Իրանը չի ընդունում հրադադարի տարբերակը և պահանջում է պատերազմների դադարեցում ամբողջ տարածաշրջանում՝ ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «Al Jazeera» հեռուստաալիքին: «Մենք պատրաստ ենք հակահարված տալ ցանկացած ցամաքային ներխուժման։ Հույս ունեմ, որ թշնամիները սխալ հաշվարկներ չեն անի»,- շեշտել է իրանական դիվանագիտության ղեկավարը, մեկ անգամ ևս կրկնելով պատերազմը դադարեցնելու Թեհրանի պայմանները՝ Իրանի վրա հարձակումները չկրկնելու երաշխիքներ և վնասի փոխհատուցում:                
 

Փարիզյան գործադուլը, Կամյուի «Ժանտախտն» ու գնացքում գիրք կարդալու սովորությունս

Փարիզյան գործադուլը, Կամյուի «Ժանտախտն» ու գնացքում գիրք կարդալու սովորությունս
31.03.2026 | 19:05

Մի անգամ Ֆրանսիայում երկաթուղայինների գործադուլի տակ եմ ընկել։ Դաժան բան էր։

Ուրեմն՝ էդ ժամանակ ես ապրում էի Փարիզի հյուսիսում գտնվող մի փոքր, սիրուն քաղաքում՝ Առնուվիլում։ Առավոտը Փարիզում հանդիպում ունեի, բայց գաղափար չունեի, որ գործադուլ ա։ Տնից դուրս եկա, գնացի RER-ի կայարան։ Փարիզում կա մետրո ու RER։ Մետրոն Փարիզի մեջ ա աշխատում, իսկ RER-ը մեր իմացած միջքաղաքային գնացքներն են։ Հսկայական երկհարկանի գնացքներ են, որ գնում են մինչև Փարիզի կենտրոն ու խառնվում մետրոյին։

Գնացքը շատ ուշացավ, կառամատույցում արդեն լիքը մարդ էր կուտակվել։ Տարօրինակ բան էր, բայց բանի տեղ չդրեցի, մտածեցի՝ պատահում ա, տե՛նց բաներ ե՞մ տեսել։ Վերջապես եկավ։ Նստեցի։ Ես գնացքում կարդալու սովորություն ունեի, իսկ նախորդ օրը Կամյուի «Ժանտախտն» էի առել Սենի մոտի բուկինիստներից։ Կամյու կարդալը հավես ա։ Մի կես ժամ պիտի գնայի։ Նստեցի ու խորասուզվեցի գրքի մեջ։

Գնացքը մտավ Փարիզ, կանգ առավ։ Ես հաջորդում պիտի իջնեի։ Մեքենավարը ռադիոյով ինչ-որ բան ասեց, բայց չհասցրի լսել. մինչև գրքից կտրվեցի, արդեն վերջացրել էր։ Դե, մտածեցի՝ քաղաքավարի մարդ ա, երևի որոշել ա կանգառները հայտարարել, ու նորից խորասուզվեցի գրքիս մեջ։

Մի հինգ րոպեից զգում եմ, որ գնացքն, ինչ-որ, երկար տեղից չի շարժվում։ Հայացքս կտրեցի գրքից, շուրջս նայեցի, տեսնեմ՝ էդ հսկայական գնացքի մեջ մեն-մենակ եմ։ Նո՛ր գլխի ընկա, որ ինչ-որ բան էն չի։ Վեր կացա, որ դուրս գամ, բայց չհասցրի՝ դռները փակեց ու շարժվեց... հետ։ Ա՛յ քեզ բա՜ն։ Վարպե՛տ, պահի՛, իջնող կա։ Ի՜նչ վարպետ, վարպետը մի քանի վագոն էն կողմ, չգիտի էլ, որ գնացքում մարդ կա։

Գնաց-գնաց, գնաց-գնաց, նորից Փարիզից դուրս եկավ ու կանգնեց մի ամայի կայարանում։ Դուրս եկա։ Stade de France կայարանն էր՝ Ֆրանսիական մարզադաշտի կայարանը, որտեղ մի տարի առաջ Ֆրանսիան աշխարհի չեմպիոն էր դարձել։ Հսկայական վերգետնյա կայարանում ոչ մի կենդանի արարած չկար, ես՝ մեն-մենակ։ Էն, որ սարսափ-ֆիլմեր են լինում՝ զարթնում ես, քաղաքում մեն-մենակ ես։ Բերգմանը տենց տեսարան ունի «Մորու դաշտերը» ֆիլմում։ Միանգամից աչքիս առաջ եկավ։

Ի՞նչ անեմ։ Զանգեցի ընկերոջս, ընկերս ասեց, որ գործադուլ ա։ Բայց իմաստ չուներ, որ մեքենայով հետևիցս գար, որովհետև Փարիզում խայտառակ խցանումներ էին, մի երկու օրից նոր տեղ կհասներ։ Նստեցի նստարանին ու սկսեցի սպասել։

Գործադուլը՝ գործադուլ, բայց, համենայն դեպս, ժամը մեկ մի գնացք էր գնում-գալիս ու հավաքում մոլորված մարդկանց։ Մի ժամից գնացքը եկավ, նստեցի ու տուն գնացի։

Հանդիպումը, իհարկե, չկայացավ, բայց հարգելի պատճառով՝ ֆորս մաժոր էր։

Դրանից հետո, ինչքան գնացքի մեջ գիրք էի կարդում, միշտ մի ականջս սրած էր՝ հանկարծ նորից գործադուլ անեին, հո չոլի մեջտեղը չէի մնալու։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ