Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Որսի և որսորդի փոփոխությո՞ւն, թե՞ համատեղ խնջույք

Որսի և որսորդի փոփոխությո՞ւն, թե՞ համատեղ խնջույք
18.01.2016 | 20:09

Հունվարի 15-ին Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ելույթ ունենալով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պատժամիջոցների հարցով համակարգող Դենիել Ֆրիդը շարադրեց ԱՄՆ կառավարության տեսակետը պատժամիջոցների վերաբերյալ իբրև միջազգային քաղաքականության գործիքի: Ֆրիդի խոսքով՝ ներկա իրավիճակում տնտեսական ներգործության միջոցներն ավելի մեծ արդյունք են ունենում, քան ռազմական ուժի կիրառումը: Նորագույն պատմության մեջ օրինակներ կան և հաջողված, և տապալված պատժամիջոցների: Ֆրիդը տապալված է համարում Կուբայի շրջափակումը, որը ակնկալված արդյունքները չբերեց տարբեր պատճառներով: Անցյալի դասերը հաշվի են առնվել և ներկայի քաղաքական գործիչները մշակել են այդ նուրբ հարցում որոշ կանոններ:

Նախ՝ պատժամիջոցները միակողմանի չպետք է լինեն: Իդեալական տարբերակ է՝ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը: Սակայն կա հավանականություն, որ ԱԽ ոչ բոլոր մշտական անդամները, օրինակ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, համաձայն կլինեն և վետո չեն դնի բանաձևի վրա: Այդ դեպքում շատ կարևոր է աշխարհաքաղաքական դաշնակիցների աջակցությունը, որը բազմակի կուժեղացնի պատժամիջոցների տնտեսական ու հոգեբանական ներգործությունը: Հենց դա պակասեց ԱՄՆ-ին Կուբայում, իսկ հիմա օգնեց Ռուսաստանին բանակցությունների սեղան բերել: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների դեպքում մենք ամենասկզբից որոշեցինք համագործակցել Մեծ յոթնյակի և ԵՄ մեր գործընկերների հետ: Մինչ այս նման մասշտաբներով ոչինչ չէինք ձեռնարկել: Այս պատժամիջոցները ԱՄՆ-ում հնարված ու Եվրոպային պարտադրված չէին, հակառակը՝ մշակված էին Եվրոպայի հետ համատեղ»՝ նշել է Դենիել Ֆրիդը: Նա բարձր է գնահատել ԵՄ երկրների դերը, որ վճռական և համաձայնեցված գործողություններ ձեռնարկեցին Ռուսաստանի նկատմամբ՝ նույնիսկ սեփական տնտեսական շահերին դեմ գնալով:
Դենիել Ֆրիդի երկրորդ խորհուրդը՝ չարագացնել իրադարձությունները: Պատժամիջոցների արդյունքները չի կարելի ծրագրել լուրերի հերթական թողարկման համար, կարող են արտահայտվել որոշակի ժամանակից միայն: Այսօր կառավարությունները, որոնց դեմ պատժամիջոցներ են ձեռնարկվել, կարող են հայտարարել, որ իրենց ոչ տաք է, ոչ պաղ այդ պատժամիջոցներից, իսկ վաղը նրանք կընդունեն, որ պատժամիջոցները իրոք հետևանքներ ունեն: Պատժամիջոցների իմաստը ինչ-որ մեկին պատժելը չէ, այլ վարքագիծը փոխել ստիպելը՝ նկատում է Ֆրիդը: Պատժամիջոցները պետք է ունենան ռեալ դիվանագիտական նպատակ, որին հասնելուց հետո կարող են հանվել: Հենց այդպես եղավ Իրանի դեպքում, երբ պատժամիջոցները հանվում են՝ հասնելով միջուկային զենքի մշակումից հրաժարեցնելու նպատակին: Դիվանագետը նման արդյունք է ակնկալում Ռուսաստանի դեպքում, որը սկսում է իրավիճակն ավելի լուրջ ընկալել: «Հենց իրականացվեն Մինսկի համաձայնությունները՝ ընտրություններ անցկացվեն Դոնբասում, դադարեցվեն մարտական գործողությունները և վերականգնվի ՈՒկրաինայի արևելյան սահմանը, պատժամիջոցները կհանվեն»՝ վստահ է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: «Կարծես՝ Ռուսաստանն արդեն տրամադրված է հարցի դիվանագիտական լուծման, մենք հույս ունենք, որ արդեն այս տարի կհաջողվի հարցը լուծել»,- ասել է Դենիել Ֆրիդը:
ՌԴ-ի պատժամիջոցները հանելու հարցը քննարկել են նաև ՌԴ նախագահի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը և ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը՝ իրենց «հիմնավոր, կառուցվածքային և օգտակար խորհրդակցություններում», որ Սուրկովն անվանել է «ուղեղային գրոհ Մինսկի համաձայնագրի իրականացման համար փոխզիջումների փնտրտուքների հարցում»: Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հաստատել է, որ Նուլանդն ու Սուրկովը քննարկել են «մինսկյան համաձայնություններն ամբողջությամբ իրականացնելու անհրաժեշտությունը»: Այսինքն՝ շրջանակը փակվում է: Հավելեմ, որ շուտով կհանդիպեն ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը: Ճիշտ է՝ նրանց համար այդ հանդիպումներն արդեն սովորություն են, բայց չափազանց բարձրաստիճան պաշտոնյաներ են, որ հանդիպեն ու հետևանքներ չլինեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մինչ տարեվերջ, գուցե ավելի արագ, Ռուսաստանը կարող է պատժամիջոցներից ազատվել: Դենիել Ֆրիդը, իհարկե, պրոֆեսիոնալ դիվանագետ լինելով, ոչ մի բառ ավելի, ոչ մի բառ պակաս չի ասի, բայց հիանալի գիտի, որ իր թվարկած գործոններից բացի՝ կան շատ ավելի ազդեցիկ պատճառներ: Նախ՝ աշխարհաքաղաքական դաշնակիցների տրամադրությունների փոփոխությունը: Այո, նրանք ի վնաս իրենց տնտեսական շահի, ԱՄՆ-ի հետ համատեղ նախաձեռնեցին պատժամիջոցները, բայց տնտեսական շահը ապրիորի հասկացություն չէ և ճգնաժամային Եվրոպայի համար օրեցօր կարևոր է դառնում, ուստի անվերջ անտեսել՝ հանուն քաղաքական համերաշխության, Եվրոպան չի ձգում: Սա՝ մեկ: Երկրորդ՝ նավթի գնանկումը ավելի մեծ ավերածություններ է գործում ռուսական տնտեսության մեջ և պատժամիջոցներն իսկապես կորցնում են բուն իմաստը, բայց կա ավելի մեծ վտանգ՝ դեֆոլտը Ռուսաստանում, որ արդեն տասը տոկոսի սեկվեստրի է գնացել: Քանդված Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Արևմուտքի համար շատ ավելի ծանր բեռ է դառնալու, քան այս ու այն աշխարհամասում ռազմական արշավանքներ ձեռնարկող Պուտինի Ռուսաստանը:
Եվ երրորդ՝ ուկրաինական ճգնաժամը արդեն ուղղվում է Կիևի դեմ: Եվրոպան հոգնել է ստնտուի դերից, երբ կոռուպցիան ու քաղաքական անկայունությունը խանգարում են, որ ՈՒկրաինան կարողանա ոտքի կանգնել ու դառնա այն պետությունը, որ հռչակել է: Դենիել Ֆրիդն այս գործոնները գիտի, բայց մտքում կպահի այնքան, քանի դեռ դիվանագետ է ու բարձր պաշտոնյա, ու կբարձրաձայնի, եթե երբևէ որոշի հուշեր գրել: Իսկ չորրորդ գործոնի մասին նա նույնիսկ հուշերում չի գրի և այդ գործոնը Իրանն է: Պատժամիջոցներից ազատվող Իրանին միջազգային ասպարեզում ու տնտեսական շուկաներում կարող է զսպել միայն Ռուսաստանը, ուստի պետք է, որ Մոսկվան պահպանի տնտեսական հզորությունները՝ մրցակցության համար: Այլապես ստացվում է, որ Ռուսաստանն ու Իրանը փոխում են տեղերը: Իսկ որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները Մոսկվայի համար չափազանց շահեկան էին ու լայն բացում էին նավթագազային շուկան նրա առաջ, փաստ է: Բայց դրախտն ավարտվում է, ոչ միայն նավթի գնանկումով, այլև՝ շուկայում մրցակցության մեծացմամբ: Իրանն այս պահին նման է քաղցած որսորդի, որ որսի է դուրս եկել առատ սնունդ ապահովելու իր և իր ընտանիքի համար: Որսի պայմանները քաղցած որսորդի համար խոչընդոտ չեն:

Դիտվել է՝ 1354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ