ԱՄՆ-ի կառավարության գործադիր և օրենսդիր մարմինները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. այս մասին շատերն են իրազեկ, սակայն, ինչպես հավաստիացնում է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ, քչերը գիտեն, որ ԱՄՆ-ի դատական իշխանությունը ևս մի շարք առիթներով վերահաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: Նրա տեղեկացմամբ` ԱՄՆ-ի կառավարության երրորդ մարմինը` դատական իշխանությունը, առնվազն երեք դաշնային դատարանների կողմից վճիռ է կայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Որպես օրինակ, 2012-ի մայիսի 3-ին երեք դատավորներով հանդես եկող ութերորդ շրջանի վերաքննիչ դատարանը մերժել է Ամերիկայի թուրքական կոալիցիայի հայցն ընդդեմ Մինեսոտա նահանգի: Դատավորները, միաձայն որոշմամբ, միանշանակ և առանց որակումների անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը` նկարագրելով այն որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանություն»:
ՈՒշագրավ է նաև 2011-ի հունվարի 26-ին դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելիի` Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշարձանի գործով վճիռը: Իր որոշման ներածական պարբերությունում դատավոր Քոլար-Քոթելին մեջբերել է Ադոլֆ Հիտլերի բառերը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Նա բացատրել է, որ Հիտլերը նկատի ուներ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց պատմական հողերի վրա ապրող հայկական բնակչությունը վերացնելուն ուղղված օսմանյան Թուրքիայի կառավարության բավականաչափ հաջող ջանքերը, որն այսօր հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն»: Դատավորը տողատակում նշել է, որ «Դատարանի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործումը նպատակ չունի արտահայտելու որևէ կարծիք այդ պիտակի պատշաճության մասին»:
«Ինչպես նրանցից առաջ հայերի ցեղասպանությունը, դրան հետևած կամբոջացիների ցեղասպանությունը և բազմաթիվ այլ ազգերի հալածանքներ, հոլոքոստի դասերը չպետք է երբևիցե մոռացվեն». սա ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ անդրադարձն է` նշված 1981-ի ապրիլի 22-ի թիվ 4838 նախագահական հռչակագրում:
Ներկայացնենք նաև ԱՄՆ-ի կառավարության օրենսդիր մարմնի ընդունած երկու որոշում, ըստ որոնց, 1975 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը 1975 թվականի ապրիլի 24-ը հռչակել է «Հիշատակման օր Ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես հայկական ծագումով անհատների, ովքեր 1915 թվականի ցեղասպանության զոհ դարձան»: 1984 թվականի սեպտեմբերի 10-ին 1985 թվականի ապրիլի 24-ը հռչակվել է որպես «Հիշատակման օր ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես 1915-1923 թվականներին Թուրքիայում իրագործված մեկուկես միլիոն հայ բնակչության ցեղասպանության զոհերի»:
Այս և այլ պատմական փաստեր վկայակոչելով` Հարութ Սասունյանը նշում է. «Փաստորեն, շատ առումներով, Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում ունի շատ ավելի համապարփակ դիրքորոշում, քան բազմաթիվ այլ երկրներ, որոնք պարզապես ընդունել են այս հարցի վերաբերյալ օրենսդրական որոշում»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ