Երեկվանից իշխանական «սազանդարները», աշուղ դարձած, հրճվանքով գովերգում են Ղազախստանից Հայաստան հասցեագրված հացահատիկի մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով։ Այս դրվագը նրանք ներկայացնում են որպես «աննախադեպ և դարակազմիկ» իրադարձություն։ Սակայն ուշագրավ է, որ այս թեման հայկական լրատվամիջոցներում շրջանառության մեջ մտավ ոչ թե պաշտոնական երևանյան աղբյուրներից, այլ այն բանից հետո, երբ Ալիևը Աստանայում հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ։ Միայն դրանից հետո Պապոյան Գևորգը շտապեց, բառացիորեն շնչակտուր, «պլագիատ» անել և սկսել շեփորահարել այդ մասին՝ հերթական անգամ փորձելով ներկայացնել արտաքին ազդակները որպես ներքին ձեռքբերումներ։
Ասեմ, որ այս միտումը նոր չէ, ավելին, այն արդեն ձևավորված ավանդույթ է, երբ Հայաստանի հետ կապված ցանկացած իրադարձություն կամ որոշում ներկայացվում է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կամ թուրքական «բարի կամքի» շրջանակում։
Իմ ավանդական լիկբեզն անեմ: Նիկոլ Փաշինյանը հաճախ է խոսում Թուրքիայի հետ սահմանի բացման մասին՝ այն ներկայացնելով որպես «խաղաղության դարաշրջանի» խորհրդանիշ։ Սակայն հարկ է հիշեցնել մի պարզ, բայց մոռացված փաստ. Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը երբեք էլ բաց չի եղել։ Եթե որևէ մեկի մոտ ձևավորվել է թյուր կարծիք, թե ԽՍՀՄ տարիներին հայ–թուրքական սահմանը «բաց» էր, ապա դա մոլորություն է։ Հայ-թուրքական սահմանը փակ է դեռևս 1920 թվականից։ Թեև պաշտոնապես երբեք չի հնչեցվել հայտարարություն «սահմանի փակ» լինելու մասին, սակայն առևտրաշրջանառության, շփումների և ելք-մուտքի բացակայությունը փաստացի խոսում է փակ սահմանի մասին՝ արդեն մեկ դարից ավելի։ Այլ կերպ ասած՝ հայ–թուրքական սահմանը ոչ թե 1993-ին է փակվել, այլ իրականում երբեք չի էլ բացվել։ Ի դեպ, եթե որևէ մեկը դրանում կասկած ունի, կարող է ստուգել՝ այդ մասին տեղեկատվությունը հասանելի է բաց աղբյուրներում: Հայ-թուրքական սահմանը փակել են թուրքերը ու հիմա էլ իրենք են ուզում բացել, վերմակն իզուր ձեզ վրա մի քաշեք:
Իմիջիայլոց, պատմությունը երբեմն հետաքրքիր զուգահեռներ է մատուցում։ 1453 թվականի մայիսի 29-ին, երբ Մեհմեդ II-ը գրավեց Կոստանդնուպոլիսը, օսմանյան իշխանությունը միանգամից ձեռնամուխ եղավ Եգիպտոսից հացահատիկ ներկրելու գործընթացին։ Բայց պատմական փաստ է՝ դեռևս 642 թվականին, երբ արաբները վերջնականապես նվաճեցին Եգիպտոսը, Բյուզանդիան դադարեցրել էր այդ երկրից հացահատիկի ներկրումը։ Այսինքն՝ Պոլիսը նվաճելուց մոտ 800 տարի առաջ Բյուզանդիան Եգիպտոսից հացահատիկ չէր ստացել։ Իսկ ահա, երբ հացահատիկը կրկին հասավ Պոլիս՝ արդեն խաղաղ պայմաններում, Բյուզանդիան այլևս գոյություն չուներ։
Այս զուգահեռը պատահական չէ։ Ըստ էության՝ այն փուլում, երբ մի պետություն սկսում է հպարտանալ արտաքին «բարեհաճության» դրսևորումներով՝ մոռանալով սեփական արժանապատվությունն ու ինքնիշխանությունը, պատմությունը սովորաբար տալիս է նույն հետևանքը․ հացահատիկը գուցե հասնում է, բայց պետությունն ու ազգաբնակչությունն այլևս չեն լինում։
Արմեն Հովասափյան