«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Հայտարարագիր 2025

Հայտարարագիր 2025
09.03.2025 | 21:17

Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակելով եկամուտների տարեկան հայտարարագրման մասին ամենահաճախ տրվող հարցերի շարքը, եկեք պարզենք` ո՛ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման։
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։ Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից ՄԻԱՆՎԱԳ ստացված չհարկվող եկամուտներին։

ՀԱՐՑ 1
Արդյոք հայտարարագրում լրացվող եկամուտները ենթակա՞ են հարկման:
Հայտարարագրում լրացվող ոչ բոլոր եկամուտներն են ենթակա հարկման։ Օրինակ, եթե դուք հայտարարատու եք և 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր և բացի ձեր աշխատավարձից ունեք նաև լրացուցիչ եկամուտներ, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ այլ անձի կողմից ձեր բանկային հաշվեհամարին, քարտին որպես նվիրատվություն կատարված փոխանցումներ կամ արտերկրից որպես նվիրատվություն ստացված գումարներ՝ լրացնելով ձեր հայտարարագրում որևէ հարկային պարտավորություն դուք չեք ունենա։
ՀԱՐՑ 2
Արդյոք հայտարարագրման ենթակա է ձեր անշարժ և շարժական գույքը:
Ոչ, անշարժ և շարժական գույքը հայտարարագրման ենթակա չէ եկամուտների տարեկան հայտարարագրում դուք պետք է ներառեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։
ՀԱՐՑ 3
Արդյոք հայտարարագրման ենթակա՞ են ձեր ծախսերը:
Ոչ, ծախսերը ենթակա չեն հայտարարագրման, դուք պետք է հայտարարագրեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։
ՀԱՐՑ 4
Արդյոք պե՞տք է հայտարարագրեք ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները:
Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված եկամուտները։ Հետևաբար, եթե բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք չեն գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք ներառել միայն ձեր ցանկությամբ, սակայն հիշեք, որ անգամ հայտարարագրում ներառելու պարագայում՝ այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։
ՀԱՐՑ 5
Սեփական հաշիվների միջև փոխանցումները, արդյոք պե՞տք է ներառել հայտարարագրում
Ոչ, սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները ՉԵՆ համարվում եկամուտներ և ՉԵՆ ներառվում եկամուտների հայտարարագրում։
ՀԱՐՑ 6
Եթե դուք վճարային տերմինալից կամ բանկում ձեր հաշվեհամարին կամ քարտին փոխանցել եք կանխիկ գումար, արդյոք պե՞տք է այդ տվյալները լրացնել հայտարարագրում:
Ոչ, եթե ձեր հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել եք փոխանցում, ինչպես նաև ձեր հաշվեհամարին կամ քարտին բանկում մուտք եք արել կանխիկ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառեք հայտարարագրում։
ՀԱՐՑ 7
Եթե հայտարարագիր ներկայացնողը, միաժամանակ, հանդիսանում է ԱՁ, արդյոք հայտարարագրում պե՞տք է ներառել նաև ԱՁ-ի եկամուտները:
Ոչ, ԱՁ-ի եկամուտները համարվում են ձեռնարկատիրական եկամուտներ և հայտարարագրում չեն լրացվում։
Հարց 8
Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից ձեզ փոխանցվել է գումար, արդյոք այդ գումարները պե՞տք է ներառել հայտարարագրում:
Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված ստացվող եկամուտները։ Հետևաբար, եթե արտերկրից ձեզ փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից ձեզ որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք չեն գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք ներառել միայն ձեր ցանկությամբ, սակայն հիշեք, որ անգամ հայտարարագրում ներառելու պարագայում՝ այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։
ՀԱՐՑ 9
Եթե դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում աշխատավարձ եք ստացել արտասահմանից, արդյոք այդ եկամուտները պե՞տք է հայտարարագրել:
Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ եկամուտները։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։
ՀԱՐՑ 10

Արտասահմանից ստացված եկամուտները, որոնք արդեն հարկվել են ծագման երկրում, արդյոք կրկին պե՞տք է հարկվեն Հայաստանում:
Եթե այդ եկամուտները հարկվել են արտասահմանում, ապա Հայաստանում կվճարեք եկամտի 20%-ի և այդ եկամուտից արտերկրում վճարված հարկի տարբերության չափով։
ՀԱՐՑ 11

Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացին որևէ ծառայության դիմաց եկամուտ է ստացել արտասահմանում գտնվող ֆիզանձից, արդյոք այդ եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում:

Այո, ծառայությունների մատուցման դիմաց այլ ֆիզիկական անձից ստացված եկամուտները ներառվում են հայտարարագրում՝ անկախ այն հանգամանքից այդ եկամուտները ստացել եք Հայաստանում, թե արտասահմանից, ենթակա են եկամտային հարկով հարկման 20 տոկոս դրույքաչափով։

ՀԱՐՑ 12

Արդյոք համավարկառուն վարկառուի հետ միասին պե՞տք է հայտարարագրի ստացված վարկը:

Ոչ, համավարկառուն` 2024 թվականի ընթացքում ստացված վարկի վերաբերյալ տվյալները չի ներառում հայտարարագրում։

ՀԱՐՑ 13

Արդյոք հայտարարագրման ենթակա՞ են ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից և բաժնետոմսից ստացված եկամուտները:

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից և բաժնետոմսից ստացել եք եկամուտ, ապա այդ տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։

ՀԱՐՑ 14

Եթե 2024 թվականի ընթացքում ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, արդյոք դրանից ստացված եկամուտները պե՞տք է ներառեք հայտարարագրում:

Այո, եթե դուք 2024 թվականի ընթացքում ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության այլ ֆիզիկական անձի, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը)։ Եթե դուք որևէ հիմքով հայտարատաու չեք, ապա լրացնում ենք միայն վարձակալությունից ստացված եկամուտը և եկամտային հարկը։

ՀԱՐՑ 15

Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք, արդյոք պե՞տք է այդ եկամուտները ևս ներառեք հայտարարագրում:

Այո, եթե 2024 թվականի ընթացքում այլ ֆիզիկական անձի վաճառել եք անշարժ գույք, ապա ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ:

ՀԱՐՑ 16

Արդյոք նվիրատվությունները պե՞տք է ներառվեն հայտարարագրում:

Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացել եք անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով, ապա այդ եկամուտները ենթական են հայտարարագրման, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

ՀԱՐՑ 17

Արդյոք պե՞տք է հայտարարագրել տարբեր առիթներին ստացված դրամական նվերները:

Այո, եթե 2024 թվականի ընթացքում տարբեր առիթների կապակցությամբ ֆիզիկական անձանցից ստացել եք դրամական տեսքով նվերներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

ՀԱՐՑ 18

Եթե որևէ մեկին տվել եք պարտքով գումար, արդյոք վերադարձվող գումարը ենթակա է հայտարարագրման:

Ոչ, վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։

ՀԱՐՑ 19

Արդյոք խնայողությունները ենթակա՞ են հայտարարագրման:

Ոչ, տարբեր տարիներին ստացված եկամուտներից խնայողությունները ենթակա չեն հայտարարագրման (խնայողությունը տվյալ տարվա համար չի համարվում ստացված եկամուտ)։

ՀԱՐՑ 20

Եթե ՀՀ քաղաքացին 2024 թվականի ընթացքում ծառայության դիմաց ստացել է եկամուտ, արդյոք պե՞տք է հայտարարագրել այդ եկամուտները:

Այո, եթե 2024 թվականի ընթացքում որևէ ծառայության դիմաց ստացել եք եկամուտ, ապա այդ եկամուտները ևս պետք է ներառել հայտարարագրում, որը ենթակա է հարկման։

ՀԱՐՑ 21

Արդյոք հայտարարագրում պե՞տք է ներառել նպաստները, թոշակները, կրթաթոշակները և այլն:

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք նպաստ, կենսաթոշակ, հաշմանդամության կամ զինվորական թոշակ, կրթաթոշակ և այլն, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

ՀԱՐՑ 22

Արդյոք պե՞տք է հայտարարագրել երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստը, ինչպես նաև ալիմենտը:

Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստ կամ ալիմենտ, ապա այդ գումարը ստացող ծնողը՝ հայտարարտու լինելու պարագայում, իր հայտարարագրում պետք է ներառի այդ եկամուտները, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

ՀԱՐՑ 23

Շահումից ստացված եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում և արդյոք դրանք ենթակա՞ են հարկման:

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք շահումից ստացված եկամուտներ, ապա դրանք պետք է ներառեք հայտարարագրում։ Խաղատներում, տոտոլիզատորից, վիճակախաղերից ստացվող շահումները ենթակա ՉԵՆ հարկման։

ՀԱՐՑ 24

Արդյոք պետք է հայտարարագրել գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները:

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք գործուղման ծախսերի փոխհատուցում, ապա այդ եկամուտների մասին տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։ Այս եկամուտները հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել, որ գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները լրացվում են, եթե գերազանցել է տարեկան 3 մլն դրամը, 3 մլն դրամը չգերազանցող գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները կարող են չհայտարարագրել։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ