Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Յուրաքանչյուր պատգամավորի գերխնդիրը պետք է լինի ի նպաստ երկրի բարօրության ու առաջընթացի աշխատելը»

«Յուրաքանչյուր պատգամավորի գերխնդիրը պետք է լինի  ի նպաստ երկրի բարօրության  ու առաջընթացի աշխատելը»
31.05.2012 | 15:09

Երեկ 5-րդ գումարման ԱԺ-ն հրավիրեց առաջին նիստը: Մի շարք պատգամավորների համար սա նաև օրենսդիր գործունեության առաջին օրն էր: Նրանց շարքում է ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր, «Գրանդ Քենդի» ընկերության նախկին տնօրեն ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Պատգամավորը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող որոշ հարցերի։

-Պարոն Բաբայան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:
-Դուք գիտեք, որ նախորդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունում ընդգրկված էր «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը: Այս անգամ պարոն Վարդանյանը որոշեց չառաջադրվել, քանի որ, որպես խոշոր գործարար, նա ունի բազմաթիվ ծրագրեր` կապված արտադրության ընդլայնման ու նոր աշխատատեղերի ստեղծման հետ: Բայց, հաշվի առնելով, որ Կարեն Վարդանյանը բազմաթիվ ծրագրեր ուներ նաև օրենսդիր դաշտում, որոշվեց, որ ես առաջադրվեմ որպես պատգամավորի թեկնածու և, ընտրվելու դեպքում, փորձեմ իրականացնել այդ ծրագրերը:
-Օրենսդրական գործունեության ո՞ր ոլորտի մասին է խոսքը, և որո՞նք են լինելու Ձեր գործունեության առաջնահերթությունները:
-Ես իմ աշխատանքը պատկերացնում եմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Հույս ունեմ, որ երկրի ամենախոշոր արտադրական ընկերության տնօրենի պաշտոնում իմ երկարամյա աշխատանքային փորձն ինձ կօգնի խորհրդարանում աշխատելու ի նպաստ տեղական արտադրության և հայրենի տնտեսության զարգացման: Սա է լինելու իմ գործունեության առաջնահերթությունը:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ՀՅԴ ցուցակի երկու անդամների ինքնաբացարկի արդյունքում Դուք տեղ ստացաք ԱԺ-ում:
-Կարծում եմ, դա ես չպետք է մեկնաբանեմ: Դա եղել է ՀՅԴ կուսակցության որոշումը: Իմ կարծիքով, կուսակցությունն այդ որոշումը կայացրեց` առաջնահերթությունը տալով երկրի առաջ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը` նաև օրենսդրական դաշտում: Եվ ես ամենայն պատասխանատվությամբ պատրաստ եմ իմ գիտելիքներով ու տարիների կուտակած փորձով միանալու իմ գործընկերներին, մասնավորապես Արծվիկ Մինասյանին, և ակտիվորեն մասնակցելու տնտեսական խնդիրների կարգավորմանն ուղղված օրենսդրական գործունեությանը:
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքն ընդդիմադիր խմբակցության կազմում:
-Անկախ այն բանից` ընդդիմադիր, թե իշխանական դաշտում, յուրաքանչյուր պատգամավորի գերխնդիրը պետք է լինի ի նպաստ երկրի բարօրության ու առաջընթացի և պետության ու քաղաքացիների շահերի աշխատելը:
-Որոշե՞լ եք, թե որն է լինելու Ձեր առաջին նախաձեռնությունը:
-Քանի որ այսօր իմ պատգամավորական գործունեության առաջին օրն է, չեմ ուզում ժամանակից առաջ անցնել ու խոսել ապագա ծրագրերի մասին: Եթե մի փոքր ժամանակ տաք աշխատելու, հավատացնում եմ, որ կգա նաև արվածի մասին խոսելու ժամանակը:


Հրապարակման պատրաստեց
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 5664

Մեկնաբանություններ