Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Պատասխանը կլինի անհապաղ, համապարփակ և աննախադեպ, թիրախը՝ ագրեսորը, Թել Ավիվի սիրտը և բոլոր նրանք, ովքեր աջակցում են ագրեսորին

Պատասխանը կլինի անհապաղ, համապարփակ և աննախադեպ, թիրախը՝ ագրեսորը, Թել Ավիվի սիրտը և բոլոր նրանք, ովքեր աջակցում են ագրեսորին
31.01.2026 | 11:09

Աշխարհի թիվ 1 ահաբեկչական պետություն ԱՄՆ-ը, նրա հանցավոր վարչակարգը՝ հանձինս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և այլոց, օրեցօր, ժամ առ ժամ սաստկացնում են քաղաքական ու հոգեբանական ճնշումն Իրանի Իսլամական Հանրապետության վրա:

CNN հեռուստաալիքի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման հարցով Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունների ձախողման պատճառով դիտարկում է Իրանին հզոր հարված հասցնելու հնարավորությունը:

Ըստ CNN-ի աղբյուրների, երկու երկրների միջև լիարժեք բանակցություններ չեն եղել, քանի որ Թրամփը սկսել է ավելի ակտիվորեն սպառնալ ռազմական գործողություններով: Նախնական շփումներում բանակցությունների ձախողման պատճառ է դարձել ոչ թե միջուկային հարցը, այլ իրանական բալիստիկ հրթիռների գործողության հեռահարությունը սահմանափակելու Վաշինգտոնի պահանջը, ինչին Թեհրանը պատասխանել է մերժմամբ:

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը

Իրանին ԱՄՆ-ի հարվածի վերաբերյալ կանխատեսումները տարբեր են։ Համաշխարհային մամուլում նշվում են հարձակման անցկացման ժամկետները՝ մինչև շաբաթվա վերջ։ Մեկնաբանները, քաղաքագետներն ու ռազմական փորձագետները խոստովանում են, որ իրենց ենթադրությունները կարող են սխալ լինել, քանի որ հարվածի մասին որոշումը կայացնում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն աչքի է ընկնում իր անկանխատեսելիությամբ:

Ամերիկյան «The New York Times» թերթը վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, գրել է, որ ԱՄՆ-ի առաջնորդն Իրանի վրա հարձակվելու մասին որոշում կկայացնի ոչ ուշ, քան հունվարի 31-ը: Մինչ այդ Թրամփը կրկին բացահայտ սպառնացել էր Իրանին՝ հիշեցնելով, որ տարածաշրջան է ուղարկել ամերիկյան ավիակիր հարվածային խմբավորումը՝ ատոմային «Abraham Lincoln» ավիակրի առաջնորդությամբ, սակայն Թեհրանը հայտարարել էր հնարավոր հարձակմանը պատասխանելու պատրաստակամության մասին:

Ամերիկացի քաղաքագետ Մալեք Դուդակովը ևս հնարավոր է համարել Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր զինված հակամարտությունը: Սակայն, նրա կարծիքով, դա տեղի կունենա միայն հանրապետությունում բողոքի ակցիաների շարունակման դեպքում, երբ Թրամփը, հնարավոր է, որոշի օգտվել այդ ժամանակ Իրանի իշխանությունների համար ծանր վիճակից և խոցելիությունից: Փորձագետը միաժամանակ նշել է, որ ամերիկացիների ավելի քան 70 տոկոսը դեմ է Իրանի հետ հարաբերությունների սրմանը, ինչը կարող է ազդել ԱՄՆ-ի նախագահի որոշման վրա: Հավելենք՝ հազիվ թե…

«Նա (Թրամփը.-Ա. Հ.) այժմ քաղաքական կոնտուրում փորձում է արագ շախմատ խաղալ, ընդ որում՝ միանգամից մի քանի խաղատախտակի վրա,- «Парламентской газета»,-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Անդրեյ Կլիմովը:- Եվ նրա գործողությունների տրամաբանությունը ավանդական է ամերիկյան խոշոր գործարարի համար։ Տպավորություն է ստեղծվում, որ Թրամփը գործում է ֆինանսական սպեկուլյանտի բնազդով, երբ տեսնում է, որ այստեղ կամ այնտեղ թեժ է դառնում, և, ուրեմն, կարելի է ինչ-որ բան պղտորել: Թրամփն օգտվում է միջազգային իրավիճակի անկայունությունից. նրան թվում է, որ որքան այն անհանգիստ է, այնքան ավելի մեծ շանսեր ունի իրեն դրսևորելու որպես «գլխավոր պետ»:

Նա նշել է, որ Թրամփը խաղում է նրա համար, որպեսզի բոլորն ունենան այն զգացողությունը, որ իրեն վերաբերում է ամեն ինչ:

«Դա պատրանք է ստեղծում, որ նա իրավիճակի տերն է, աշխարհի տիրակալը»,- եզրափակել է փորձագետը:

Թրամփի սպառնալիքները

ԱՄՆ-ի նախագահը Նոր տարվա առաջին օրերից սպառնում է Իրանի իշխանություններին: Սպիտակ տան ղեկավարը սոցկայքերում օգնություն է խոստացել Իսլամական Հանրապետության խռովարարներին (զանգվածային անկարգությունների և պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին ու մասնակիցներին) և զգուշացրել, որ նրանց սպանության դեպքում երկրի ղեկավարությունը հարձակման կենթարկվի:

Թրամփը սկսել է Իրանին հարձակմամբ սպառնալ երկրում դեկտեմբերի վերջին զանգվածային անկարգությունների սկսվելուց հետո, որոնց ընթացքում, ինչպես իրականությունը կեղծիքով շուրջ տասն անգամ ուռճացնելով, գրել է բրիտանական «Time» պարբերականը, սպանվել է մոտ 30 000 ցուցարար: Թեհրանը հերքել է այդ հայտարարությունները և համոզմունք հայտնել, որ խռովությունները, զանգվածային անկարգությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից: Ընդ որում, CNN-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի, որ Իրանի վերաբերյալ վերջին հայտարարություններում Թրամփն այդ բողոքներն արդեն չի հիշատակում: ԱՄՆ-ի նախագահը հիմա կենտրոնացած է իր համար ավելի կարևորի՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցման և հրթիռային ծրագրի սահմանափակման վրա:

Հունվարի 28-ին Թրամփն իր «Truth Social» սոցցանցում գրառում էր հրապարակել, որում Թեհրանից պահանջել էր մասնակցել բանակցություններին՝ միջուկային զենքի մշակումը դադարեցնելու «ազնիվ և իրավահավասար գործարքի» (իրականում՝ անազնիվ և ոչ իրավահավասար գործարքի) կնքման համար: Նա սպառնացել էր, որ ձախողման դեպքում ԱՄՆ-ի նոր հարվածը «շատ ավելի վատ կլինի», քան 2025 թվականի հունիսին «Կեսգիշերային մուրճ» («Midnight Hammer») գործողության շրջանակում կատարված հարձակումը, որի ընթացքում ամերիկյան բանակը երեք միջուկային օբյեկտ է խոցել: Նա հիշեցրել է Արաբական ծով խոշոր նավատորմի տեղափոխման մասին, որը գլխավորում է «Abraham Lincoln» ատոմային ավիակիրը: Ընդ որում, Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ միջուկային զենք չեն մշակում, իսկ նրանց ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 28-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում կանխարգելիչ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ, և կշարունակի ուժեղացնել Մերձավոր Արևելքում իր ուժերը:

Թրամփի մահակ «Մեծ արմադայի» կազմը

«Մեծ արմադան» գլխավորում է «Abraham Lincoln» ավիակիրը։ Նրա հետ հարվածային խումբն արդեն Մերձավոր Արևելքում է և սպասում է հրամանատարության հրահանգներին։ Ամերիկյան նավատորմի և ավիացիայի տեղակայման ճշգրիտ վայրը չի բացահայտվում, սակայն «FlightRadar24» ծառայությունը գրանցել է ավիակրի վրա եղած «Osprey» կոնվերտոպլանի թռիչքը Հնդկական օվկիանոսում Օմանի տարածքի և ցամաքի միջև գտնվող մի կետից: Ենթադրվում է, որ այն այժմ գտնվում է իրանական ափից մոտ 800 կմ հեռավորության վրա։

«Abraham Lincoln» ավիակիրը, ըստ էության, լողացող օդանավակայան է և կարող է իր վրա կրել մինչև 90 Ինքնաթիռ և ուղղաթիռ: Ինչպես հաղորդել է «Интерфакс»-ը, ամերիկյան դրոշակակրի վրա այժմ տեղակայված են F/A-18 կործանիչների երեք էսկադրիլիա և հինգերորդ սերնդի F-35C կործանիչների մեկ էսկադրիլիա: Ավիակիր խմբավորման կազմում կարող են լինել նաև F-15 կործանիչներ։

Բացի վերոնշյալից, «մեծ արմադան» ներառում է օժանդակ նավեր, երեք «USS Spruance», «USS Michael Murphy» և «USS Frank Petersen» ականակիրներ՝ «Tomahawk» թևավոր հրթիռների արձակման կայանքներով: «The Jerusalem Post» պարբերականը հավելել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ԶՈւ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում են գտնվում նաև «USS Mitscher», «USS McFaul» և «USS Roosevelt» հրթիռային ականակիրները:

ԱՄՆ-ի ռազմաբազաներն Իրանի շուրջ

Ռազմանավերի «մեծ արմադան»՝ իր վրա եղած ավիացիայով հանդերձ, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ ուժերը չեն։ Ըստ բաց աղբյուրների տվյալների, Իրանի մոտակայքում ամերիկացիներն ութ ռազմական օբյեկտ ունեն, այդ թվում՝ Կատարում նավատորմի «Ալ-Ուդեյդ» բազան և ավիաբազան: ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունը (նախկինում՝ Պենտագոն) նաև ապահովել է մեկ տասնյակից ավելի ժամանակավոր ռազմակայանների տեղակայումը՝ 40-50 հազար մարտիկներով։

Ավելին. Իրանի վրա հարձակմանը կարող են ներգրավվել ռազմավարական ռմբակոծիչներ։ Դրանք պետք չէ նախապես տեղափոխել Մերձավոր Արևելք, նրանք ի վիճակի են հասնել թիրախին իրենց մշտական կայանման օդանավակայաններից և վերալիցքավորմամբ հասնել հարվածի վայր։

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հունվարի 26-ից բազմօրյա զորավարժություններ է անցկացնում Հյուսիսային Աֆրիկայից մինչև Հարավարևելյան Ասիա ընկած շրջանում: Վարժական զորավարժությունների ավարտի ժամկետը զինվորականները չեն հստակեցրել։

Իրանի արձագանքը Թրամփի սպառնալիքներին. «Թշնամու ցանկացած քայլ կհանդիպի ջախջախիչ պատասխանի ցամաքում, ծովում ու տարածաշրջանի բոլոր ամերիկյան բազաներում»

Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին X սոցցանցում պատասխանել է Թրամփի սպառնալիքներին. «Պատասխանը կլինի անհապաղ, համապարփակ և աննախադեպ, դրա թիրախը կլինեն ագրեսորը, Թել Ավիվի սիրտը և բոլոր նրանք, ովքեր աջակցություն են ցուցաբերում ագրեսորին»:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի բանակը պատրաստ է «ակնթարթային և հզոր» պատասխան հարված հասցնել: Նրա խոսքով ՝ Թեհրանը կարևոր դասեր է քաղել հունիսյան հարձակումից։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում հունվարի 28-ին հայտարարել են, որ Իրանը պատրաստ է երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ, սակայն անհրաժեշտության դեպքում Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իրեն և համապատասխան պատասխան կտա:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ, էլիտար ռազմական զորամասեր) Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Աբդալա Հաջի Սադեղիի հավաստմամբ, Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կվտանգի Մերձավոր Արևելքում, Իսլամական Հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում գտնվող Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքը։

«Այսօր մեր հասանելիության սահմաններում են ոչ թե միայն մեկ բազա, այլև Միացյալ Նահանգների և նրա տարածաշրջանային վարձկանների ամբողջ ենթակառուցվածքը,- իրանական IRNA գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է Սադեղին:- Զինված ուժերը պատրաստ են մարտի, և թշնամու ցանկացած քայլ կհանդիպի ջախջախիչ պատասխանի ցամաքում, ծովում ու տարածաշրջանի բոլոր ամերիկյան բազաներում»:

«Մենք ոչ մի կերպ չենք ընդունում պատերազմը, սակայն իրանական պետության և ժողովրդի նկատմամբ ցանկացած ագրեսիա անհապաղ և վճռական պատասխան կստանա»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը, որի խոսքը մեջբերված է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ