Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Միայն հայրենասիրական լոզունգներով ու երգերով հողի համար մարդկանց կռիվ չես տանի

Միայն հայրենասիրական լոզունգներով ու երգերով հողի համար մարդկանց կռիվ չես տանի
04.11.2025 | 17:26

Ժամանակին, երբ դեռ մարդիկ չգիտեին, որ իշխանությունը իրենցից է, այսինքն, նույնիսկ այն ժամանակներում, երբ իշխանությունը համարում էին Աստծուց տրված և նրա տեղապահը երկրի վրա թագավորն է, նույնիսկ այս ժամանակներում, երբ թագավորը արշավանքի էր գնում, կամ մի քանի ազնվական միանում էին և որոշում էին իշխանություն վերցնել, իրենք «ստիպված» էին իրենց համախոհներին և զորքին նյութական խոստումներ տալ, հիմնականում՝ հողի տեսքով:

Նույնը արել է Ալիևը Արցախը գրավելուց առաջ, նա նաև խոստումներ էր տվել արտաքին խաղացողներին՝ հանքերի տեսքով:

Հայաստանում ընդդիմության տարբեր շերտեր հանրության տարբեր զանգվածների ասում են՝ եկեք գնանք իշխանություն վերցնենք, հետո էլ Արցախը հետ բերենք, բայց չեն ասում, թե մարդիկ՝ մասնակիցները, դրանից ինչ են ստանալու: Հողը բարեկեցության աղբյուր է, միայն հայրենասիրական լոզունգներով ու երգերով հողի համար մարդկանց կռիվ չես տանի:

Իմ համոզմամբ (սրա մասին տարբեր այլ ձևերով էլի եմ խոսել)՝ բարիքի անարդար բաշխումը բերել է լայն զանգվածների անտարբերության սեփական երկրի հանդեպ: Ասում ենք՝ հայրենիքի մի մեծ կտոր ձեռքներիցս տարել են, պատասխանում են՝ ի՞նձ ինչ, միևնույն է, ինձ դրանից ոչ մի բան չէր հասնում, ավելին՝ ինձ ստիպում էին դա պահելու համար ծառայել, բայց փոխարենը ոչ մի բարիք չէին տալիս, իմ բարեկեցությունը դրանից չէր լավանում, այդ նույն պաշտպանածս հողից ինձ բաժին չէին հանում, իսկ փոխարենը օլիգարխիան էր/է ավելի հարստանում և այդ նույն հողի բարիքները քաղում:

Եթե գա մի օր, որ քաղաքական դաշտում այն կետում լինեմ, որ հայերին պատրաստեմ հողահավաքի, յուրաքանչյուրն իր ստանալիքը իմանալու է: Մարդիկ պետք է իմանան, թե կյանքներն ինչի համար են ռիսկի տակ դնում, և էական չէ, որերորդ դարն է: Սա այսպես է եղել նախկինում, հիմա էլ է այսպես և միշտ է այսպես լինելու:

Սա ամբողջապես ճշմարիտ է իշխանություն վերցնելու պրոցեսում, կուզի լինի ընտրությունով, փողոցային խաղաղ պայքարով կամ էլ թե ռազմական հեղաշրջումով: Յուրաքանչյուրն իր ստանալիքը պիտի իմանա: Հայաստանում դրա մասին պարզ ու բաց չեն խոսում, զբաղված են մանիպուլյացիաներով ու քաղաքական ավանտյուրաներով, և նաև սրա հետևանքով է, որ շարունակում ենք ունենալ համատարած անտարբերություն և կորցնել տարածքներ. մարդիկ համարում են, որ մեկ է, դա իրենցը չէր, իրե՞նց ինչ:

Գիտեմ, որ թեման բարդերից ու դժվար ընկալելիներից է և բանավեճի տեղ ունի:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 134

Մեկնաբանություններ