Միացյալ Նահանգների Տնտեսական ֆինանսավորման կորպորացիայի ղեկավար Քենեթ Անյելը օրերս Բաքվում հայտարարել է, որ «Թրամփի ուղին» (TRIPP-ը) ապագայում ստորագրվելիք հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կարևոր բաղադրիչն է։
Ավելին՝ ըստ նրա, այս ծրագիրը «ծառայում է երկար ժամանակ տարանջատված ադրբեջանական տարածքների վերամիավորմանը»։
Այս հայտարարությունը մտահոգիչ է մի քանի առումով:
Խաղաղության պայմանագրի հետ կապակցում
Եթե արդեն իսկ կա Բաքվի ծանր նախապայմանը՝ Սահմանադրության փոփոխությունը, ապա TRIPP-ի նման բարդ նախագիծը գործընթացին կցելով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը դառնում է ավելի մշուշոտ։ Սա Բաքվի ձեռքին դառնում է գործիք՝ առաջ մղելու «միջանցք՝ խաղաղության դիմաց» բանաձևը։
Արտաքին շահերի բախում
TRIPP-ը ենթադրում է Վաշինգտոնի տնտեսական և քաղաքական ներկայության ամրապնդում, ինչը հակադրվում է Ռուսաստանի և Իրանի շահերին։ Արդյունքում, խաղաղություն երաշխավորելու փոխարեն այն կարող է բերել նոր լարվածության։
Տեր-Պետրոսյանի մոտեցում
Լևոն Տեր-Պետրոսյանը, ռիսկերը կանխատեսելով, առաջարկել է աշխարհաքաղաքական հավասարակշռության բանաձև։ Սա մոտեցում է, որը թույլ կտա Հայաստանին խուսափել աշխարհաքաղաքական առճակատման թիրախ դառնալուց և հավասարակշռել Հայաստանի դիրքերը։
Լեգիտիմության հարց
Երբ պաշտոնապես հայտարարվում է, որ TRIPP-ը ծառայում է ադրբեջանական տարածքների վերամիավորմանը, արդեն իսկ ծրագրի արդյունավետությունը և խաղաղարար նպատակը դրվում են կասկածի տակ:
Անյելի հայտարարությունը Հայաստանին դնում է մեծ հակադրությունների կենտրոնում։
Նրա մատուցմամբ՝ TRIPP-ը կդառնա ոչ թե խաղաղության կամուրջ, այլ նոր հակադրությունների ճամփաբաժան։
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ