքը, կարեկցանքն ու կարևորը` սերը։
Հայր, որ ստեցծեցիր մարդուն քո կերպարով և կնոջն իր կողոսկրից, տուր մեզ համբերություն ու հնարավորություն ընտանիքի ինստիտուտը առանց լիկվիդների ու քննություններից կտրվելու ավարտել մինչև որ մահը մեզ չբաժանի։
Պահապան եղիր Տե‘ր մեր ամուսիններին, տուր նրանց խելք, ուժ, աշխատանք, վաստակ, կարողություն, որ մենք էլ նրանց կողքին լինենք հեզ ու խոնարհ, հնարամիտ ու հետաքրքիր, ցանկալի ու սիրելի, երեխաներով, թոռներով ու ծոռներով սերունդների շարունակությամբ։
Պահքի այս շրջանում, սիրելի ընկերներ, ամեն օր ես, որպես կին, փա՜ռք եմ տալիս Տիրոջը մեր ընտանիքների ամրության ու խնդրում մեր տղամարդկանց առողջ լինելու մասին։
Եվ կարևորում եմ, որ ամեն աղջիկ ունենա սիրելի տղա, որ ամեն տղա ունենա կողակից ու կազմվեն նոր ու ամուր ընտանիքներ։
Ամե՜ն։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ