Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միայն փաստեր և եզրակացություններ

Միայն փաստեր և եզրակացություններ
10.05.2016 | 22:55

Միայն փաստեր


Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը դեռ մշակման փուլում է՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա չի մանրամասնել, թե երբ շրջանառության մեջ կդրվի պայմանագրի նախնական տարբերակը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում սկսված ռազմական գործողություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել էր արտգործնախարարությանը՝ Ղարաբաղի գործընկերների հետ մշակել փոխօգնության պայմանագրի տեքստը: Քննարկումներից հետո նախագիծը պետք է հաստատման ուղարկվի Ազգային ժողով:


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հեռախոսով քննարկել են միջազգային այժմեական հարցեր, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը՝ նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում, Քերին ու Լավրովը քննարկել են ներկա փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը:
Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում դեռ չի ծրագրվում, APA-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Իհարկե, ես, իմ ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերները հակամարտող կողմերին կոչ ենք անում լինել ավելի զուսպ։ Մենք մշտապես կապի մեջ ենք արտգործնախարարների հետ՝ ընդգծելու բանակցությունների կարևորությունը համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու համար», - ասել է նա։ Ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել էր, որ ծրագրում է մայիսին Բրյուսելում հանդիպել համանախագահների հետ։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա, որտեղ կհանդիպի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և այլ պաշտոնյաների հետ:


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ըստ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանի, կայցելի Բաքու։
APA-ն, վկայակոչելով դեսպանին, նշում է, որ Շտայնմայերը Ադրբեջան կայցելի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։
Մայիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, նախատեսված են նրա հանդիպումները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոյի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


Մայիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին ու նրան ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի բանակցային գործընթացին հասցված վնասը, դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցը ռազմական լուծում չունի, և ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունների շուրջ։ Նալբանդյանը շեշտել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։ Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար:


Trend-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությունը: «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցվելու է հակամարտության բազմակողմ կարգավորման համատեքստում: Ոչ մի երկիր չի ճանաչում ԼՂՀ-ն: Հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու համար մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ցուցաբերել բարի կամք և նստել բանակցային սեղանի շուրջ»,- ասել է ԱՄՆ համանախագահը:
Երեկ Հաղթանակի զբոսայգում տոնական միջոցառումների մասնակից ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարը, որ ուղեկցել է ՌԴ դեսպանին, առանց տեսախցիկների լրագրողներին ասել է, թե քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, որեւէ ռուսական զենք չի կարող գնալ Արցախ: Լրատվամիջոցները հրապարակել են, դեսպանատունը չի հերքել:


Կարճ եզրակացություն


Ռազմական բուռն գործողությունների դադարից հետո սկսվել են դիվանագիտական բուռն գործողությունները: Թեպետ Քերին ու Լավրովն ամեն օր հեռախոսում են, փոխադարձ պայմանավորվածությամբ նրանք մնալու են կուլիսներում, բեմը հանձնված է ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիային: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պետք է ապահովի հրադադարի պահպանումը և շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայումը, քանի դեռ Բաքուն չի համաձայնել ԵԱՀԿ այդ պայմաններին, համանախագահները Ադրբեջանի արտգործնախարարի կամ Հայաստանի արտգործնախարարի հետ չեն հանդիպի և տարածաշրջան չեն գա: Բանակցություններից կոնֆլիկտի կողմերը չեն հրաժարվում, բայց այս պայմաններում միմյանց բարևելն էլ խնդիր է, պատահական չէ, որ Մեծ հայրենականում հաղթանակի տոնին Մոսկվա չգնաց ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Իլհամ Ալիևը: Իսկ ռուսական դաշտից լրատվական արտահոսք եղավ, որ Պուտինը կարող է արագ այց կատարել Բաքու: Այս ընթացքում Բաքուն հազիվ թե երկրորդ ագրեսիա սկսի, դա կլինի դիվանագիտական ինքնասպանություն՝ ռազմական խիստ կասկածելի ելքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բաքվի կենտրոնում անհայտ անձինք հայհոյախառն գրություններ են նվիրել Հեյդար Ալիևի արձանի պատվանդանին` նրա ծննդյան օրը: Մակագրություններից մեկն էլ պահանջում է՝ «Կորչի համակարգը»: Եթե սկսել են հայր Ալիևի արձանից, որդի Ալիևի իշխանությանը կհասնե՞ն:

Դիտվել է՝ 2818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ