Վարչապետի դերակատարը ոչ մի բառ հենց այնպես չի շպրտում հանրության դատին. չի անում, որքան էլ մեզ թվա, որ նա հոգեպես անառողջ է և որպես անհատ՝ բազմաթիվ աննորմալություններով: Չի շպրտում, որովհետև նա Հայաստանի վարչապետը չէ, այլ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և, առհասարակ, աշխարհի ամբողջ հակառուսական թևի ներկայացուցիչն է հայկական պետության ղեկին, և նրա խոսքը կառավարվում է միջազգային որակի սոցիո-հոգեբանների ցուցումներով, ցավոք:
Նկատել եք, որ նրա ամեն մի քարոզ պարունակում է մեկ կամ մի քանի բանալի բառեր, որոնք այնուհետ դառնում են հանրային լայն քննարկման թեմա՝ բոլոր բևեռներում: Այդ բառերն ու թեմաներն ընտրվում են ըստ հատուկ իմաստային նշանակության (ժողովրդական դարձվածքների և նույնահիշատակումների՝ ասոցիացիա), ըստ հատուկ մասնագիտական ոլորտների և ըստ հատուկ սոցիալական շերտերին ներգրավելու ենթատեքստերում: Այս ամենի քողարկված նպատակն իր վրա բոլորի ուշադրությունը պահելն է (ամենից զատ, սա նրան ուժ է տալիս, որովհետև մենք, թե՛ ֆիզիկապես, թե քվանտային դաշտում (ինչը ևս ֆիզիկապես է) ակամա սնում ենք այն ամենը, ինչի վրա սևեռված է մեր ուշադրությունը՝ անկախ նրանից, հավատում ենք այդ ֆենոմենին, թե՝ ոչ: Բացի մեր ուշադրությունն իր կողմը պահելուց, սրանով նա ապահովում է նաև իր խոսքի հանրային տարածումը, նույնիսկ՝ եթե սև PR-ով, որի ազդեցությունը շատ ավելի արդյունավետ է հենց ուշադրություն գրավելու միջակայքում: Եվ երրորդ, ստիպելով մեզ խոսել իր մասին, նա յուրաքանչյուրիցս գողանում է մեր էներգիան, վերափոխում՝ ստեղծարար-կառուցողականը զայրույթի ապակառուցողական էներգիայի, որի արդյունքում էլ մենք չենք կարողանում իրացնել օգտակար գործունեություն և փաստորեն, նրան խոչընդոտելու մեր ոչ մի տեսակի գործողությունն արդյունավետ չի դառնում. երկու-երեք տարի է ոչ մեկը, ոչ մի ընդդիմադիր կամ այլ քաղաքական գործիչ չկարողացավ կասեցնել նրա հակապետական օրակարգը, որպեսզի բանը չհասներ մեծամասշտաբ աղետին (բացառությամբ վերջին՝ Ռոբերտ Քոչարյանի դեպքի, որը նույնպես ժամանակավրեպ էր, որովհետև Արցախ այլևս չունենք):
Սրանք կետեր են, որ բոլորս, թվում է թե, գիտենք, բայց դա հետ չի պահում մեզ հերթական անգամ նրա մանիպուլյացիաներին տրվելու և նրա պլանավորած խաղի մեջ ներքաշվելու վտանգից:
Այս ամենին հարկավոր է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել և համակարգող կենտրոն ստեղծել, որը կկարողանա նրանց (աշխարհաքաղաքական կենտրոնների) անտեսանելի զենքերն ուղղել հենց իրենց դեմ ճիշտ այնպես, ինչպես նրանք մեր դեմ ուղղեցին մեր սեփական հանրային արատներն ու թուլությունները:
28. 03. 2021
Էլիզա Առաքելյան