Կպարտվի երկիրը դավից ու չարից –
կպարպվի իսպառ,
դեպի չորս ծագերը կցրվեն մարդիկ
ու կծվարեն օտար աստղի տակ:
Աշխարհում մի պահ կտիրի եղծ ու անուժ լռություն,
հաջորդիվ ունայն ժխորը վերստին կթագավորի:
Բայց շուտով մեկը կվերադառնա,-
մեկի մեջ՝ տասը, տասի մեջ՝ հազար,-
կրկին կմարտնչի՛ նա ոսոխի դեմ,
կզերծի՛ իրեն ծանրաբեռ մեղքից,
կազատագրի՛ երկիրը չարքից,
եւ սրբված հոգով հեռացածներին տուն կկանչի:-
Լալ աղբյուրները կկարկաչեն նորից ջինջ ու բնաձայն,
ուրցը կբուրի ժիր բլուրներին,
հունիսի ծոցում թութը կծլլա քաղցր ու հեշտորեն,
աղավնիները ետ կգան խուլ ու տարագիր հեռվից:
Մայրերն ու դուստրերը կմաքրեն փոշին դատարկ տների,
լուսամուտները կփայլեցնեն,
լաց ու ծիծաղով հարկերը կլցնեն:
Հայրերն ու որդիք ընկած խաչերը
ամուր կվարսեն վանքերի անաչ գմբեթներին,
եւ լվացվելուց, շունչ առնելուց հետո
երգով դարձյալ կելնեն լեռները բանձրիկ…
03.08.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ