Մինչև 1990 թվականը ԽՍՀՄ կոմկուսը տանում էր փոքրիշատե պիտանի կադրային քաղաքականություն՝ իրենց նվիրված, համեմատաբար նեղ շրջանակի մեջ ներառված մարդկանց միջից։
Սակայն ընտրվում էին մարդիկ, ովքեր գոնե բավարար չափով գիտելիքներ ունեին. մոտ 90 %-ը գրագետ, արտաքուստ համեստ նիստ ու կացով, հիմնականում չճչացող վարվելակերպով երիտասարդ մարդիկ։ Կարևոր մի հանգամանք կար ընտրության և հետագա առաջընթացի մեջ։
Կուսակցությունը միակն էր, այլ կուսակցություններ չկային , և ամեն ինչ ձևավորվում էր Սովետական Միության կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեների ներսում, քարտուղարների աչքի առաջ։ Այնուհետև գործերը ուղարկվում էին Կենտրոնական կոմիտեներ, որտեղ էլ, կարելի է ասել, պահվում էին կադրային բանկերը։ Դրանք քննվում էին նաև ամենատես ՊԱԿ-ում (Պետական անվտանգության կոմիտե)։
Երբեմն այդ բանկերում հայտնվում էին նաև հասարակ մարդկանց երեխաների գործեր, ովքեր հետագայում հնազանդ ծառայելով արժանանում էին տարբեր պաշտոնների։
Սակայն Կոմկուսը կոմկուս չէր լինի, եթե թողներ, որ մարդիկ մաքուր և արդար աշխատեին:
Բայց կար մի նյուանս ևս։
Ազնիվ, թեթև պաշտոնի հասած մարդկանց ինչ-որ տեղ ձեռք չէին տալիս, գիտական աշխարհին ձեռք չէին տալիս, թողնում էին գիտությամբ ու փորձերով զբաղվեն ինչքան ուզում են, թեթևակի ֆինանսավորում էին, կոչումներ էին տալիս, գործուղումներ էին թույլատրում. սեսիաներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ և այլն՝ բայց հեռու երկրի կառավարումից ու տնտեսության վարումից։
Նույնը մանկավարժներին էր վերաբերվում, գրողներին, արտիստներին, նկարիչներին, երաժիշտներին...
Ամենքն ապրում էին իրենց բաժին հասած աշխարհի մեջ, միայն թե չտեսնեին ու չզգային կառավարման և դրանից եկող օգուտների հմայքը:
Լինում էին այդ աշխարհներից դուրս սպրդող, և փողի աշխարհ խելահեղ ձևով մխրճվող «փախստականներ», ովքեր շատ արագ դառնում էին «կյանքը հասկացող» դեսպոտներ։ Օրինակներ՝ ինքան ասես։
Եկան 1988, 1990, այնուհետև 1991 թվերը։
Երկիրը քանդվեց, փոխվեց, ավերվեց:
Բոլոր կարմիր գլխարկավորները դարձան սպիտակ գլխարկավորներ. Ճերմա՜կ, ճերմա՜կ գլխարկավորներ...
Ռայկոմների շենքերը դարձան մարզպետարաններ, քարտուղարները՝ մարզպետներ։
Մինիստրները դարձան նախարարներ։
Մինիստրանտ նշանակում է ծառա (ովքեր չգիտեն)։ Անվանափոխություններ եղան, նոր մարդիկ ուղարկվեցին մոսկվաներից։
Ոչինչ չփոխվեց, սկսվեց թալան:
Հին գույքի դուրս գրում, վարկերի տրամադրում «սվոյներին», շենքերի և գույքի սեփականաշնորհում, սեփականաշնորհման հանձնաժողովներ, ռուբլիներ, դոլարներ, ոսկի, հանքեր, անտառներ։
Գործընթացին միացան ճարպիկները։
Առաջացավ «կռիսների» և «քցողների» դաս։
Վերևում գտնվող պաշտոնյաներին սկսեցին կոչել էլիտա, չնայած որ էլիտան կենսաբանական տերմին է և ենթադրում է գենետիկ ու սելեկցիոն բազմաքայլ վերարտադրություն։
Եվ արդյունքում չունեցանք կադրային բանկ։
Իսկ ինչպես համոզվել ենք դարերով՝ կադրերն են որոշում ամեն ինչ։
Գոյացան թայֆայականություն և կուսակցականություն, որտեղ ամեն մեկը ձգտում է ունենալ իշխանություն և կերաման, դրանից ելնելով՝ հնարավորինս շատ քծնել, ծախել, մատնել, դավել, ուղղակի վատություն անել, վնասել։
Եվ ինչքան շատ վատություն անեն, առանց հասկանալու՝ այնքան շատ կոմպրոմատ կկուտակեն իրենց վրա և ավելի շատ պարտավորված կլինեն նույն վատություններն այլոց նկատմամբ կատարելու...
Չգիտեմ, կգա՞ այն ուժը, որը վճռական կհայտարարի կադրային ճիշտ քաղաքականություն վարելու մասին՝ առանց հաշվի առնելու կուսակցական պատկանելությունը։
Ինչպես հիմա է երիտասարդությունը անտեղյակ, թե ինչ է կատարվում վերևներում, այնպես էլ մենք չըմբռնեցինք սովետների փլուզման ողբերգությունը։
Ինձ պես հարյուր հազարավոր երիտասարդներ հավատացին անկախ, նոր երկիր ստեղծելու առասպելին։
Թևքներս քշտած պատրաստ էինք աշխատել, արարել, ստեղծել մերը։
Սովետները քանդողները հո չէի՞ն ասել՝ թալանեք ու ավերեք ձեր երկրները, կերեք, լափեք, ջարդեք, փոխեք ամեն ինչ, ստորացրեք մարդկանց, կոտրեք մարդը դրանց մեջ։ Չկա սրա պատասխանը։
Իսկ միգուցե ասե՞լ էին, միգուցե ստիպու՞մ էին։ Միգուցե հիմա է՞լ են ստիպում...
Ինչևէ, երկիրը նման վիճակից դուրս բերելու համար հարկավոր է գնահատել իրավիճակը, անցկացնել կադրերի գույքագրում, վերջացնել կուսակցություն-կուսակցություն խաղալը, ազգին ի մի բերել։
Ստեղծել ազգային կադրային բանկ:
Մեխակ Սայադյան