Մարդկանց մի մասը հիասթափվել է ընտրության արդյունքներից։ Նրանց թվում են նաև քրիստոնյաներ, ովքեր գնացել են ընտրության, սակայն արդյունքներից և հետընտրական գործընթացներից դժգոհ՝ հրապարակային փոշմանում են իրենց մասնակցության համար և խոստանում այլևս ընտրության չմասնակցել։
Սակայն պետք է տարբերել երկու բան՝ ընտրության արդյունքը և սեփական բարոյական պարտքը, հատկապես երբ սպառնալիքի տակ են Մայր Եկեղեցու նվիրապետական կարգը, մեր ինքնության հիմնասյուները։
Տեսեք, մեր ընտրական համակարգն այնպես է ձևավորված, որ եթե դու նույնիսկ քո ձայնը չտաս ակնհայտ եկեղեցահալած խոստումներով ծրագիր ունեցող ուժին, ապա ոչ անցողիկ ցանկացած թեկնածուի քվե տալով, ձայների վերաբաշխման ժամանակ քեզնից ակամա քո ձայնի որոշ մասը գնալու է այդ ուժին։ Արդյունքում, կամա թե ակամա դու մաս ու բաժին ես ունենում այդ եկեղեցատյաց ծրագրին։ Նույնիսկ եթե չես գնում ընտրության, կամ բոլորին դեմ ես քվեարկում՝ անվավեր դարձնելով քվեաթերթիկը, ապա անուղղակիորեն նպաստում ես, անցողիկ ձայների տեսակարար կշռի ավելացմանը։ Հետևաբար գործող ընտրակարգով չմասնակցելը նշանակում է պասիվ ձևով թեկուզ աննշան լումա ներդնել հակաեկեղեցական ծրագրեր իրականացնողների օգտին։ Իսկ հոգևոր դաշտում նույնպես կատարվում է ընտրություն:
Հիմա եկեք քննենք, թե ինչի համար է պատասխանատու կոնկրետ մարդը․
1․ Քրիստոնյան անձամբ պատասխանատու է ոչ թե այն բանի համար, թե վերջում ինչ արդյունք ստացվեց, այլ այն բանի համար, թե ինքն անձամբ ինչ ընտրություն կատարեց իր խղճի և Աստծո առաջ։
2․ Արդյունքները հաճախ կախված են հազարավոր մարդկանց ընտրությունից, իշխանություններից, անարդարություններից և այնպիսի հանգամանքներից, որոնք մեկ մարդու վերահսկողությունից դուրս են։
3․ Մարդը պատասխանատու չէ այն միջամտությունների համար, որոնք կարող են առաջանալ իրենից անկախ գործոնների և համակարգային մեխանիզմների հետևանքով։
4․ Եթե մարդը, քննելով իրավիճակը, աղոթքով և խղճի թելադրանքով հրաժարվել է աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք իր համոզմամբ ուղղված են Եկեղեցու, հավատքի կամ սրբությունների դեմ, ապա նա կատարել է իր պարտքը՝ անկախ նրանից, թե ընտրության վերջնական արդյունքն ինչ է գրանցվել կամ հրամցվել։
5․ Հավատարմությունը սրբություններին չի չափվում հաջողությամբ, այլ մարդը պատասխան է տալիս Աստծուն իր հավատարմության համար, ոչ թե այն բանի համար, թե աշխարհը որքանով ընդունեց կամ մերժեց իր ընտրությունը, այլ որքանով նա հավատարիմ մնաց ճշմարտությանը։
6․ Ուստի, եթե մեկը մասնակցել է ընտրությանը՝ ձգտելով որևէ մաս ու բաժին չունենալ այն եկեղեցակործան ծրագրերին, որոնք իր խղճի առաջ անընդունելի էր համարում, ապա նա չպետք է զղջա իր կատարածի համար միայն այն պատճառով, որ ցանկալի արդյունքը չի գրանցվել։
7․ Կարևորն այն է, որ Քրիստոնյան իր լուման չի դրել եկեղեցադավ կշռաքարին։ Իսկ եթե կշեռքը կեղծված է, Աստված է դատելու կշռողին, այլ ոչ թե նրան, ով իր մաքուր լուման է բերել, քանի որ «Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջեւ․․․» (Առակ. 11:1)։
8․ Եթե մասնակիցներից շատերը չգնային, այսօրվա արդյունքը ավելի հեշտ կտրվեր ու համոզիչ կթվար։ Սակայն, մարդիկ իրենց մասնակցությամբ և դիրքորոշմամբ ցույց տվեցին, որ իրենք անտարբեր ու գաղջ չեն և կողմ չեն Եկեղեցու դեմ նախագծվող անօրեն ծրագրերին:
9․ Քրիստոսի առաքյալները քարոզեցին, բայց երկրային իշխանությունները նրանց հալածեցին ու նահատակեցին։ Մի՞թե առաքյալները փոշմանեցին իրենց քարոզելու համար, որովհետև արդյունքում իշխանությունը չփոխվեց, ու չարիքը շարունակվեց։ Իհարկե, ո՛չ։
10․ Մարդիկ, չպետք է հուսահատությունից դրդված լվանան իրենց ձեռքերը և ասեն․ «այլևս չեմ գնալու, հիասթափվել եմ»։ Չգնալով՝ նրանք հեշտացնում են եկեղեցահալած ուժերի գործը և ընկնում անտարբերության մեղքի մեջ։
Այսպիսով, ով իր մասնակցությամբ որևէ լումա չի դրել սպասվող եկեղեցահալած ալիքի նժարին՝ Կորխի և Դաթանի ապստամբների (Թվեր 16) կողքը չի կանգնել, այլ հավատարիմ է մնացել իր Ուխտին և Մայր Եկեղեցուն։
Եթե կա կեղծ կշեռք, ապա դա կշռողների մեղքն է և իրենց դատապարտությունը։
Քրիստոնյան կարող է տրտմել, կարող է ցավ ապրել, կարող է հիասթափվել մարդկանցից, սակայն չպետք է կորցնի իր հույսը և հուսահատվի, քանի որ մեր Հույսը Քրիստոսն է, իսկ «Յոյսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ․ 5։5)։
Հուսահատ = Քրիստոսից կտրված։
Հուսալքված = Քրիստոսին լքած։
Անհույս = առանց Քրիստոսի։
Սամվել դպիր Գրիգորյան