Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլա Սարկոզի. Կլինի՞ Brexit կամ ոչ՝ եվրոպական նախագիծը հիմնովին պետք է վերակառուցվի

Նիկոլա Սարկոզի. Կլինի՞ Brexit կամ ոչ՝ եվրոպական նախագիծը հիմնովին պետք է վերակառուցվի
18.05.2016 | 11:18

Նիկոլա Սարկոզին՝ Les Républicains (LR, Հանրապետականներ) կուսակցության նախագահը կոչ է անում վերափոխել եվրոպական նախագիծը՝ նոր պայմանագրի ընդունումով՝ գրում են Ալեքսանդր Լեմարիեն, Առնո Լեպարմենտիեն և Թոմա Վիեդերը Le Monde-ում: Նիկոլա Սարկոզին կարծում է, որ Թուրքիայի հետ Եվրամիության համաձայնագիրը հաջողություն անվանել չի կարելի. «Չշփոթենք կոնյունկտուրայինը կառուցվածքայինի հետ: Սիրիայի կործանումը հրահրում է բնակչության արտահոսքը Եվրոպա: Ավելին՝ Աֆրիկայի բնակչությունը առաջիկա 30 տարում կկրկնապատկվի: Սխալ կլիներ մտածել, որ Թուրքիան կարող է երկար ժամանակ կարգավորել ու լուծել այս խնդիրները: Կարո՞ղ է Եվրոպան հույս դնել թուրքական իշխանությունների վրա, որ ավելի ու ավելի են գլորվում ավտորիտարիզմի գիրկը: Ես այդպես չեմ կարծում»: Պատասխանելով հարցին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր միգրացիոն քաղաքականության մեջ չի՞ սխալվել, Նիկոլա Սարկոզին ասել է. «Ներկա Եվրոպայի ամենագլխավոր խնդիրը առաջնորդի լիակատար բացակայությունն է: Ես կարծում էի, որ առաջատար կարող են դառնալ 5-6 երկրներ: Բայց շատ արագ հասկացա, որ դա չի ստացվում՝ ալյանս է պետք Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև: Այդ պատճառով ես չեմ քննադատի Մերկելին ու գերմանական քաղաքականությունը: Բայց ինձ շոկի մատնեց, որ Մերկելը մենակ էր բանակցում թուրքական կառավարության հետ: Որտե՞ղ էր Օլանդը: Ֆրանսիան ո՞ւր էր: Երբ Բարաք Օբաման գալիս է Եվրոպա, հանդիպում է Գերմանիայի կանցլերի հետ Միացյալ Թագավորությունում կանգառից հետո: Ֆրանսիան անհետացե՞լ է դիվանագիտական քարտեզից: Ինչ ստորացում: Ինձ ավելի տագնապում է ոչ թե Անգելա Մերկելի առաջատարությունը, այլ պարոն Օլանդի ինքնամեկուսացումը»:


Սարկոզիին անհանգստացնում է Ավստրիայի իրավիճակը: Վիեննան մեկ հարյուրամյակ Եվրոպայի մշակութային կենտրոնն էր: Ինչո՞ւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ծայրահեղ աջը պիտի դիմակայի բնապահպանին:

«Ավստրիան վճարում է մեծ կոալիցիաների ձախողման համար, որ այդքան դուր էին գալիս էլիտաներին»՝ վստահ է Ֆրանսիայի նախկին նախագահը: Նա լիակատար անտեղյակ է ժողովրդավարության այն մեխանիզմներից, որ պահանջում են ակտիվ և, երբեմն, ճակատային քննարկումներ: «Ֆրանսիայում արդեն 25 տարի անհնար է քննարկել էմիգրացիայի հարցը՝ առանց ռասիստ հռչակվելու, իսլամը՝ իսլամաֆոբ չհայտարարվելով, Եվրոպան՝ եվրաֆոբ: Ինչ կատարվում է Ավստրիայում, կարող է կատարվել և Ֆրանսիայում»՝ մատնանշել է Սարկոզին: Նա կարծում է, որ Հունգարիան ու Լեհաստանը կոմունիստական 50 տարվա ճնշումից հետո դարձել են իսկական ժողովրդավարություններ: Նրանք նույնպես բախվում են ներկա գլխավոր պրոբլեմին, քանի որ Եվրամիության սահման լինելով՝ բացառիկ ուժեղ ճնշման տակ են: Շենգենի ձախողումը նախ և առաջ նրանց է ճնշում: Brexit-ի մասին Սարկոզին ասել է, որ այդ հարցի շուրջ քննարկումները հնարավորություն են տալիս վերանայելու Եվրոպայի հիմքը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հիպոթետիկ դուրս գալը բոլոր երկրներին է անհանգստացնում: «Ես ամբողջությամբ դեմ եմ Միացյալ Թագավորության ԵՄ-ից դուրս գալուն: Վատագույն տարբերակը կլինի իրագործված Brexit-ը և Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին՝ դա կդառնա ամենամեծ սխալը: Բայց Մեծ Բրիտանիան դուրս կգա, թե ոչ, բոլոր դեպքերում անհրաժեշտ է խորապես վերաիմաստավորել եվրոպական նախագիծը, և դա կլինի շնորհիվ համաձայնագրի, որը պիտի նախաձեռնի Ֆրանսիան՝ սկսած 2017-ի ամռանից»՝ ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը: Նա գերակա է համարում Շենգեն-2-ի հիմքերը դնել, քանի որ Շենգեն-1-ը «հանգեաւ ի Տեր»:

Սարկոզին առաջարկում է ստեղծել Շենգենյան կառավարություն ԵՄ անդամների ներքին գործերի նախարարներից մշտական նախագահով, ում պիտի ենթարկվի Frontex գործակալությունը: Միգրացիոն հարցի լուծումը քաղաքական, այլ ոչ թե վարչական հարթության մեջ է՝ վստահ է Սարկոզին: Նա առաջարկում է արգելել Եվրոպայում եվրոպական երկրների ոչ քաղաքացիների ազատ տեղաշարժը, քանի դեռ չկա Շենգեն-2-ը: «Շենգեն-2-ին միանալը ենթադրում է ընդհանուր միգրացիոն քաղաքականության մշակում և սոցիալական վճարների ներդաշնակեցում ապաստան ստացողներին՝ թույլ չտալու «սոցիալական զբոսաշրջություն»՝ կարծում է Սարկոզին: Նա բերում է Մեծ Բրիտանիայի օրինակը և ապագայում Գերմանիայի, որ մտադիր են էմիգրանտներին նպաստներ վճարել փախստականի կարգավիճակ ստանալուց հինգ տարի հետո: Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա երկրների ցանկ, որոնց քաղաքացիներին սկզբունքորեն ապաստան չի տրվում: «Միայն այդպիսի ներդաշնակեցումից հետո մենք կարող ենք Եվրոպայում ներքին սահմաններ չունենալ»` վստահ է Սարկոզին: Նա նշել է պատճառը՝ ինչու չի ընդունում Թուրքիայի հետ համաձայնագիրը. «Վիզաները չեղարկելը ներկա իրավիճակում և անդամակցության բանակցությունների վերսկսումը՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հարձակումը հասարակական ազատությունների վրա, անպատասխանատու քայլ է»:


«Եվրոպան ձեռքբերում է, շանս է: Անկասկած, ներկա Եվրոպան այն չէ, ինչ մենք ուզում էինք տեսնել, այդ պատճառով պետք է վերակառուցել: Ես եվրոպացի եմ և մնալու եմ եվրոպացի»՝ ասել է Նիկոլա Սարկոզին:
Ալեքսանդր ԼԵՄԱՐԻԵ, Առնո ԼԵՊԱՐՄԵՆՏԻԵ, Թոմա ՎԻԵԴԵՐ, Le Monde


Հ.Գ. Իսկ մենք եվրոպացիներից արագ ու հասցեական քայլեր ենք ակնկալում՝ մեր հարցերում: Նրանք իրենց հարցերում լավ խառն են և ակնհայտորեն Եվրոպայում իշխանափոխություն է հասունանում՝ սոցհարցումները Անգելա Մերկելին վերընտրվելու հույս չեն տալիս, ոչ էլ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը, որ կոալիցիայի կորիզն է: Ֆրանսիայում հայտնի չէ՝ ո՞վ կգա իշխանության, կվերադառնա՞ Նիկոլա Սարկոզին, թե՞ Մարին Լե Պենը կգա ազգայնականության ալիքի վրա, կմնա՞ Ֆրանսուա Օլանդը: ՈՒ՞մ նոյեմբերին ԱՄՆ-ը նախագահ կընտրի՝ Տրամպի՞ն, թե՞ Քլինթոնին: Եվ վերջապես՝ ի՞նչ կլինի 2018-ին Ռուսաստանում՝ Պուտին՝ հավերժ նախագա՞հ: Աշխարհում փոփոխություններն անկասելի են և դա է միակ անփոփոխը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ