Հրապարակված ագենդան, իհարկե, ԱՄՆ-ի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» պայմանագրի նախաստորագրումն է, դրա իրացման հիմքերի խորացումը, TRIPP-ը, որն, ի դեպ, բոլոր միջազգային հարթակներում ներկայացվում է որպես Թուրան-ԵՄ միջանցք, որը կվերաձևի տարածաշրջանի առևտրային, էներգետիկ, հանքանյութերի և նավթանյութերի շրջանառությունը, էներգետիկ փոխկախվածությունը, փոփոխության կենթարկեն ազդեցության գոտիները:
Ամերիկյան «Ազատություն Ռադիոն» չի վարանել և Վենսի այցը մեկնաբանող իր հոդվածում տպել է հետևյալ տողերը. «Անհրաժեշտություն էր առաջացել ՀՀ-ին ևս որոշակի տոկոս տրամադրել TRIPP-ի շահույթից, քանի որ միջանցքը կանցնի նրանց սուվերեն տարածքով» (#ինքնիշխաններին ի գիտություն):
Այն նաև գրում է, որ միջանցքը կկապի Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային, կդառնա միջին միջանցք Չինաստան-Թուրքիա-Եվրոպա ապագա 6500 կմ-անոց ճանապարհին՝ շրջանցելով Իրանը և ՌԴ-ն, չեն մոռացել նաև Վրաստանին՝ ներկայացնելով այն արևմտյան վեկտորից հրաժարվող պետություն:
Օրակարգում են նաև ԱԷԿ-ի շուրջ քննարկումները, ՀՀ-ԱՄՆ նոր միջուկային համագործակցությունը, ՌԴ-ի հետ հին գործարքներն ավարտելու և ԱՄՆ-ի հետ նոր ռեակտորներ գործի դնելու հնարավորությունը: Մինչդեռ ԱՄՆ-Ադրբեջան փոխգործակցությունը խորացվելու է՝ ամերիկյան զինտեխնիկայի, ռազմանավերի և այլ մարտական հարմարությունների ներկրման թեմաներով:
Հպանցիկ անդրադառնում են նաև Իրան-ԱՄՆ հարաբերություններին, սակայն, ըստ իս, Վենսի այցի գլխավոր պատճառը հենց Իրանի հետ սրված հարաբերություններն են և ԱՄՆ հնարավոր հարձակումը Իրանի վրա: Չի բացառվում, որ ԱՄՆ փոխնախագահը ՀՀ է գալիս՝ ՀՀ-ի կողմից ԱՄՆ-ին անվերապահորեն սատարելու երաշխիքների հետևից (Ադրբեջանից՝ ևս):
Ուշագրավ է, որ նախքան Վենսի այցը՝ Հայաստան են ժամանել ամերիկյան մեծաքանակ դելեգացիաներ (հատուկ ծառայությունների խմբեր), «Մարիոտ» հյուրանոցում զբաղեցրել են ամբողջական հարկեր և պահանջել են սենյակներից հեռացնել ամբողջ կահույքը՝ թողնելով միայն սեղան-աթոռները: Հարց է առաջանում՝ այդ խմբերը կհեռանան Վենսի հետ միասի՞ն, թե՞ որպես դիվանագետ-հետախույզներ կմնան ՀՀ-ում և կշարունակեն իրենց գործունեությունը՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում:
Արձանագրենք նաև, որ Ջեյմս Դեյվիդ Վենսը կլինի երբևէ ՀՀ այցելած ամերիկյան ամենաբարձրադիր պաշտոնյան:
Նրա հետ փետրվարի 9-11-ը Հայաստան և Ադրբեջան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը:
Էլիզա Առաքելյան