ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Համակարգված հուսալքություն. ինչպես է ճանաչողական պատերազմը կոտրում հասարակական դիմադրությունը

Համակարգված հուսալքություն. ինչպես է ճանաչողական պատերազմը կոտրում հասարակական դիմադրությունը
15.12.2025 | 10:51

Այս աշխարհի «հզորների» համար այսօր պատերազմների հիմնական ռազմադաշտը մարդու գիտակցությունն է։ Ժամանակակից «ճանաչողական պատերազմը» (cognitive warfare) հետապնդում է մեկ նպատակ՝ փաստերի մանիպուլացման միջոցով վերաձևել հասարակության մտածողությունը և ստեղծված հետճշմարտության օգնությամբ պարբերաբար փոխելով իրականության ընկալումը վերջնականապես ջնջել դիմադրողականության ներքին ռեսուրսը։

Հայաստանի դեպքում այսօրինակ պատերազմը արդեն դարձել է քաղաքական և պետական իշխանության անվտանգության ապահովման սպառնալիք։ Մեր հասարակության և հայ մարդու վրա, վերջին տասնամյակում կիրառվող համակարգված հոգեբանական ճնշումները նպատակ ունեն հուսահալքության, անօգնականության և պարտության զգացում ստեղծել ու հենց դրանով իսկ կանխել որևէ դիմադրության ձևավորումը։

Ճանաչողական պատերազմի հիմնական մեխանիզմը «սահմանումների փոփոխությունն» է։ Երբ թշնամին փորձում է հասնել նրան, որ․

- «դիմադրությունը» ընկալվի որպես «վնաս», կամ «ահաբեկչություն»,

- «կառավարումը»՝ որպես «տրտունջ», կամ «տգետների կողմից առաջնորդին չգնահատելու երևույթ»,

- պարտվողականությունը՝ որպես «խաղաղություն»,

- հիշողությունը, հատկապես պատմական՝ որպես «ծանր բեռ» և «տգետների մենաշնորհ» կամ «ինքնադրսևորման ձև»։

Այս մեխանիզմը մարդկանց ստիպում է կորցնել իրականության զգացումը և ապավինել ոչ թե փաստերին, այլ պարտադրված հետճշմարտությամբ հագեցված մեկնաբանություններին։

Հայաստանի դեպքում իշխանությունը գործում է ըստ այդ մեխանիզմի՝ ազգային շահերը ստորադասելով սեփական շահերին։ ՈՒստի հասարակության ցանկացած առողջ քննադատություն ներկայացվում է որպես «դավադրություն», «խոչընդոտում» կամ «հակապետական քայլ»։

Քաղաքական հոգեբանության մեջ վաղուց ուսումնասիրված է «սովորած անօգնականության դրդումը» (learned helplessness motivation) մեխանիզմը, որի նպատակը հասարակության դիմադրողականությունը վերացնելն է։

Այս մարտավարության երկու հիմնական թիրախներն են ժողովուրդը, որը նպակադրված չի սոցիալականացվում և էլիտան։

Ճանաչողական պատերազմի վարման գործընթացի հիմնական դերակատար վարձկան մեդիան ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացնում է երեք քայլ․

Խնդիրների չափազանցում և անվերջ խավարի մթնոլորտ

Ժողովուրդը միշտ պետք է զգա, որ ոչ մի ելք չկա, որ ամեն ինչ վատ է, որ ապագան խավար է։

Դիտավորյալ ներկայացվում են միայն կորուստները՝ առանց լուծումների։

Անիրատեսական «իդեալական արտաքին աշխարհի» գովք

Պարբերաբար ստեղծվում է համեմատություն՝

«Այլ երկրներում ամեն ինչ կատարյալ է, միայն այստեղ՝ հակառակը»։

Սա դառնում է հոգեբանական բեռ և խորացնում անհուսության զգացումը։

Կործանարար անալոգիաների պարտադրում

Հասարակությունը դրվում է մի մտավոր թակարդի մեջ, որտեղ

«այլ ճանապարհ չկա»-ն ամենատարածված ուղերձն է։

Այս ամենի նպատակն է՝ հասարակության մեջ պարտության և անզորության համընդհանուր զգացում ձևավորելը։

Մտավորականությանը վերածում են «տրտնջացող» էլիտաների, որոնց խնդիրը դառնում է «ճգնաժամ ներկայացնելը»։ Համազգային օրակարգ ձևավորելու փոխարեն, նրանք ինքնաբերաբար կամ միտումնավոր ամրապնդում են թշնամու ուղերձները՝

- անվերջ հիասթափություն տարածելով,

- սեփական հասարակությանը մեղադրելով,

- «ճգնաժամի անխուսափելիության» գաղափարը ներմուծելով։

Սա ոչնչացնում է հասարակության ամենակարևոր ակտիվը՝ համընդհանուր հույսը և սեփական տեսակի կարողունակ ու գործունակ լինելու հավատը։ Իսկ հաջորդիվ ճգնաժամի ընթացքում «տրտնջացող էլիտան» դառնում է

թշնամու գործակալ՝ իրականացնելով հոգեբանական գործառույթներ, ոչ կոմպետենտ առաջնորդ, որը չունի ճգնաժամային կառավարման հմտություններ և արդյունքում նպաստում է թշնամու շահերին։

Երկու դեպքում էլ հասարակությունը իր իսկ ընտրած առաջնորդին մերժելով որդեգրում է «անտերության» զգացում, ինչը ոչ միայն խորացնում է անօգնականությունը, այլև գործող առաջնորդին և վարչախմբի համար ստեղծում է «փափուկ ուժ» դառնալու լայն հնարավորություն։ Այս երևույթը, իր բազմամակարդակ դրսևորումներով, ազգային անվտանգության սպառնալիք է։

Ի վերջո, երբ հասարակությունը կորցնում է իր դիմադրությունը, թշնամին առանց կրակոցի կարող է հասնել իր նպատակին, եթե չհայտնվի նոր էլիտա՝ «խելացի ուժ» իր պատմական հիշողությամբ, իր ռազմավարական մտածողությամբ:

Ճանաչողական պատերազմի վերջնական նպատակը՝

անպաշտպան, պարտված հասարակություն։ Լուծումը ազգային դիմադրողականության վերականգնումն է՝ համակարգված հուսալքությունից ազատվելը, ինչի համար անհրաժեշտ է երկու առանցքային քայլ․

1. Մեդիագրագիտության և անկախ վերլուծության աճ

Հասարակությունը պետք է դուրս գա «միաձայն ողբի» դիսկուրսից և կարողանա տարբերակելով հետճշմարտություն ստեղծող փաստերը և ենթադրությունները մերժի նպատակային հասցեագրված մանիպուլյացիաները։

Սա կոտրում է տեղեկատվական մենաշնորհը և վերադարձնում վերահսկողությունը հանրությանը։

2. Հանրային պահանջի բարձրացում

Դիսկուրսը պետք է տեղափոխել «տրտնջոցից» դեպի

պահանջարկ, վերահսկողություն և քննադատության իրավունք։

Այս մոտեցումը ստիպում է քաղաքական ուժերին ներկայացնել ոչ թե պարտվողական, այլ հայակենտրոն, ապագային միտված ծրագրեր։

Հասարակության ակտիվ, ինքնավստահ դիրքորոշումը կարող է խափանել ճանաչողական պատերազմի ամբողջ մեխանիզմը։ Այս պատերազմում հաղթելու միջոցը հասարակության մտավոր վերակազմավորումն է։

Երբ հասարակությունը հանրային դիսկուրսը «միաձայն ողբից» տանում է դեպի ակտիվ պահանջատիրության, պետությունը ստանում է պաշտպանունակություն, իսկ ապագան՝ իրատեսական հենարան։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 184

Մեկնաբանություններ